Գլխավոր Լրահոս

«Վրացական երազանք»-ը միացել է Եվրոպայի խորհրդի Կոնգրեսում աջ ազգայնական նոր խմբին

© Reuters

© Reuters

Լուսինե Վարդանյան

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները միացել են Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում ստեղծված նոր քաղաքական խմբին։ Խումբը ներկայացվում է որպես Եվրոպական խորհրդարանում գործող աջ ազգայնական «Patriots for Europe»-ի «փոքր եղբայր» և շարժվում է նույն ուղով՝ «ներկայիս անկայուն և վտանգավոր աշխարհում կայուն արժեքներ ներկայացնելու նպատակով»։

Ըստ նրանց՝ սա «սուվերենիստ և հայրենասիրական եվրոպացի քաղաքական գործիչների համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ քայլ է»։ Կոնգրեսում ներկայացված են 6 երկրներից 29 անդամներ։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի իշխող Fidesz–KDNP կոալիցիայից կլինի 7 ներկայացուցիչ, Իտալիայի Lega կուսակցությունից՝ 5, Չեխիայի ANO 2011 կուսակցությունից՝ 6, «Վրացական երազանք»-ից՝ 8, Ավստրիայի Ազատության կուսակցությունից՝ 2 և Իսպանիայի Vox կուսակցությունից՝ մեկ ներկայացուցիչ։

Խմբի նախագահ է ընտրվել Օրբանի Fidesz կուսակցությունից Աննա Մագյարը։ 

Խմբին միացած բոլոր կուսակցությունները հաճախ բնութագրվում են որպես աջ պոպուլիստականից մինչև ծայրահեղ աջ։ Նրանց հաճախ քննադատում են նաև Ռուսաստանի նկատմամբ մեղմ քաղաքականության համար։

Patriots for Europe-ը ողջունել է նոր խմբի ստեղծումը՝ նշելով, որ իրենց ազդեցությունը «ուժեղանում է բոլոր ինստիտուտներում՝ Ստրասբուրգից մինչև Բրյուսել»։ Patriots for Europe խումբը հիմնադրվել է 2024-ին և ներկայում ունի ավելի քան 80 անդամ Եվրոպական խորհրդարանում։ 

«Վրացական երազանք»-ը մի քանի տարի Եվրոպական սոցիալիստների կուսակցության (PES) անդամ էր, սակայն 2023-ի մայիսին դուրս էր եկել՝ ժողովրդավարական հետընթացի ֆոնին։

Կուսակցությունը իր որոշումը բացատրել էր գաղափարական տարբերություններով և PES-ի որոշ եվրապատգամավորների կողմից Վրաստանի կառավարության հասցեին քննադատական բանաձևերին աջակցությամբ։ 

Ներկայում «Վրացական երազանք»-ը Եվրոպական խորհրդարանում որևէ քաղաքական խմբի անդամ չէ։ Վրաստանի հարաբերությունները Եվրոպական միության հետ սրվել են հատկապես 2024-ի վիճահարույց խորհրդարանական ընտրություններից հետո, ինչպես նաև սահմանափակող օրենքների ընդունման, ԵՄ անդամակցության գործընթացի կասեցման և ցույցերի ժամանակ ոստիկանության բռնության պատճառով։ Ամենօրյա բողոքի ցույցերը Թբիլիսիում և երկրի այլ քաղաքներում գրեթե անընդմեջ շարունակվում են 2024-ի նոյեմբերի 28-ից, երբ իշխանությունները սառեցրին Վրաստանի ԵՄ անդամակցության գործընթացը։

Փողոցային բողոքի ակցիաներին զուգահեռ իշխող կուսակցությունը օրենքների միջոցով թիրախավորել է նաև քաղաքացիական հասարակությանը, անկախ լրատվամիջոցներին և քաղաքական ընդդիմությանը։ Օրինակ՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Էլենե Խոշտարիան վերջերս դատապարտվեց մեկ տարի վեց ամիս ազատազրկման՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի պատկերով ընտրական պաստառը վնասելու համար։

Մարտին Եվրոպական խորհրդարանը ընդունել էր բանաձև, որով դատապարտել էր Վրաստանում «քաղաքական դրդապատճառներով» ձերբակալությունները, այդ թվում՝ Խոշտարիայի գործը, և կոչ արել ազատ արձակել այդ հիմքով կալանավորված անձանց։ ԱՄՆ-ն և մի շարք եվրոպական երկրներ էլ անհատական պատժամիջոցներ են սահմանել վրացի պաշտոնյաների նկատմամբ։

Քննադատները հաճախ մեղադրում են Վրաստանի իշխանություններին երկիրը Ռուսաստանի ազդեցության տակ տանելու մեջ, իսկ նրանք պնդում են, որ վարում են «ինքնիշխան» քաղաքականություն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում