Հայկ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում է արհեստական բանականությամբ ստեղծված գովազդային տեսանյութ, որում ռուս անվանի սրտաբան Ալեքսանդր Մյասնիկովի կերպարն օգտագործվում է մակաբույծների դեմ կասկածելի միջոցի վաճառքի համար։
Դիփֆեյք տեխնոլոգիայով պատրաստված նյութը խոստանում է ընդամենը 10 շաբաթում «ազատել բոլոր վարակներից»։
Դավադրապաշտական բովանդակությամբ տեսանյութում պնդվում է, թե համաշխարհային բժշկական հանրությունն ու դեղագործական կորպորացիաները միտումնավոր թաքցնում են մակաբույծային վարակների վտանգավորության մասին տեղեկատվությունը։
Օգոստոսի 18-ին գործարկված գովազդային արշավից մեկ գրառում արդեն իսկ հավաքել է մոտ 230 հազար դիտում և գերազանցել 2200 «հավանումների» շեմը։
Սոցցանցերում տարածվող արխիվացված կեղծ տեսանյութը։
Նոր տեխնոլոգիաներ՝ հայկական լսարանի թիրախավորման համար
Զեղծարարների ռազմավարությունը փոփոխվել է. եթե նախկինում նմանատիպ խարդախությունները հիմնականում ռուսերեն էին, ապա այժմ հայկական լսարանը թիրախավորվում է նաև հայերեն լեզվով։ Արհեստական բանականության օգնությամբ գեներացված հայերեն խոսքը համաժամանակեցված է բժշկի շուրթերի շարժի հետ` տպավորություն ստեղծելով, թե տեսանյութն իրական է։
Կեղծ տեսանյութում հնչեցվում են անհիմն պնդումներ, թե Հայաստանի բնակչության կեսը վարակված է մակաբույծներով և պապիլոմաներից մինչև քրոնիկական հոգնածությունն ու ավելորդ քաշը՝ բոլորը դրանց հետևանք են։ Ավանդական բժշկությունը մեղադրվում է «հիվանդների տառապանքից» շահույթ քաղելու մեջ։
Իրականում տեսանյութում օգտագործված կադրերը վերցրված են 2017-ի հոկտեմբերին հրապարակված տեսագրությունից, երբ Մյասնիկովը Ռուսաստանի Աբական քաղաքի բնակիչներին տեղեկացնում էր սպասվող հանդիպման մասին։ Բնօրինակ նյութը ոչ մի կապ չունի Հայաստանի կամ մակաբույծային հիվանդությունների հետ։
Tert.am-ին նմանակող կեղծ կայքը և «Gelminol» հրաշքը
Խարդախները կողմից պատրաստված դիփֆեյք տեսանյութը տարածվում է «Medical CIS» անունով ֆեյսբուքյան էջից, որը ստեղծվել է 2025-ի հուլիսին և, ըստ պաշտոնական տվյալների, կառավարվում է Ուկրաինայից։ Էջը միաժամանակ տասնյակ ակտիվ գովազդներ է գործարկել Հայաստանի և Վրաստանի օգտատերերի շրջանում՝ երկու երկրներում էլ շահարկելով Մյասնիկովի անունը։Գովազդային հղումները վերահասցեավորում են europe.health-and-med.com կայք, որը մանրամասն վերարտադրում է Tert.am լրատվական կայքի դիզայնը՝ հայաստանցի այցելուների վստահությունը շահելու նպատակով։

Կայքում տեղադրված «բացահայտող հոդվածը» Մյասնիկովին ներկայացնում է որպես «ԱՊՀ գլխավոր պարազիտոլոգ» և պարունակում է ցնցող «փաստեր»՝ մասնավորապես, թե Հայաստանում տարեկան 1.5 միլիոն մարդ է մահանում մակաբույծներից։ Երկու տարի առաջ գրանցված այս կայքի իրական սեփականատերերը մնում են անհայտ։
Որպես «միակ լուծում»՝ առաջարկվում է 16.000 դրամով ձեռք բերել «Gelminol» դեղամիջոցը, որն իբր մշակվել է Հայաստանի մոլեկուլային կենսաբանության կենտրոնում և ստացել միջազգային մրցանակներ: Այս պնդումները անհիմն են և հորինված։

«Gelminol»-ը դեղամիջոց չէ, այլ կենսաակտիվ հավելում (БАД), որի արտադրողը ռուսական «Сашера-Мед» ընկերությունն է։ Քանի որ այն գրանցված դեղամիջոց չէ, չի անցել կլինիկական խիստ փորձարկումներ՝ արդյունավետությունն ու անվտանգությունն ապացուցելու համար։
Կայքում օգտագործվում են խարդախության դասական հնարքներ՝ կեղծ հաճախորդների կարծիքներ և «սահմանափակ զեղչեր»՝ օգտատերերին դրդելով հրատապ պատվիրել միջոցը 16.000 դրամով։ Այնինչ իրականում առցանց առևտրիհարթակներում այն արժե մոտ 2000 դրամ։

Ուշագրավ է, որ դեռևս 2018-ին Մյասնիկովը զգուշացրել էր իր անունից առցանց վաճառվող դեղամիջոցների հնարավոր մահացու վտանգավորության մասին։
CivilNetCheck











