Գլխավոր Լրահոս

Ռուսաստանից կառավարվող ինստագրամյան էջը տարածում է ԱԲ-ով ստեղծված կեղծ լուրեր Հայաստանի վերաբերյալ

Ռուսաստանից կառավարվող ինստագրամյան էջը տարածում է ԱԲ-ով ստեղծված կեղծ լուրեր Հայաստանի վերաբերյալ

Սոցցանցերում վերջերս նկատելիորեն ավելացել են արհեստական բանականությամբ (ԱԲ) ստեղծված կամ խմբագրված քաղաքական բովանդակությամբ կարճ տեսանյութերը (reels), ինչպես նաև կեղծ լուրեր և կիսաճշմարտություններ տարածող էջերը։ Այսպիսի հրապարակումները հաճախ իրական են թվում, ինչի պատճառով օգտատերերը զարմանք և վրդովմունք են հայտնում։

Ինստագրամում վերջին ամիսներին ակտիվացել է ar_medianews էջը, որը, օրինակ, հրապարակել է ԱԲ-ով ստեղծված տեսանյութ, ըստ որի՝ Երևանում իբր կառուցվում է մզկիթ՝ Ադրբեջանի ֆինանսավորմամբ։

ar_medianews-ի մեկ այլ տեսանյութում էլ պնդվում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ անցկացված «Քաղաքացիական պայմանագրի» փակ հանդիպման ընթացքում քննարկվել է միասեռ ամուսնությունների օրինականացման և նրանց որդեգրման իրավունք տալու հարցը։

Մինչդեռ այս պնդումները կեղծ են։

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է այս ինստագրամյան էջի գործունեությունը։

Միասեռ ամուսնություններից մինչև օտարերկրյա գործակալ աղունիկներ․ ի՞նչ է հրապարակվում էջում

Միասեռ ամուսնությունների օրինականացման մասին տեսանյութում նշվում է, թե քննարկումը եղել է «խիստ գաղտնի», սակայն առաջացրել է մեծ արձագանք հանրության շրջանում։

«Այս լուրն արդեն առաջացրել է բուռն էմոցիաներ հասարակության շրջանում։ Եկեղեցին բացարձակ դեմ է։ Այդ պատճառով այն ենթարկվել է հարձակումների Փաշինյանի կողմից»,- ռուսերենով և ռուսերեն ենթագրերով ասվում է տեսանյութում։ 

Սակայն նմանատիպ նախագծի վերաբերյալ որևէ արտահոսք կամ հասարակական լայն քննարկում չի եղել։ Տեսանյութում ներկայացված պնդումները ամբողջությամբ հորինված են։

Տարածվող մեկ այլ տեսանյութում ասվում է. «Եթե ձեր մայրաքաղաքում հանկարծ մզկիթ է հայտնվել, նշանակում է դուք ապրում եք Հայաստանում 2025-ին։ Երևանի սրտում սկսվել է նոր մզկիթի կառուցումը, որը ֆինանսավորվում է Ադրբեջանի կողմից»։ 

Այնուհետև նշվում է, որ տեղեկությունը դժգոհությունների ալիք է բարձրացել Հայաստանում։ Այս դեպքում տեսանյութի նկարագրության պիտակներում (hashtag) օգտագործվել է «հումոր» բառը, ինչը սակայն անմիջապես տեսանելի չէ, և որոշ օգտատերեր հրապարակումը ընդունել են որպես իրական։

Այս պնդումը ևս հորինված է. Հայաստանում մզկիթի կառուցման աշխատանք ներկայում չի իրականացվում՝ առավել ևս Ադրբեջանի ֆինանսավորմամբ։

Տեսանյութերի բովանդակությունը հաճախ միաժամանակ հումորային և աբսուրդային է։

Օրինակ՝ դրանցից մեկում պնդվում է, թե Նիկոլ Փաշինյանը Երևանի աղունիկներին մեղադրել է համակարգված սաբոտաժի և օտարերկրյա գործակալ լինելու մեջ։ Ըստ տեսանյութի՝ «լուծումը»  արծիվների ջոկատներն են, որոնք պետք է հսկեն կենտրոնական հրապարակները։

ԱԲ-ով ստեղծված կամ խմբագրված տեսանյութեր

ar_medianews էջում գերակշռում է ԱԲ-ով ստեղծված բովանդակությունը՝ ծաղրական կամ խուճապային երանգներով։ Հիմնականում թիրախավորում է վարչապետ Փաշինյանին։

ԱԲ-ով ստեղծված տեսանյութերի նկարագրություններում հաճախ օգտագործվում է «հումոր» պիտակը (hashtag), սակայն չի նշվում, որ դրանք ստեղծվել են արհեստական բանականության միջոցով։ Այդուհանդերձ, օգտատերերի մի մասը տարածվող տեղեկությունը ընդունում են որպես իրական՝ թողնելով մեկնաբանություններ։

Էկրանապատկերը՝ ar_medianews ինստագրամյան էջից

Էջում միաժամանակ դրական լույսի ներքո է ներկայացվում «Տաշիր» խմբի ղեկավար, ներկայում կալանավորված գործարար Սամվել Կարապետյանը, ինչպես նաև «Մեր ձևով» շարժումը։

Բացի այդ, էջը պարբերաբար հրապարակում է խմբագրված տեսանյութեր՝ Նիկոլ Փաշինյանի և իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Օրինակ՝ մեկում Փաշինյանը, որը վերջին շրջանում հաճախ է հրապարակում մատներով «սիրտ» ցույց տվող կադրեր, ներկայացվում է Թուրքիայի դրոշի ֆոնին։

Ի՞նչ է հայտնի էջի մասին

ar_medianews  ինտագրամյան էջը ստեղծվել է 2025-ի մարտին և կառավարվում է Ռուսաստանից։ Էջում սկզբում հրապարակված տեսանյութեր ռուսերենով են՝ զուգահեռ հայերեն ենթագրերով (subtitle), համեմատաբար ավելի նոր հրապարակված տեսանյութերը հայերեն լեզվով են։

Իսկ էջի անվանումը՝ ar_medianews, նմանակում է իշխանական medianews.site-ի անվանը, ենթադրաբար, որպեսզի որոնողական համակարգերում նաև հայտնվի ինստագրամյան էջի անունը։ 

ar_medianews-ի հասանելի առաջին հրապարակումը եղել է 2025-ի ապրիլի 4-ին։ 

Էկրանապատկերը՝ ar_medianews ինստագրամյան էջից

Ֆեյսբուքում այս էջի տեսանյութերը սկսել են տարածվել այս տարվա հոկտեմբերի 26-ին ստեղծված AR media էջի միջոցով։ Այն ներկայում ունի ընդամենը չորս հետևորդ, սակայն հենց դրա միջոցով է միացված վճարովի գովազդ, որը թիրախավորում է META-ի բոլոր հարթակները։

Էկրանապատկերը՝ AR media-ի ֆեյսբուքյան էջի գովազդների միջոցով տարածվող տեսանյութերից

Այսպիսով, Ռուսաստանից կառավարվող ar_medianews ինստագրամյան էջը տարածում է ԱԲ-ով ստեղծված կամ խմբագրված կեղծ տեսանյութեր՝ հորինելով տեղեկություններ և խեղաթյուրելով Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում