Գլխավոր Լրահոս

Շամիրամի ամրոցը՝ Հիսուսի արձանի ստվերում․ ի՞նչ եղավ հնավայրի հետ

Շամիրամի ամրոցը՝ Հիսուսի արձանի ստվերում․ ի՞նչ եղավ հնավայրի հետ

Հատիսի գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։ Այս նախագծի մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր 2022-ին։ 

Նախագիծն ի սկզբանե ակտիվ քննարկվեց և արժանացավ քննադատության․ նույն վայրում հայտնաբերվել էր բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոց, իսկ Հատիսը ներառված է բնության հուշարձանների ցանկում։ 

#CivilNetCheck-ը փորձել է պարզել, թե ինչ ճակատագիր ունեցավ հնավայր-ամրոցը և ինչպես ստացվեց, որ բնության հուշարձանների ցանկում ընդգրկված սարի գագաթին թույլատրվեց արձան կառուցել։

Ամրոցի վնասման հետ կապված հայտարարությունները

Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման տարածքում հայտնաբերվել էր Շամիրամի բերդ ամրոց-բնակատեղին։ Այն հայտնաբերվել էր 2019-ին հայ-իտալական արշավախմբի կողմից, սակայն, 2022-ի դրությամբ դեռևս գրանցված չէր Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։ 

Հատիսի գագաթին պեղումներով բացված ամրոց-բնակատեղի ընդհանուր տեսքը, աղբյուրը՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Նոր հայտնաբերված հնավայր-ամրոցի տարածքում արձանի կառուցման համար 2022-ին իրականացվել էին հողի լիցքի և հարթեցման աշխատանքներ, ինչի հետ կապված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պահանջել էր դադարացնել ցանկացած գործունեություն ամրոցի տարածքում։

Հնագիտության և ազգագրության ինստիտուտն էլ ահազանգել էր, որ կատարված շինաշխատանքների հետևանքով «անդառնալիորեն աղճատվել է հնավայրի՝ հատկապես կենտրոնական հատվածը, այնտեղ առկա կառույցները և արևելյան պարսպապատի մի հատվածը»։ ԿԳՍՄ-ն դիմել էր ոստիկանություն։ 

Արդյոք շինաշխատանքները շարունակվեցի՞ն ամրոցի տարածքում

ԿԳՍՄ նախարարությունից #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան հայտնում են, որ «Շամիրամի» հնավայրը կառավարության 2025-ի օգոստոսի 14-ի որոշումով ընդգրկվել է Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։ Այսինքն՝ այդ տարածքը չի կարող օգտագործվել որպես Հիսուսի արձանի տեղադրման վայր։

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում պարզաբանում է, որ բարձրացված աղմուկից հետո արձանի շինարարությունը տեղափոխվել է ամրոցից հեռու։

Քարտեզի աղբյուրը՝ ԿԳՍՄ

Ի՞նչ պարզեցին պատկան մարմինները

Ներքին գործերի նախարարությունից հետաքրքրվել էինք, թե ինչ է պարզվել՝ արդյոք հնավայր-ամրոցը վնասվել է։ Նախարարությունից հայտնել են, որ համապատասխան մասնագետների հետ այցելել են Հատիս, սակայն նրանք չեն կարողացել ամրոցը վնասելու վերաբերյալ որակում տալ։

«Վերջիններիս (մասնագետների-խմբ.) կողմից մատնանշված տարածքում հայտնաբերվել է հողակույտ և հայտարարվել է, որ այդ տարածքը հանդիսանում է ամրոցի հյուսիս-արևելյան հատվածը, սակայն տեղում չեն կարողացել ամրոցի պատերի վնասման վերաբերյալ մասնագիտական որակում տալ»,- ասված էր նախարարության պատասխանում։

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշում է, որ դեռևս 2022-ին իրենք արձանագրել են, որ շինարարական աշխատանքների ժամանակ հողահրիչ մեքենայով քերված-տարված հողի շերտում երևացել են քարի շարքեր, ինչից իրենք ենթադրել են, որ գործ ունեն պատաշարի հետ, սակայն պեղումների արդյունքում պարզել են, որ դրանք հայտնաբերված ամրոցի հետ կապ չունեն։

«Հիմա մենք ենթադրաբար կարող ենք ասել, որ այդ պատաշարերը շատ ավելի ուշ ժամանակների ինչ-որ շինության մնացորդներ են, որոնց ժամանակագրության մասին դատողություններ չենք կարող անել։ Սակայն ակնհայտորեն դա այն ամրոցի կառուցապատման մաս չէ»,- ասաց Պավել Ավետիսյանը։

ԿԳՍՄ-ն բարեգործական հիմնադրամի հետ հուշագիր կնքեց․ ի՞նչ արվեց դրա շրջանակներում

ԿԳՍՄ-ն 2023-ի մարտին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ հուշագիր էր կնքել, որով վերջինս պարտավորվել էր սեփական միջոցներով իրականացնել նոր հայտնաբերված ամրոցի հնագիտական պեղումների, ինչպես նաև ամրակայման և վերականգնման աշխատանքները։ 

Նույն տարում պեղումները կատարվել են: Թեև հուշագրով նախատեսված է իրականացվող աշխատանքների հանրային լուսաբանումն ու հրապարակայնության ապահովումը, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը չի պատասխանել ամրոցի տարածքում կատարված աշխատանքների վերաբերյալ մեր հարցմանը։

Էկրանապատկերը՝ ԿԳՍՄ-ի և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ստորագրած հուշագրից

#CivilNetCheck-ի հետ զրույցում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը պարզաբանեց, որ հուշագիրը կնքվել է տարածքում պեղումներ իրականացնելու և պարզելու, թե ինչ վնաս է հասցվել ամրոցին։

Այնուամենայնիվ, Ավետիսյանի խոսքով, պեղումներից հետո ամրոցի ապագան անորոշ է, քանի որ հուշագրով նախատեսված պահպանությունը չի ներառում թանգարանացման, ամրակայման և բարեկարգման համար անհրաժեշտ ծրագրի ու ֆինանսավորման ապահովումը։

#CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան ԿԳՍՄ-ից նոյեմբերի 19-ին հայտնել են, որ նախարարությունն ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը բանակցում են հուշարձանի ամրակայման և վերականգնման նախագծային փաստաթղթերի շուրջ համագործակցության վերաբերյալ։

Սկզբում՝ շինաշխատանքները, ապա՝ թույլտվությունը

Բնության հուշարձանի պահպանության ռեժիմը սահմանվում է յուրաքանչյուր հուշարձանի անձնագրով: Ինչպես նշեցինք, Հատիսը ընդգրկված է բնության հուշարձանների ցանկում, սակայն պարզվում է 2022-ի դրությամբ անձնագիր չի ունեցել։ Միայն 2024-ի սեպտեմբերին Շրջակա միջավայրի նախարարի հրամանով հաստատվել է «Հատիս հրաբուխ» բնության հուշարձանի անձնագիրը։

Հիսուսի արձանի նախագիծը  շրջակա միջավայրի ազդեցության գնահատման  (ՇՄԱԳ) փորձաքննության դրական եզրակացություն է ստացել 2025-ի ապրիլին, մինչդեռ շինաշխատանքները սկսվել էին դեռևս 2022-ին։

Բնապահպանության և ընդերքի տեսչությունից հետաքրքրվեցինք, թե ինչ վարչական պատասխանատվության է ենթարկվել հիմնադրամը՝ առանց ՇՄԱԳ փորձաքննության շինաշխատանքներ իրականացնելու համար։  

Տեսչությունից հայտնեցին, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տուգանվել է 100 հազար դրամով՝ առանց փորձաքննության դրական եզրակացության հողային և բետոնացման աշխատանքներ կատարելու համար։ Եվս 100 հազար դրամ տուգանք է կիրառվել այդ աշխատանքների հետևանքով Ակունք համայնքին պատկանող հողերի դեգրադացման համար, իսկ շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջը կազմել է 149 064 դրամ։

Այսպիսով, ստացվում է, որ առանց ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացության շինաշխատանքներ իրականացնելու և դրանց հետևանքով հողերի դեգրադացման համար հիմնադրամը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ընդհանուր 350 000 դրամ։ 

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում