Հայկ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերում վերջին օրերին ծավալվել է հայաստանցի օգտատերերին թիրախավորող ֆինանսական խարդախության նոր ալիք։ Գովազդային գրառումների միջոցով տարածվում են արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ տեսանյութեր՝ դիփֆեյքեր, որոնցում հայ հաղորդավարների և հայտնի անձանց կերպարներն ու ձայները օգտագործվում են օգտատերերին մոլորեցնելու համար։
Facebook-ում և Instagram-ում նորաստեղծ կեղծ էջերով գովազդվող տեսանյութերում հայաստանյան լրատվամիջոցների հաղորդավարների դիփֆեյքերը ներկայացնում են «սենսացիոն» լուրեր։ Դրանցում համաշխարհային աստղերն ու հայտնի անձինք՝ Իլոն Մասկը, Կրիշտիանո Ռոնալդուն, գործարար Սամվել Կարապետյանը և այլք, իբր գովազդում են բջջային հավելվածներ՝ խոստանալով հեշտ և արագ եկամուտ։
Դիփֆեյք լրատվական թողարկումներ
Տեսանյութերից մեկում հաղորդավար Պետրոս Ղազարյանի կեղծված ձայնը հայտնում է, թե իբր ամերիկացի գործարար Իլոն Մասկը «Chicko Win» հավելվածի միջոցով հատկացրել է 800 միլիոն եվրո՝ Եվրոպայում ապրող յուրաքանչյուր հայի 7000 եվրո օգնություն տրամադրելու համար։
Տեսանյութում այնուհետև հայտնվում է Իլոն Մասկի դիփֆեյքը, որն անգլերենով գեներացված ձայնով կոչ է անում ներբեռնել հավելվածը և հաշիվը 20 եվրոյով լիցքավորելուց հետո անմիջապես ստանալ խոստացված 7000 եվրոն։
Որպես «ապացույց» տեսանյութում ներկայացվում է նաև հայ աղջկա սինթեզված ձայնով ելույթ, որտեղ նա կիսվում է իր «հաջողության» պատմությամբ. «Ես միգրանտ եմ Հայաստանից և աշխատում եմ գործարանում։ Երեկ գործընկերս ցույց տվեց ինձ այս հավելվածը [...] և ընդամենը կես ժամ խաղալուց հետո շահեցի 700,000 եվրո»։
Այլ համանման տեսանյութերում օգտագործվել են Հանրային հեռուստաընկերության այլ հաղորդավարների դիփֆեյքեր, որոնք նույնպես պատմում են «սենսացիոն Chicken Road» հավելվածի մասին։ Մի դեպքում հայուհի ծննդկանը, իսկ մեկ այլ պատմությունում բուժքույրը իբր մի քանի միլիոն եվրո են շահել պորտուգալացի ֆուտբոլիստ «Կրիշտիանո Ռոնալդուի ստեղծած բջջային հավելվածում»։
Այնուհետև տեսանյութերում Ռոնալդուի կեղծված ձայնով կերպարն անգլերենով կոչ է անում ներբեռնել հավելվածը և 20 դոլար ներդնելու դիմաց ստանալ 4000 եվրո բոնուս։ Տեսանյութի վերջում հաղորդավարուհու կեղծված ձայնը զգուշացնում է, որ «հավելվածը հասանելի կլինի ևս 48 ժամ»։
Զեղծարարները բոլոր դեպքերում կիրառում են նույն մարտավարությունը. կեղծ տեսանյութերը սկսվում են հայաստանյան լրատվամիջոցների լրատվական թողարկումներից վերցված կադրերով։ Հաղորդավարների կրկնօրինակված ձայներով ռեպորտաժներում ներկայացվում է իբրև թե բացառիկ ֆինանսական հնարավորություն՝ հատուկ հայերի համար։
Նոր ալիքը՝ ավելի որակյալ կեղծիքներով
Խարդախության այս նոր ալիքը նախկինում տարածված կեղծիքներից տարբերվում է հայերենով որակյալ սինթեզված ձայների կիրառմամբ՝ տեսանյութերն օգտատերերի համար ավելի համոզիչ դարձնելով։ Բոլոր դեպքերում գովազդվում են «Chicko Win» կամ «Chicken Road» անուններով կեղծ խաղային հավելվածները, որոնց հղումները տանում են Play Market-ին կամ App Store-ին նմանակող կայքեր։
Հավելվածները ներբեռնելուց հետո օգտատերերը հայտնվում են առցանց կազինոներ հիշեցնող հարթակներում։ Կարճ խաղից հետո համակարգը պահանջում է մուտքագրել բանկային քարտի տվյալներ և կատարել նախնական վճարում, որից հետո գումարները պարզապես հափշտակվում են։

Իրական դեմքեր, կեղծ պատմություններ
Զեղծարարները մանրակրկիտ մոնտաժել են հանրային դեմքերի իրական տեսանյութերը՝ դրանց վրա դնելով կեղծ ձայներ։ Առաջին տեսանյութում հաղորդավար Պետրոս Ղազարյանի կադրերը վերցված են նրա «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարից, իսկ Իլոն Մասկի տեսանյութը՝ 2025-ի մայիսին հրապարակված՝ Microsoft-ի տնօրենի հետ արհեստական բանականության մասին ունեցած քննարկումից։ Հավելվածով իբր գումար «շահած» հայ աղջիկն իրականում հայազգի բլոգեր Աստղիկ Գևորգյանն է, որի ինստագրամյան էջում նման տեսանյութ՝ խոշոր շահումի մասին պատմությամբ, առկա չէ։
Ռոնալդուի կադրերը վերցված են 2025-ի մայիսին հրապարակված նրա հարցազրույցից, որը նա տվել էր մարզական տեխնոլոգիաներ արտադրող WHOOP ընկերության հետ համագործակցության շրջանակում։ Կեղծ տեսանյութերից մեկում հավելվածով «վիրահատության ընթացքում միլլիոններ» շահած բուժքույրն իրականում ռուսաստանցի վիրաբույժ Ալիսա Պացյուկն է, իսկ կադրերը վերցված են ռուսական կլինիկաներից մեկի մասին պատմող երկու տարվա վաղեմության տեսանյութից։
Երրորդ դիփֆեյքում թիրախավորվել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, ներկայում կալանավորված Սամվել Կարապետյանը։ Տեսանյութում 1in.am-ի հաղորդավար Սիրանույշ Պապյանի կեղծված ձայնով ներկայացվում է, թե իբր Կարապետյանը հայտարարել է, որ ի հեճուկս իր ձերբակալության և ՀՀ իշխանությունների, հայերին հնարավորություն է տալիս վաստակելու «փակ հարթակի» միջոցով»։
Կարապետյանի կերպարով տեսանյութի համար օգտագործվել են 2021-ի սեպտեմբերին հրապարակված հարցազրույցի կադրեր, որտեղ նա խոսում էր Հայ գործարարների ասոցիացիայի գործունեության, այլ ոչ թե ֆինանսական հարթակի կամ իշխանություններին ուղղված հայտարարության մասին։
Հայաստանի ներքին գործերի նախարարության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը պաշտոնապես զգուշացրել է քաղաքացիներին՝ զերծ մնալ անհայտ աղբյուրներից հավելվածներ ներբեռնելուց և օգտվել բացառապես App Store-ի և Play Market-ի պաշտոնական հարթակներից։
Տես՝ «Chicken Road» հավելված․ հայտնիների անուններով քողարկված խարդախություն
#CivilNetCheck-ի հետ զրույցում վարչության պետ Հայկ Մկրտչյանը պարզաբանել է, որ այս դեպքում հանցագործները կիրառում են երկակի մարտավարություն, սակայն բոլոր դեպքերում նպատակը մեկն է՝ հափշտակություն։
«Մի դեպքում գովազդվում է կազինոատիպ կայքէջ՝ հետագայում դրա միջոցով գումարներ հափշտակելու համար, մյուս դեպքում տրամադրվում է վնասաբեր ծրագիր»,– նշել է Մկրտչյանը:
CivilNetCheck











