Գլխավոր Լրահոս

Զեղծարարները deepfake-ով թիրախավորում են օգտատերերին․ IDBank-ի անունը կրկին շահարկվում է

Զեղծարարները deepfake-ով թիրախավորում են օգտատերերին․ IDBank-ի անունը կրկին շահարկվում է

Սոցցանցերում տարածվում են դիփֆեյք տեսանյութեր, որոնք, շահարկելով IDBank-ի անունը, փորձում են քաղաքացիներին ներգրավել կեղծ ներդրումային հարթակներում։ 

Արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութերում նշվում է, թե IDBank-ը գործարկել է իր ներդրումային հարթակը Հայաստանի քաղաքացիների համար։ 

«Ծրագիրը ավտոմատ կերպով փնտրում է համապատասխան գործարքներ՝ հիմնվելով շուկայի վերլուծության, խոշոր խաղացողների գործողությունների, ինչպես նաև լուրերի վրա և ներգրավվում է դրանցում շահավետ դիրքով։ Այսօր IDBank-ը բացել է հասանելիություն ևս 1700 տեղի համար»,- նշվում է տարածվող տեսանյութերից մեկում:

Տեսանյութում նաև խոսում են անձինք, որոնք իբրև արդեն օգտվել են հարթակից և գումարներ ստացել։ Իրականում այս անձանց տեսանյութերը ԱԲ գործիքներով են խմբագրվել, իսկ IDBank-ը նման հարթակ ընդհանրապես չի ներկայացրել։

ԱԲ տեսանյութերի հետքերով

Կեղծ ներդրումային հարթակը գովազդող երկու տեսանյութ է տարածվում, դրանք թեև թիրախավորում են հայաստանցիներին, սակայն ռուսերեն են։ Տեսանյութերից մեկում, ինչպես նշեցինք, ներառված են նաև «հաջողության մասին» պատմող անձանց կադրեր։ #CivilNetCheck-ին հաջողվել է գտնել այս տեսանյութերի բնօրինակները, որոնցում տվյալ անձինք IDbank-ի մասին ոչինչ չեն ասում։ 

Օրինակ՝ տեսանյութի հենց սկզբում երևացող կինը, որը ռուսերեն շնորհակալություն է հայտնում IDBank-ին, իրականում ամերիկացի բուժքույր-բլոգեր է։ Նրա կադրերը վերցվել են շուրջ չորս տարի առաջ հրապարակված տեսանյութից, որտեղ նա անգլերեն պատմում է մի դեղամիջոցի ազդեցության մասին՝ կապված դեպրեսիայի և անհանգստության բուժման հետ, և որևէ կերպ IDBank-ի կամ «ներդրումային հարթակի» մասին չի խոսում։

Տեսանյութում խոսող երկրորդ կինը՝ Գայանե Ղարիբյանը, իրականում Ղազախստանում ծնված հայ է։ Կադրերը վերցված են 2016-ին հրապարակված «Я казахстанец» հաղորդումից, որտեղ նա խոսում է իր կյանքի ու ինքնության մասին, ոչ թե IDBank-ի մասին։ 

Երրորդ «հերոսի» կադրերն վերցված են Երևանում 2021-ին նկարահանված «Ինչպես են վերաբերվում ռուսներին Հայաստանում» հարցախույզից, որտեղ նա ընդամենը մասնակցում է հարցմանը և չի խոսում IDBank-ի կամ ներդրումային հարթակի մասին։

Ինչպե՞ս է գործում սխեման

Տեսանյութերը տարածվում են ֆեյսբուքյան News 24 էջի կողմից։ Այն ստեղծվել է 2025-ի հոկտեմբերի 7-ին և ըստ «Թափանցիկություն» բաժնի տվյալների կառավարվում է Հնդկաստանից և Վիետնամից։ 

Տարածվող երկու տեսանյութերից մեկին կցված է https://balorivento[.]com/ հղումը, մյուսին՝ belaristo[.]click։ Սակայն երկու հղումներն էլ բացում են նույն էջը՝ նույն բովանդակությամբ և նույն դիզայնով, ինչը բնորոշ է զեղծարարություններին, որոնք տարբեր հասցեներով տարածում են նույն կեղծ էջը։

Այս էջում օգտագործվում է IDBank-ի տարբերանշանը։ Օգտատերերին առաջարկվում է անցնել պարզ հարցաշար՝ լրացնելով տարիքի, ֆինանսական նպատակների և ներդրումային պատրաստակամության մասին տվյալներ։

Էկրանապատկերը՝ https://balorivento[.]com կայքից

Տվյալները ուղարկելուց հետո կապ են հաստատում զեղծարարները՝ ներկայանալով որպես բանկի աշխատակիցներ կամ ֆինանսական խորհրդատուներ։ Նրանք տարբեր մեթոդներով փորձում են համոզել օգտատիրոջը «լիցքավորել ներդրումային հարթակի հաշիվը», փոխանցել գումար զեղծարարների հաշվեհամարներին կամ ուղղակի հայտնել բանկային քարտի տվյալները։

IDBank-ի պաշտոնական կայքը www.idbank.am է, ֆեյսբուքյան էջը՝ IDBan։ Բանկը երբեք չի օգտագործում նմանատիպ կասկածելի դոմեյններ իր ծառայությունների համար, ինչպես նաև չի պահանջում անձնական տվյալներ սոցցանցերի գովազդների միջոցով։

Բանկը պարբերաբար հանդես է գալիս զգուշացումներով՝ կոչ անելով հաճախորդներին չտրամադրել անձնական և բանկային տվյալներ։ 

Նմանատիպ կեղծ ներդրումային հարթակներին #CivilNetCheck-ը բազմիցս անդրադարձել է։ Զեղծարարները թիրախավորում են ոչ միայն այս բանկը, այլև, օրինակ, Ameriabank-ին, Ardshinbank-ին և այլ ֆինանսական կառույցներին։ Շահարկվում են նաև հայտնի հանրային ու քաղաքական գործիչների կերպարները՝ օգտատերերի վստահությունը շահելու և նրանց մոլորեցնելու նպատակով։

Տես՝ Ավելի համոզիչ, ավելի վտանգավոր․ հայերեն դիփֆեյքերի նոր ալիք

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում