Գլխավոր Լրահոս

Արթուր Ալեքսանյանը և Ֆարուխ Զաքիրովը «հրաշք» դեղամիջոց չեն գովազդում

Արթուր Ալեքսանյանը և Ֆարուխ Զաքիրովը «հրաշք» դեղամիջոց չեն գովազդում

Սոցցանցերում տարածվում են տեսանյութեր՝ իբրև Հանրայինի «Լուրերի»  թողարկումից հատվածներ, որոնք ներկայացնում են սկանդալային բացահայտումներ «հրաշք դեղամիջոցի» մասին։  

Տեսանյութերից մեկը հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ է, որում նա պատմում է իրեն «փրկած դեղամիջոցի» մասին։ 

Էկրանապատկերը՝ տարածվող կեղծ տեսանյութից
Էկրանապատկերը՝ տարածվող կեղծ տեսանյութից

Տարածվող մեկ այլ տեսանյութում էլ «Լուրերի» մեկնաբանը ներկայացնում է ազգությամբ ուզբեկ երգիչ Ֆարուխ Զաքիրովին, որը ևս պատմում է նույն «հրաշք» դեղամիջոցի մասին։

Իրականում երկու տեսանյութերն ու ներկայացված պատմությունները կեղծ են։ Դրանք ստեղծվել են արհեստական բանականության գործիքներով՝ օգտագործելով հայտնի դեմքերի ու լրատվամիջոցների կերպարները։ Իսկ նպատակը ոչ վստահելի դեղամիջոցների վաճառքն է։

Ի՞նչ են պատմում տեսանյութերում

Ինչպես նշեցինք, տեսանյութում օգտագործվել են Հանրայինի «Լուրեր» թողարկումից կադրեր, որոնցում հաղորդավար Լիլիթ Աղբալյանը ռուսերենով ներկայացնում է միջադեպ, թե «հրաշք» դեղամիջոցի արգելքը զայրացրել է ըմբիշին ու երգչին։ Այնուհետև «խոսում են» Ալեքսանյանը և Զաքիրովը, որոնք պատմում են դեղամիջոցի «հրաշագործ» ազդեցության մասին։

«Ես միլիոնավոր դրամներ ծախսեցի առանց որևէ արդյունքի [...]։ Հիմա ես բացահայտ խոսում եմ նրանց դեմ, որոնք փորձում են արգելել նրա բուժումը։ Այդ մարդը բառացիորեն դուրս հանեց ինձ հաշմանդամի սայլակից»,- տեսանյութում իբրև ռուսերեն ասում է Արթուր Ալեքսանյանը։

Տեսանյութերի սկզբնաղբյուրները

«Լուրերի» թողարկման հատվածներից մեկը վերցված է, ենթադրաբար, 2025-ի օգոստոսի 7-ի եթերից, մյուսը՝ օգոստոսի 2-ի։ Երկու թողարկումներում էլ հաղորդավար Լիլիթ Աղբալյանը նման պատմություններ ու սկանդալային բացահայտումներ չի արել։   

Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ իրական տեսանյութը հրապարակվել է 2021-ին։ Տեսանյութում նա խոսում է 44-օրյա պատերազմից հետո մրցույթներին ավելի մեծ պատասխանատվությամբ մասնակցելու և հաղթանակներ տանելու կարևորության մասին։

Ֆարուխ Զաքիրովի իրական տեսանյութը ևս բոլորովին այլ թեմայով է։ Այն վերցված է 2023-ին հրապարակված «Տետ-ա-տետ» հաղորդումից, որտեղ երգիչը պատմում է իր ղեկավարած վոկալ-գործիքային անսամբլի գործունեության մասին։

Տարածվող կեղծ տեսանյութերը մշակվել են, և դրանցում ավելացվել են արհեստական բանականությամբ կրկնօրինակված ձայնն ու պատկերը։

Կեղծ կայքերն ու դրանց նպատակը

Երկու դեպքում էլ տեսանյութի մասնակիցների տեքստը գրեթե նույնաբովանդակ է։ Իսկ ֆեյսբուքյան գրառումը, որին կցված է տեսանյութը, տանում է site-karmelio.life և am.healtheavan.online անվանումով կայքեր։ 

Արթուր Ալեքսանյանի տեսանյութին կցված am.healtheavan.online կայքում դեղամիջոցը ներկայացնում է հայտնի կարդիովիրաբույժ Բագրատ Ալեքյանը։ Սա առաջին դեպքը չէ, որ հայտնի բժշկի կերպարն օգտագործվում է կասկածելի դեղամիջոցներ վաճառելու նպատակով։ Ամիսներ առաջ կեղծ կայքերը պնդում էին, թե նա ստեղծել է մեջքի ցավերը բուժող «Սուստավ պրո» դեղամիջոցը։ 

Մինչդեռ, #CivilNetCheck-ը պարզել էր, որ Ալեքյանի մասնակցությամբ տեսանյութը կեղծ է, իսկ գովազդվող դեղամիջոցը վաճառվում է տարբեր օնլայն հարթակներում՝ ավելի ցածր գնով։

Էկրանապատկերը՝ am.healtheavan.online կեղծ կայքից

Իսկ ուզբեկ երգիչ Ֆարուխ Զաքիրովի տեսանյութին կցված site-karmelio.life կայքը նմանակում է «Սպուտնիկ Արմենիա» լրատվամիջոցը։ Սակայն կայքը մանրամասն ուսումնասիրելով, դոմեյնն ու բաժինները ստուգելով՝ պարզ է դառնում, որ այն կեղծ է և որևէ կապ չունի «Սպուտնիկ Արմենիայի» հետ։

Էկրանապատկերում՝ «Սպուտնիկ Արմենիային»  նմանակող կայքն ու լրատվամիջոցի իրական կայքը

Երկու կայքերում էլ գովազդվում է «Imosteon» դեղամիջոցը։ Առաջարկվում է մասնակցել խաղարկության և այն ձեռք բերել «զեղչված» գնով՝ 32,000 դրամի փոխարեն 16,000 դրամով։

Էկրանապատկերը՝ site-karmelio.life կայքից

«Հրաշք» դեղամիջոցը ազատ վաճառվում է՝ ավելի էժան գնով 

Կայքերում նշվում է, թե դեղամիջոցի հասանելի փաթեթների քանակը սահմանափակ է և օգտատիրոջը տրվում է ընդամենը մի քանի րոպե՝ զեղչից օգտվելու համար։ Այս հնարքով փորձում են դրդել արագ պատվիրել դեղամիջոցը։

Մինչդեռ, նույն «Imosteon» քսուքը համացանցում վաճառվում է անհամեմատ ավելի էժան։

Էկրանապատկերը՝ wildberries.am-ից

Նշվում է, որ սա բնական միջոց է և  կիրառվում է հոդացավերի, հյուսվածքների քայքայման և աղային նստվածքների դեմ։ Իսկ արտադրողը ռուսական «Սաշերա-Մեդ» (Сашера-МЕД) ընկերությունն է։

Այսպիսով, տարածվող տեսանյութերը կեղծ են։ Դրանք արհեստական բանականությամբ մոնտաժված կադրեր են, որտեղ օգտագործվում են հայտնի մարդկանց կերպարներն ու լրատվամիջոցների անվանումները։ Նպատակը նույնն է՝ վաճառել մատչելի, բայց կասկածելի դեղամիջոցները՝ ներկայացնելով դրանք որպես հրաշագործ և թանկարժեք:

Տես նաև՝

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում