Հայկ Հովհաննիսյան
Սոցցանցերում տարածվում է կեղծ տեսանյութ, որում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիփֆեյքը գովազդում է կասկածելի ներդրումային հարթակ և խոստանում հսկայական եկամուտներ՝ օրական ընդամենը մեկ ժամ աշխատելու դիմաց։
Տեսանյութում Փաշինյանի կեղծված ձայնը ռուսերենով պատմում է գաղտնի ներդրումային ծրագրի մասին, որն իբր թույլ է տալիս օրական հազարավոր դոլարներ վաստակել։ Ավելին՝ Փաշինյանի դիփֆեյքը նաև հայտնում է, թե անձամբ ներդրել է ավելի քան 10,000 դոլար և ամսական զգալի գումարներ է վաստակում։
Կեղծիքն առավել համոզիչ դարձնելու համար տեսանյութում ներառվել են նաև Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի և Euronews-ի լրագրող Անելիս Բորխեսի կեղծված ձայներով կերպարները, որոնք ևս «հաստատում են» ծրագրի անհավանական եկամտաբերությունը։
Ինչպես է ստեղծվել կեղծ տեսանյութը
Դիփֆեյք տեսանյութի ստեղծման համար զեղծարարները օգտագործել են վարչապետ Փաշինյանի՝ 2023-ի օգոստոսի 1-ին Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցի կադրերը։ Բնօրինակ հարցազրույցում, սակայն, քննարկվում էին ոչ թե ներդրումային հնարավորություններ, այլ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Ադրբեջանի կողմից այն ժամանակ ստեղծված հումանիտար ճգնաժամը։
Արհեստական բանականության միջոցով զեղծարարներն ամբողջությամբ փոփոխել են բնօրինակ ձայնը և համապատասխանեցրել շուրթերի շարժումները՝ ստեղծելով կեղծ տեսանյութ։ Իրականում, որևէ ներդրումային հարթակի միջոցով հարստանալու հնարավորության մասին այս կամ այլ հարցազրույցում կամ հրապարակային ելույթում Փաշինյանը երբեք չի հայտնել։
Նույն կերպ խարդախները օգտագործել են նաև Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարից կադրեր՝ հաղորդավար Պետրոս Ղազարյանի մասնակցությամբ։
«Boost-reaction»՝ հերթական խարդախության թակարդ
Տեսանյութին կից հղումը օգտատերերին տանում է Narivolento[.]com հասցեով կայք, որը ներկայանում է որպես «Boost-reaction» անվանումով ավտոմատացված ներդրումային բոտ։ Կայքը մշակված է գեոթարգեթինգի սկզբունքով, ինչը նշանակում է, որ այն հայկական IP հասցեներով օգտատերերին ցուցադրում է հատուկ նրանց համար նախատեսված էջ։
Համաձայն WHOIS տվյալների, կայքը ստեղծվել է բոլորովին վերջերս՝ 2025-ի սեպտեմբերի 10-ին, իսկ սեփականատիրոջ տվյալները թաքցված են, ինչը բնորոշ է խարդախ սխեմաներով գործող կայքերին։

Այստեղ հավաստիացնում են, որ վաստակել սկսելու համար «փորձառություն չի պահանջվում», ծրագիրը իբր «անվճար է», և «բոլորը վաստակում են օրական նվազագույնը 1000 դոլար»։ Սակայն ծրագրից օգտվել սկսելու համար պահանջվում է կատարել 250 դոլարի նվազագույն ներդրում, որն իբր «կվերադարձվի առաջին իսկ օրը»։

Կայքում օգտահաշիվ գրանցելու և վաստակել սկսելու հնարավորություն չկա։ Իրականում կայքի հիմնական նպատակը հնարավոր զոհերի անձնական տվյալների՝ անուն, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե, հավաքագրումն է։ Կայքում տվյալները լրացնելուց հետո զոհերի հետ կապ են հաստատում կեղծ բրոքերները, որոնք փորձում են համոզել նրանց փոխանցել գումարներ «հարթկաի օգտահաշիվը» համալրելու համար։ Փոխանցելուց հետո զեղծարարները պարզապես անհետանում են։
Նմանատիպ խարդախություն Փաշինյանի դիփֆեյքով տարածվել էր նաև ամիսներ առաջ՝ 2025-ի հունիսին։ Այն ժամանակ վարչապետի կերպարով կեղծ տեսանյութում հայաստանցիներին մեծ եկամուտ էր խոստացվում «Shell Invest» անվամբ հարթակի միջոցով։
Տես՝ «Փաշինյանի դիփֆեյքով խարդախություն․ սոցցանցերում կեղծ տեսանյութ է շրջանառվում»
Հարկ է նշել, որ նմանատիպ ֆինանսական խարդախությունների համար նախկինում ևս օգտագործվել են հայտնի քաղաքական և հասարակական գործիչների դիփֆեյքեր։ Վերջին տարիներին զեղծարարներն օգտագործել են Ռուբեն Վարդանյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի և այլ հայտնի անձանց կերպարները՝ քաղաքացիներից գումար կորզելու նպատակով։
Այսպիսով, վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ տարածվող ներդրումային հարթակի գովազդային տեսանյութը կեղծ է և հանդիսանում է ֆինանսական խարդախության փորձ։
Կարդացեք նաև՝ «Ավելի համոզիչ, ավելի վտանգավոր․ հայերեն դիփֆեյքերի նոր ալիք»
CivilNetCheck











