«Այս իշխանություններից ուրիշ որոշում անհնար էր սպասել. ինչ սպասում էինք, այն էլ եղավ»․ գործարար և «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանն այսպես է մեկնաբանել իր տնային կալանքը ևս երեք ամսով երկարաձգելու որոշումը։
Ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն դատարանը քննում էր Կարապետյանի կալանքի երկարաձգման հարցը։
Կարապետյանին թույլատրվել է հարցազրույցներ տալ։ Նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա և իր թիմն ասացին, որ առաջիկայում կհրավիրեն լրագրողներին ու կպատասխանեն հարցերին։ Այնուհանդերձ, նա կարճ պատասխանեց որոշ հարցերի։
Կմտնե՞ր քաղաքականություն, եթե Եկեղեցուն պաշտպանելուց հետո նրան չկալանավորեին, Կարապետյանն ասաց՝ «իհարկե ոչ»․ ճշտող հարցին, թե արդյոք այդ հայտարարությու՞նն է ստիպել, որ մտնի քաղաքականություն, ասաց՝ «այս անարդարություններն են ստիպել, որ մտնեմ»։
Արդյո՞ք Ռուսաստանն է ուղղորդել, որ մասնակցի ընտրություններին, Կարապետյանն ասաց՝ «Ռուսաստանն ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը»։
Խորհրդարանական ընտրությունների մասին հարցին ի պատասխան Կարապետյանն ասաց՝ «մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 տոկոս»։
Դատարանի բակում հազարավոր քաղաքացիներ էին հավաքված՝ ի աջակցություն Կարապետյանի։ Ավելի վաղ դատարանի տարածքից 17 անձ է բերման ենթարկվել և ձերբակալվել։ Նրանք երթով Թբիլիսյան խճուղիուվ շարժվում էին դեպի Հակակոռուպցիոն դատարան։
․․․
2025-ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն: Նա կալանավորվեց հունիսի 18-ին՝ իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ անելու մեղադրանքով։ Ժամանակի ընթացքում նրա մեղադրանքին ավելացվեց հարկերը չվճարելն ու առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը, ինչը նրա փաստաբանները հերքում են և հայտարարում, որ նա կալանավորվել է բացառապես հարցազրույցի համար, որում պաշտպանել է Եկեղեցուն։
Դեկտեմբերի 30-ին բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով, 4 մլրդ դրամ գրավով և այլ սահմանափակումներով:
Սամվել Կարապետյանն «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն է՝ 2026-ի խորհրդարանական ընտրություններում։ Ստացվում է՝ նա մինչև ընտրությունները կշարունակի լինել տնային կալանքի տակ։












