Իրանում սկսել են խոսել առաջիկայում ամերիկյան կողմի հետ սպասվող հանդիպման մասին։
Իրանական մամուլն առանց հստակ մանրամասների ընդունել է, որ հանդիպում է քննարկվում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիֆֆ Ուիթքոֆֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջև, որին ուղեկցելու են իրանցի երկու փորձառու դիվանագետ։ Հայտնի է նաև, որ նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանձնարարել է Արաղչիին Վաշինգտոնի հետ բանակցությունների նախապատրաստվել, որոնք Թեհրանը ձգտում է տեսնել առանց ճնշումների ու պարտադրանքի։
Հանդիպման նախապատրաստության մասին քննարկումներն աչքի են ընկնում Իրանի միջուկային ծրագրի շահարկումներով․ արդյոք Իրանը 2015-ի նմանությամբ, հանձնելու կամ փոխանցելու է իր հարստացված ուրանը երրորդ երկրի՝ տվյալ դեպքում Ռուսաստանին։
Ամերիկյան կողմը, որը շահագրռված է միջուկային ծրագրի չեզոքացմամբ, ակնհայտորեն նման ակնկալիքներ ունի, սակայն Թեհրանը հերքում է նման հավանականությունը։ Իրանը նշում է, որ նման մտադրություն չունի և գործելու է միջուկային ներուժի պահպանման սկզբունքով։
Իրանի հարստացված ուրանի փոխանցմանը բացի Վաշինգտոնից, կողմ է նաև Մոսկվան։ Կրեմլից հաղորդել են, որ ռուսական կողմն այդ գաղափարը վաղուց առաջարկել է Թեհրանին։
Իրան-ԱՄՆ բանակցությունների ամենահավանական օր է նշվում փետրվարի վեցը, և ենթադրաբար առաջիկա օրերին Իրանի շուրջ էսկալացիայի հավանականությունը ցածր է։ Սակայն, բանակցային գործընթացն ինքնին չի կարող երաշխավորել անվտանգություն, քանզի ամերիկյան կողմը կարող է դիմել ուժային գործողության՝ ինչպես եղավ 12-օրյա պատերազմի ժամանակ։
Civilnet




