Կեղծ լրատվական էջերը շահարկում են ողբերգական դեպքերը՝ հորինված պատմություններով և ԱԲ գործիքներով

Մարիա Խաչատրյան
Սոցիալական ցանցերում կրկին ակտիվացել են լրատվական ներկայացող կեղծ էջերը, որոնք տարածում են մանիպուլատիվ կամ ամբողջությամբ հորինված տեղեկություններ։ Դրանք հաճախ օգտագործում են սենսացիոն վերնագրեր և արհեստական բանականությամբ (ԱԲ) ստեղծված լուսանկարներ՝ օգտատերերին ուղղորդելով կասկածելի կայքեր։
3-ամյա Տիգրան Օվանեսովի մահվան շուրջ կեղծ լուրեր
Վերջին օրերին կեղծ էջերի հիմնական թիրախներից մեկն է դարձել Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում կորած 3-ամյա Տիգրան Օվանեսովի դեպքը։ Երեխայի մարմինը հայտնաբերվեց նոյեմբերի 2-ին Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում։ Սակայն ֆեյսբուքյան և տելեգրամյան մի շարք էջեր սկսել են տարածել հորինված պատմություններ՝ շահարկելով ողբերգական դեպքը։
«Որտե՞ղ և ի՞նչ վիճակում են գտել 3-ամյա Տիգրանի մարմինը․ նոր մանրամասներ․․․»- նշված է նոյեմբերի 2-ին տարածված գրառման մեջ։
Այս գրառումը տանում է arm.arminfonews[.]ru կայք, որտեղ ամբողջությամբ ներկայացված է կեղծված պատմություն՝ իբրև Տիգրանը կորել է և նույն օրը՝ ուշ գիշերը, նրա մարմինը գտնվել է ջրանցքում՝ ձեռքին խաղալիք։ Նյութում նաև նշվում է, թե շաբաթներ անց բացվել է «Տիգրանի լույս» հիմնադրամը։
Թեև Ֆեյսբուքում վերնագիրը հայերեն է, կայքում ամբողջ բովանդակությունը ռուսերեն է։ Ներկայացված բոլոր մանրամասները կեղծ են և հիշեցնում են ԱԲ-ով գեներացված հոդվածներ։

«Պարզվել է, թե ինչու են հայերը խեղդամահ արել երեք տարեկան Տիգրանին»,- նշվում է նոյեմբերի 3-ին տարածած գրառման մեջ, որը ուղեկցվում է փոքրիկ Տիգրանի լուսանկարով։ Այս դեպքում ևս կցված է նույն կայքի հղումը։
Այս հոդվածում ևս ամբողջությամբ կեղծված տեղեկություններ են. իբրև դեպքից անցել են շաբաթներ, գործը արդեն փակվել է։ Դրանում նույնիսկ երեխայի մորը վերագրվում են խոսքեր։
«Ես չկարողացա փրկել նրան, բայց միգուցե նրա մահը փրկի մեկ այլ ուրիշին․ անտարբեր մի եղեք»,- իբրև համացանցում տարածվել է մոր խոսքերը։
Այս խոսքերը հորինված են. ոչ մայրն է նման խոսքեր հրապարակել, ոչ էլ որևէ լրատվամիջոց կամ պաշտոնական աղբյուր է նման տեղեկություն տարածել։
Կեղծված տվյալներ՝ բժիշկների մասնակցությամբ վթարի մասին
Կեղծ էջերը շահարկում են նաև հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած ավտովթարը, որի հետևանքով մահացել են «Արթմեդ» բժշկական կենտրոնում աշխատող երկու բժիշկ։
«Բժշկի խոստովանությունը ցնցեց բոլորին. ահա ինչ է իրականում պատահել ողբերգական վթարի պահին»,- նշվում է նոյեմբերի 2-ին տարածված գրառման մեջ։
Այս դեպքում էլ կցված է arm.arminfonews[.]ru կայքի հղումը։ Կրկին ռուսերեն լեզվով հոդված է, որտեղ լուսանկարում պատկերված բժիշկների անունները, նրանց մասնագիտությունը և ավտովթարի մանրամասները չեն համապատասխանում իրականությանը։
Գրված է, թե իբրև մահացածներից մեկը Կարեն Միքայելյանն է՝ հայտնի վիրաբույժ, իսկ մյուսը՝ Աննա Սահակյանը՝ երիտասարդ թերապևտ։ Նշվում է, որ մեքենան անհայտ պատճառով դուրս է եկել ճանապարհից, շրջվել և բախվել բետոնե արգելապատնեշին։

Իրականում վթարը տեղի է ունեցել երկու մեքենայի բախման հետևանքով, որի արդյունքում մահացել են «Նյարդաբանության և ընդհանուր թերապիայի» բաժանմունքի վարիչ Աշոտ Քոսյանը և նույն բաժանմունքի բժիշկ Կարինե Սաղաթելյանը։
AI-ով գեներացված խաբեություն՝ 18-ամյա երիտասարդի վերաբերյալ
Կեղծ լրատվական էջերը պարբերաբար տարածում են նաև ԱԲ-ով գեներացված լուսանկար՝ իբրև մահվան եզրին գտնվող 18-ամյա երիտասարդի մասին։
«Արտակարգ իրավիճակ․18-ամյա երիտասարդը մահվան եզրին է։ Մանրամասները մեկնաբանությունում»,- նշված է հոկտեմբերի 31-ի գրառման մեջ։
Այս դեպքում հղումը տանում է yer.arminfonews[.]ru կայք, որտեղ կրկին ռուսերեն լեզվով հրապարակված է հորինված պատմություն՝ իբրև Արման անունով երիտասարդը գնացել է աշխատանքի և մեկ օր անց գտնվել է ինչ-որ շենքում մահացած։ Նյութը ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։ Լուսանկարում նաև օգտագործվում է ոստիկանության խորհրդանիշը։
Արհեստական բանականությամբ գեներացված լուսանկարի հիմքում 2022 թ․հուլիսի 7-ին որպես անհետ կորած որոնվող 18-ամյա Արսեն Կարապետյանի լուսանկարն է։ Տղան հայտնաբերվել էր հուլիսի 9-ին։

Չնայած նրան, որ երիտասարդը հայտնաբերվել է դեռ 2022 թվականին, նրա լուսանկարի հիման վրա արհեստական բանականությամբ ստեղծված պատկերը շարունակում են օգտագործել։
Սենսացիոն բովանդակությամբ այս գրառումները տարածվում են հարյուրահազարանոց հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան էջերի՝ blogger.am, «Միասնական Հայաստան» և այլոց կողմից։ Նման կեղծ լուրերն ու պատմությունները, որպես կանոն, օգտատերերին ուղղորդում են կասկածելի «սունկ» կայքեր կամ տելեգրամյան ալիքներ։ Ամիսներ առաջ այս էջերը նույն կերպ շահարկում էին Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում կորած և այնուհետև մահացած գտնված 2-ամյա Տիգրանի դեպքը՝ տարածելով հորինված պատմություններ։ #CivilNetCheck-ը անդրադարձել էր այդ հրապարակումներին ևս։
Ինչպե՞ս է շահարկվում երեխայի անհետացման դեպքը՝ դիտումներ հավաքելու նպատակով
Այսպիսով, ֆեյսբուքյան որոշ էջեր և «սունկ» կայքեր շահարկում են դժբախտ պատահարների թեման՝ տարածելով կեղծ և մոլորեցնող տեղեկություններ՝ կայքերի այցելությունների թիվը մեծացնելու և գովազդից եկամուտ ստանալու նպատակով։ Այդ կայքերը սովորաբար լի են ցածրորակ գովազդով, իսկ հոդվածների մի մասը հրապարակվում է ռուսերեն՝ թիրախավորելով նաև ռուսախոս լսարանին։
#CivilNetCheck-ը Meta-ի երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագրի շրջանակում պարբերաբար պիտակավորում է նման էջերի գրառումները, ինչի հետևանքով դրանց դիտելիությունը նվազում է։ Սակայն այդ էջերի հեղինակները հաճախ ստեղծում են նոր էջեր՝ սահմանափակումները շրջանցելու նպատակով։
CivilNetCheck










