Գլխավոր Լրահոս

Առաջատար ճանապարհորդական հարթակները շահույթ են ստանում էթնիկ զտումների ենթարկված Արցախում իրականացվող տուրերից

Առաջատար ճանապարհորդական հարթակները շահույթ են ստանում էթնիկ զտումների ենթարկված Արցախում իրականացվող տուրերից

Խոշոր գլոբալ ճանապարհորդական հարթակները շահույթ են ստանում Ադրբեջանի կառավարության կողմից արտոնված տուրերից դեպի Լեռնային Ղարաբաղ՝ մի տարածաշրջան, որն ընդամենը երկու տարի առաջ ենթարկվեց էթնիկ զտումների:

Դրանցից մի քանիսը, որ ուղևորություններ են առաջարկում դեպի Ստեփանակերտ, Բեռլինում տեղակայված զբոսաշրջային ամրագրման GetYourGuide ծառայությունն է, ԱՄՆ-ում տեղակայված աշխարհի խոշորագույն ճանապարհորդական ուղեցույցների հարթակ Tripadvisor-ը՝ իր դուստր ձեռնարկություն Viator-ի հետ միասին, և լիարժեք սպասարկմամբ առցանց ճանապարհորդական գործակալություն Expedia-ն, որը նույնպես տեղակայված է Միացյալ Նահանգներում:

2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայաթափվեց Արցախը: Հարձակման հետևանքով զոհվեց առնվազն 200 հայ և վիրավորվեց 130-ը, այդ թվում՝ քաղաքացիական անձինք:

Հարձակումները հանգեցրին մնացած 100,000 հայ բնակիչների զանգվածային արտագաղթին՝ սկիզբ դնելով իրադարձությունների քաոսային շղթայի, որը ներառում էր նաև վառելիքի պահեստի պայթյուն, որի հետևանքով զոհվեց առնվազն 218 մարդ: Եվս մոտ 70 մարդ, հիմնականում տարեցներ, մահացան դեպի Հայաստան անվտանգություն փնտրելու դժվարին ճանապարհին: Եվրոպական խորհրդարանը և միջազգային այլ կառույցներ իրադարձությունները բնութագրել են որպես էթնիկ զտում:

Ապակողմնորոշիչ պատում

GetYourGuide-ը, օրինակ, ներկայումս ներառում է առնվազն յոթ արցախյան երթուղի, որոնք կազմակերպվում են Ադրբեջանում գործող տուրիստական խմբերի կողմից, ներառյալ՝ Azerbaijan Trip Adventures, Baku Heritage Travel, EcoSky Travel և Smile Azerbaijan Tour: Մյուս ճանապարհորդական հարթակներից յուրաքանչյուրն առաջարկում է նույն տուրերից մեկը կամ երկուսը, որոնք հասանելի են GetYourGuide-ի միջոցով:

Ցուցակներում առկա նկարագրություններն ու երթուղիները շատ նման են, ինչը հուշում է կենտրոնացված պլանավորման մասին: Դրանք գրեթե բոլորն ունեն ճիշտ նույն կանգառները, որոնցից ոչ մեկում չի հիշատակվում այդ վայրերի հայկական ժառանգությունը: Օրինակ՝ վեց ընկերություններից չորսի երթուղիներում բոլորն էլ պարծենում են Հունոտի կիրճի չքնաղ տեսարանով։  

EcoSky-ն ընդգծում է հյուրերի համար Ստեփանակերտում «վերակառուցվող տարածքներ» տեսնելու հնարավորությունը, որը գործնականում վերաբերում է հայկական տների և թաղամասերի լայնածավալ ոչնչացմանը. շարունակական գործընթաց, որն ապահովում է, որ փախստականները վերադառնալու տուն չունենան:

Տուրերից մեկն այցելուներին հրավիրում է տեսնել «Ալբանական եկեղեցի» Աղդարայի (Մարտակերտ) մոտ, ի նկատի ունենալով հայկական միջնադարյան Գանձասարի վանքը: Սա արտացոլում է հայտնի ադրբեջանական պետական պատումը, որը հայկական մշակութային վայրերը վերանվանում է որպես միջնադարյան կովկասյան ալբանական. մեկնաբանություն, որն արմատավորված է լայնորեն վարկաբեկված տեսության մեջ և առաջ է մղվում նախագահ Իլհամ Ալիևի օրոք՝ այս հուշարձանների հայկական ինքնությունը քողարկելու համար:

Արցախում մշակութային ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվում է: Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին, օրինակ, քանդվեց 2024 թվականին, ինչը հաստատվել է Կոռնելի համալսարանում գործող «Կովկասյան ժառանգության մշտադիտարկում» հետազոտական նախաձեռնության արբանյակային վերլուծությամբ: Անկախ մուտքի արգելման պայմաններում, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման կազմակերպությունների համար, նման հեռավար մշտադիտարկումը մնում է տարածաշրջանի վտանգված ժառանգության փաստագրման և ուսումնասիրության միակ հնարավոր մեթոդը:

Թեև միջազգային կազմակերպությունները չեն կարողացել մուտք գործել Արցախ, խիստ վերահսկվող և խիստ կանոնակարգված տուրերը կարող են այցելուներին տրամադրել տեղում իրավիճակը դիտարկելու և փաստագրելու սահմանափակ հնարավորություն, եթե նրանք գիտեն, թե ինչ փնտրել: Յություբեր YoungMin Skies-ի կողմից անցյալ ամիս թողարկված տեսանյութը մեծ արձագանք գտավ, որում նա ներկայացրեց Արցախի նմանատիպ քարոզչական տուրերից մեկի միջոցով:

Կառավարության սահմանափակումների պատճառով անկախ ճանապարհորդելու հնարավորություն չունենալով՝ նա միացավ Baku Heritage Tours-ի կողմից իրականացվող խմբային տուրին, որը ներկայումս նույնպես ցուցակագրված է GetYourGuide-ում և Viator-ում:

YoungMin-ի փորձը ցույց է տալիս, որ ներսից այս խիստ վերահսկվող տուրերը ներկայացնում են խիստ կողմնակալ պատումներ, որոնք, կարծես, խախտում են դրանք առաջ մղող հարթակների ուղեցույցները: Օրինակ՝ GetYourGuide-ն պահանջում, որ մարդու իրավունքների խախտումների կամ հումանիտար ճգնաժամերի հետ կապված տուրերը լինեն «չեզոք և ուսուցողական»:

Viator-ը պահանջում է, որ «այցելությունները չանհանգստացնեն բնակիչներին և չշահարկեն վերջին ողբերգությունները»:

«Զբոսավարի կողմից հայերի միակ հիշատակումը պարունակում էր բացասական ենթատեքստ»,- տեսանյութում մեկնաբանում է YoungMin-ը՝ նկարագրելով, թե ինչպես են նրանց անվանել «ապօրինի զավթիչներ»:

Լեռնային Ղարաբաղի նախկին խորհրդարանի շենքի վայրում գիդը պարծենում էր կառավարության կողմից դրա վերջերս քանդմամբ: Հյուրերի խնդրանքները՝ այցելել հայկական տեսարժան վայրեր, ներառյալ Ստեփանակերտի մայր տաճարը, բազմիցս մերժվել են, և գիդը խուսափել է անգամ դրա կողքով մեքենայով անցնելուց:

Ստեփանակերտում մնացած սակավաթիվ տեսարժան վայրերից մեկը, որը դեռ հասանելի է այցելուներին, Տատիկ-Պապիկ («Մենք ենք մեր սարերը») հուշարձանն է՝ հանրահայտ կոթող, որը ստեղծվել է 1960-ականներին հայ քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի կողմից: YoungMin-ի կադրերը թույլ են տալիս մոտիկից տեսնել հուշարձանը՝ ցույց տալով անմիջապես քարի վրա փորագրված ադրբեջանական գրառումներ (գրաֆիտի):

YoungMin-ն ամփոփում է իր փորձը տարածաշրջանում որպես «սարսափազդու, ամայի և սյուրռեալիստական»՝ նշելով էթնիկ զտումների արշավի պատճառով դատարկ տների և լքված թաղամասերի համատարած առկայությունը:

ՍիվիլՆեթը (CivilNet) կապ է հաստատել բոլոր չորս ճանապարհորդական հարթակների հետ՝ հարցնելով, թե արդյոք նրանց տուրերը դեպի Լեռնային Ղարաբաղ համապատասխանում են իրենց էթիկական չափանիշներին: GetYourGuide-ի ներկայացուցիչը ՍիվիլՆեթին ասել է, որ խնդիրը կուսումնասիրվի, սակայն հետագա պատասխան չի տրամադրվել՝ չնայած երկամսյա ժամանակահատվածում կրկնվող հարցումներին:

Մյուս կայքերից ոչ մեկը չարձագանքեց ՍիվիլՆեթի հարցմանը:

Թափանցիկության այս պակասը հատկապես մտահոգիչ է՝ հաշվի առնելով ավելի լայն համատեքստը: Կառավարության խիստ պահանջները և տեղաշարժի սահմանափակ ազատությունը նշանակում են, որ առցանց ճանապարհորդական հարթակները խթանում են մի փորձառություն, որը վերահսկվում է նույն իշխանությունների կողմից, որոնք պատասխանատու են տարածաշրջանի էթնիկ զտումների համար:  

Freedom House-ի 2026-ի «Ազատությունն աշխարհում» համաթվում Ադրբեջանը հավաքել է 100-ից ընդամենը 6 միավոր՝ զիջելով Թալիբանի կողմից ղեկավարվող Աֆղանստանին (8), Իրանին (10) և Ռուսաստանին (12): Էլ ավելի ուշագրավ է այն, որ երբ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղը վերջին անգամ գնահատվեց 2024-ին, այն ստացավ -3 միավոր՝ ավելի ցածր, քան գնահատված ցանկացած այլ տարածք, ներառյալ Հյուսիսային Կորեան:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում