Ամենակարևոր բանը, որ մենք պետք է հասկանանք, երեխայի հետ շփվելիս, այն է, որ երեխան մարդ է, ոչ թե կիսամարդ, ոչ թե փոքր մարդ, ոչ թե տարօրինակ մարդ, ոչ թե չհասունացած մարդ, այլ ԻՐԱԿԱՆ ՄԱՐԴ: Դա նշանակում է, որ մենք նրանց պետք է հարգենք։ Նրանց հետ շփվելիս մենք պետք է հաշվի առնենք մի քանի սկզբունք, որոնք անչափ կարևոր են։
Առաջինը և ամենակարևորը, մենք անում ենք միայն այն, ինչ երեխան ի վիճակի չէ դեռ անել, և գնալով նվազեցնում ենք մեր մասնակցությունը երեխայի կյանքում։ Մենք չպետք է մինչև 50 տարեկանը լինենք իր ծնողը, իր մասին հոգանք, իր փոխարեն ամեն ինչ անենք, գուլպաները լվանանք և կերակրենք։ Դա առաջինը, երեխան պետք է հնարավորինս արագ ստանձնի իր կյանքում այն, ինչ որ նա ինքնուրույն կարող է անել։
Եվ երկրորդը, երբ մենք երեխայի հետ ինչ-որ բան նախաձեռնում ենք, մենք պետք է միշտ գործենք հավասար՝ որպես ընկերներ, այլ ոչ թե ես ծնող եմ, ես հիմա քեզ կասեմ ինչ արա։ Իրեն պետք է հնարավորություն տալ որոշումներ կայացնել, ինքնուրույն մտածել և գալ ինչ-որ սեփական հետևությունների։
Եվ վերջապես, ձեր վախերը պահեք ձեզ, պետք չէ ձեր վախերը փաթաթել երեխայի վզին՝ ահ կընկնի, ահ ոտքը կկոտրի, ահ սոված կմնա, ահ սովից կմահանա:
Առաջինը, մարդիկ կարող են օրերով ոչինչ չուտել և սովից չեն մահանա։ Երկրորդը երեխաները մեզնից ավելի ճկուն են, կայուն են և ամուր ամուր են կանգնած ոտքերի վրա։ Եվ երրորդը, իրենք փոքրուց պետք է սովորեն լինել ինքնուրույն, և մեր վախերը իրենց կյանք չմտնեն, քանի որ երբ մենք իրենց վրա տարածում ենք մեր վախերը, մենք իրենց պարտադրում ենք վարքագիծ, որը մեզ է պետք, ոչ թե իրենց։
Մենք պարտադրում ենք հոգածություն մեր մասին, մեր երեխաներին, երբ իրենք դեռ սեփական ապագայի և սեփական խնդիրների և սեփական առաջնահերթությունների մասին պիտի հոգան, և դա իրենց համար պետք է լինի ամենակարևորը։ Այնպես որ, մի՛ փաթաթեք ձեզ երեխաների վզին, դարձրեք իրենց ինքնուրույն, Եվ արեք ամեն բան, որ իրենք փոքր տարիքից կարողանան սեփական որոշումներ կայացնել։
Civilnet




