Գորբաչովյան շրջանի քարտեզ. ինչպե՞ս են «սունկ» կայքերը շահարկում պատմությունը

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում ակտիվ տարածվում են գրառումներ, որոնք պնդում են, թե հրապարակվել է ԽՍՀՄ վերջին առաջնորդ Միխայիլ Գորբաչովի ժամանակաշրջանի «գաղտնի քարտեզ»։
«Շոկային փաստաթուղթ․ Գորբաչովի գաղտնի քարտեզը հրապարակվեց առաջին անգամ»,- գրել են ֆեյսբուքյան էջերը՝ կցելով լուսանկար, որտեղ ներկայացված է քարտեզ, ինչպես նաև Միխայիլ Գորբաչովի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատկերները։
Գրառումը վերջին յոթ օրում տարածվել է ֆեյսբուքյան ավելի քան 75 էջով։ Դրանց թվում են` 75,000 հետևորդ ունեցող Աֆորիզմներ էջը, 122,000 հետևորդ ունեցող INFO PAGE էջը, 101,000 հետևորդ ունեցող Միասնական Հայաստան էջը և այլն։

Իրականում, որևէ «գաղտնի քարտեզ» չի հրապարակվել։ Ֆեյսբուքյան էջերը շարունակում են «սենսացիոն» վերնագրերով գրառումներ տարածել՝ փորձելով հորինված տեղեկությունների հաշվին ավելացնել դիտումները։
Խոստանում են «շոկային փաստաթղթեր», բայց ոչինչ ցույց չեն տալիս
Ֆեյսբուքյան էջերի պոստերի մեկնաբանություններում տեղադրել են մի քանի կայքերի հղումներ, որոնք իբր պարունակում են «գաղտնի քարտեզի» մասին մանրամասները։ Դրանց թվում է yer.arminfonews[.]ru կայքի հղումը, սակայն կցված հոդվածի մեջ խոստացված տեղեկությունը չկա։
![Տեսապատկերը yer.arminfonews[.]ru կայքի հրապարակումից Տեսապատկերը yer.arminfonews[.]ru կայքի հրապարակումից](https://civilnet.am/storage/media/26/04/17/0bWOyCqsjnsWwiW3.webp)
Կցված հոդվածը ռուսերեն է։Դրանում, սակայն, որևէ կոնկրետ տվյալ կամ ապացույց չի ներկայացվում․ այն կառուցված է ընդհանուր ձևակերպումների վրա՝ նշելով, թե իբրև հրապարակվել է ԽՍՀՄ վերջին առաջնորդ Միխայիլ Գորբաչովի ժամանակաշրջանին առնչվող «քարտեզ», որը իբրև պահվել է փակ արխիվներում։ Ավելին, հոդվածում անգամ խոսվող «քարտեզը» ներկայացված չէ․ չկա ոչ դրա պատկեր, ոչ հղում կամ որևէ ապացույց, որը կհաստատի դրա գոյությունը։ Նյութը սահմանափակվում է ընդհանուր պնդումներով՝ առանց ստուգելի տվյալների։
Բաց աղբյուրներում «գաղտնի քարտեզի» վերաբերյալ որևէ տեղեկություն չի հայտնաբերվել։
Հոդվածում նշվում է իբրև սոցիալական հարթակներում բուռն քննարկումներ են ծավալվել քարտեզի հրապարկման մասով, սակայն նման քննարկումներ չեն արձանագրվել։
Պետք է նշել նաև, որ ֆեյսբուքյան հայալեզու էջերը առաջին անգամ չէ, որ նույն լուսանկարով տարածում են այս «սենսացիան»․ նմանատիպ գրառումները պարբերաբար կրկնվում են։

Նաիրի Հունանյանի «լռության խախտումը»
Ֆեյսբուքյան էջերը տարածում են գրառուներ՝ «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչական խմբավորման պարագլուխ Նաիրի Հունանյանը, որը դատապարտվել է ցմահ ազատազրկման, իբրև նոր բացահայտումներ է արել:
«Այլևս լռել չեմ կարող. նոր սենսացիա․ Նաիրի Հունանյանի բաց մանրամասները մեկնաբանությունում»,-գրել են ֆեյսբուքյան էջերը՝ կցելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Հունանյանի պատկերները։
Այս գրառումներն էլ միայն վերջին օրերին տարածվել է ավելի քան 67 էջով:
Դրանց թվում են 91 000 հետևորդ ունեցող Հայկական Լուրեր, 11 000 հետևորդ ունեցող Հետաքրքիր և այլ էջերը: Գրառումներիմեկնաբանություններում տեղադրել են մի քանի կայքերի հղումներ։ Դրանց թվում է lureronline[.]ru կայքի հղումը:

Սակայն այս դեպքում էլ հոդվածում խոստացված մանրամասները չկան, և բացակայում են դրանց վերաբերյալ ստուգելի տվյալները։
«Հատկապես ցնցող են վկայությունները, որոնք նկարագրում են որոշ մանրամասներ, որոնք երբեք նախկինում չեն հրապարակվել։ Դրանք վերաբերում են հանդիպումների, խոսակցությունների և որոշումների շղթայի, որոնք կարող էին փոխել պատմության ընթացքը։ Բայց այդ փոփոխությունները այդպես էլ չեն իրականացվել»,- գրված է հոդվածում՝ այդպես էլ չներկայացնելով ադ վկայությունները։
Ի դեպ, այս հոդվածում նույնպես նշվում է իբրև սոցիալական հարթակներում բուռն քննարկումներ են ծավալվել հրապարկման մասով, սակայն նման քննարկումներ չեն արձանագրվել։

Այսպիսով, ֆեյսբուքյան մի քանի տասնյակ էջեր, որոնք ունեն հարյուր հազարավոր հետևորդներ, տարածում են «սենսացիոն» բացահայտումների մասին գրառումներ, որոնք, սակայն, հորինված են։ Դրանք մոլորեցնող և չստուգվող տեղեկություններ են՝ օգտատերերին հղումների միջոցով իրենց կայքեր ուղղորդելու նպատակով։ Այս կերպ փորձ է արվում մեծացնել կայքերի այցելությունների թիվը և գովազդից ստացվող եկամուտը։ Նման կայքերը հաճախ աչքի են ընկնում ցածրորակ գովազդով, իսկ հոդվածների մի մասը հրապարակվում է նաև ռուսերեն՝ թիրախավորելով ռուսախոս լսարանին։
Փաստերի ստուգում
Արմեն Մկրտչյան
CivilNetCheck










