Գլխավոր Լրահոս

«Ատամներով զինվածներ», «տագնապ օդանավակայանում» և «ողբերգություն ՌԴ-ում». ինչպես են սունկ կայքերը շահարկում էմոցիաները

«Ատամներով զինվածներ», «տագնապ օդանավակայանում» և «ողբերգություն ՌԴ-ում». ինչպես են սունկ կայքերը շահարկում էմոցիաները

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում ակտիվորեն տարածվում են սենսացիոն և խուճապահար վերնագրերով հրապարակումներ՝ «Քիչ առաջ», «Ողբերգական լուր ՌԴ-ից», «Տագնապ օդանավակայանում» ձևակերպումներով։

Այս գրառումները հիմնականում տարածվում են Facebook-ում գործող մի շարք ֆեյսբուքյան էջերի միջոցով, որոնք ունեն մի քանի հարյուր հազար հետևորդ։ Դրանց թվում են Blogger.am , Ժպտա և ողջ աշխարհը կժպտա քեզ, INFO PAGE, ARMENIAN LIVE էջերը:

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է նմանատիպ հրապարակումները և պարզել, որ դրանք չեն պարունակում ստուգելի տվյալներ և կառուցված են clickbait մեխանիզմներով։

Clickbait-ը («խայծ-վերնագիր») այնպիսի վերնագիր կամ գրառում է, որը չափազանցված, սենսացիոն կամ մոլորեցնող ձևակերպումներով փորձում է ստիպել օգտատիրոջը սեղմել հղման վրա։

«Ատամներով զինվածների» պատմությունը 

Ֆեյսբուքյան էջերը ապրիլի 10-ին տարածել են «Կրակոցներ Հայաստանում․ բռնել են մինչև ատամները զինված մանրամասները մեկնաբանություններում» գրառումը։  Մեկնաբանությունում տեղադրված է yer.arminfonews[.]ru կայքի հղումը՝ նույն վերնագրով։ Սակայն հղումը բացելուց հետո կցված հոդվածը ռուսերեն է։ 

Տեքստում օգտագործվում են էմոցիոնալ և դրամատիկ նկարագրություններ՝ «իրավիճակը սպասվածից լուրջ է», «իրավիճակը հիշեցնում էր տեսարաններ ֆիլմերից»։

Սակայն որևէ տեղեկություն վայրի կամ անձանց վերաբերյալ առկա չէ, թեև հայտնում են, թե նկարներն ու տեսանյութերը մեծ տարածում են ստացել, դրանք առկա չեն հրապարակման մեջ: 

Կցված՝ արհեստական բանականությամբ ստեղծված լուսանկարում տեղադրվել է նաև shamshyan.com-ի տարբերանշանը՝ տպավորություն ստեղծելով, թե կայքն է տարածել այն։ Մինչդեռ վերջին օրերին ոչ ներքին գործերի նախարարությունը և ոչ էլ shamshyan.com-ը նման դեպքերի մասին չեն հայտնել։  

Էկրանապատկերում՝ ֆեյսբուքյան էջերի կողմից տարածվող կեղծ գրառումը
Էկրանապատկերում՝ ֆեյսբուքյան էջերի կողմից տարածվող կեղծ գրառումը

Օդանավակայանի «արտակարգ դրությունը»

Ֆեյսբուքյան նույնատիպ էջերը տարածել են նաև «Տագնապ օդանավակայանում․ տարհանում են մարդկանց» վերնագրով գրառում։ Մեկնաբանություններում կրկին տեղադրված է yer.arminfonews[.]ru կայքի հղումը։

Էկրանապատկերում՝ ֆեյսբուքյան էջերի կողմից տարածվող կեղծ գրառումը
Էկրանապատկերում՝ ֆեյսբուքյան էջերի կողմից տարածվող կեղծ գրառումը

Հղումը բացելուց հետո հոդվածը ներկայացված է ռուսերենով և կառուցված է բացառապես դրամատիկ նկարագրությունների վրա՝ «հանկարծակի հայտարարություն բարձրախոսով», «խուճապ», «էվակուացիա», «լույսերի անջատում» և այլն։

Սակայն նյութում չի նշվում, թե կոնկրետ որ օդանավակայանի մասին է խոսքը, երբ է տեղի ունեցել դեպքը և ինչ է իրականում տեղի ունեցել։ Տեքստում ներկայացված են միայն անանուն «ականատեսների» խոսքեր և հակասական վարկածներ՝ առանց որևէ հաստատման։

Միևնույն ժամանակ թե՛ գրառման, թե՛ նյութի հետ օգտագործված է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի լուսանկար, ինչը ընթերցողի մոտ կարող է ստեղծել տպավորություն, թե խոսքը հենց դրա մասին է։

Մինչդեռ վերջին օրերին ոչ պաշտոնական աղբյուրները, ոչ էլ օդանավակայանի կամ իրավապահ մարմինների կողմից նման միջադեպի վերաբերյալ որևէ տեղեկություն չի հրապարակվել։

Ողբերգության շահարկում. հայ պատանու մահվան լուր

Ֆեյսբուքյան էջերն ապրիլի 14-ին տարածել են նաև «Քիչ առաջ․ ողբերգական լուր ՌԴ-ից, զոհ հայ է» բովանդակությամբ գրառում՝ կրկին ուղղորդելով դեպի yer.arminfonews[.]ru կայք։

Այս դեպքում էլ կցված հոդվածը ռուսերեն է։ Դրա մեջ ներկայացվում են ընդհանուր բնույթի նկարագրություններ։ Նշվում է, որ մահացել է հայազգի երիտասարդ, և դեպքը տեղի է ունեցել կենցաղային վեճի արդյունքում։

Միևնույն ժամանակ նյութում բացակայում են հիմնական տվյալները՝ անձի անունը, դեպքի կոնկրետ վայրը, ժամանակը կամ այլ նույնականացվող հանգամանքներ։ Չկան նաև պաշտոնական աղբյուրների հղումներ կամ հաստատումներ։

 Էկրանապատկերում՝ ֆեյսբուքյան էջերի կողմից տարածվող կեղծ գրառումը
Էկրանապատկերում՝ ֆեյսբուքյան էջերի կողմից տարածվող կեղծ գրառումը

Նյութում հիշատակվում են անանուն «ականատեսներ» և ներկայացվում են ընդհանուր ձևակերպումներ՝ առանց ստուգելի մանրամասների։

Վերջին երկու օրում նմանատիպ դեպքի վերաբերյալ վստահելի լրատվամիջոցներում կամ պաշտոնական աղբյուրներով տեղեկություններ չեն հայտնաբերվել։

Այսպիսով, ֆեյսբուքյան որոշ էջեր և «սունկ» կայքեր շահարկում են դժբախտ պատահարների թեման՝ տարածելով մոլորեցնող և չստուգվող տեղեկություններ՝ օգտատերերին հղումներով իրենց կայքեր տեղափոխելու նպատակով։ Դրանց նպատակը կայքերի այցելությունների թիվը մեծացնելն ու գովազդից եկամուտ ստանալն է։ Այդ կայքերը սովորաբար լի են ցածրորակ գովազդով, իսկ հոդվածների մի մասը հրապարակվում է ռուսերեն՝ թիրախավորելով նաև ռուսախոս լսարանին։

Տես նաև՝ Կեղծ լրատվական էջերը շահարկում են ողբերգական դեպքերը՝ հորինված պատմություններով և ԱԲ գործիքներով

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում