Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք անունով։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարին լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:
Ապրիլի 7-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Այս նախագծի դրույթներից մեկով կուսակցությունների դաշինքի անվանման մասով սահմանափակումներ մտան։ Նոր նախագծով այդ սահմանափակումները վերականգնվում են՝ հստակեցնելով, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ։ Այս փոփոխությամբ պայմանավորված՝ Սամվել Կարապետյանի անունը հանվել է դաշինքի անվանումից։
Գոհար Մելոյանի խոսքով՝ անվան փոփոխության մասին շուտով համապատասխան փաստաթղթերը կներկայացնեն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով։
«Առաջին ուղերձը, որ մենք տվել ենք այն է՝ մեր պայքարը իշխանության համար չէ, սա դասական քաղաքական պայքար չէ, մեր քաղաքական ուժը ծնվել է հայ ազգային ինքնության ու արժեքների դեմ պայքարից»,- ասաց Մելոյանը։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին հինգ համարներն են՝ Նարեկ Կարապետյան, Արամ Վարդևանյան, Գոհար Մելոյան, Դավիթ Ղազինյան, Ռուբեն Մխիթարյան։
«Սամվել Կարապետյանի անունը չէր կարող ցուցակում լինել, քանի որ նա այս պահին չի համապատասխանում ՀՀ վարչապետի համար ներկայացված ցենզերին։ Նա կդառնա վարչապետ, երբ մենք հաղթենք ընտրություններին ու իրականացնենք սահմանադրական բարեփոխումներ։ Մենք հայտարարել ենք, որ Սամվել Կարապետյանը լինելու է միայն ՀՀ քաղաքացի»,- ասաց Մելոյանը։
«Ուժեղ Հայաստանը» տարբեր ուժերի հետ երկար բանակցություններից հետո օրեր առաջ դաշինք կնքեց «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցությունների հետ: Այդ ժամանակ հայտարարեցին, որ ընտրություններին մասնակցելու են դաշինքով: Այսօր՝ ապրիլի 21-ին, «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրեցին հուշագիր՝ առաջիկա ընտրություններին միասին մասնակցելու վերաբերյալ։
«Մեր ազգն ունի ընդհանուր նպատականեր, և դրանք իրագործելու համար մենք ուրախ ենք միավորվել ամեն անգամ նոր ուժերի հետ, որոնք պատասխանատու չեն այն վիճակի համար, որ այսօր կա ՀՀ-ում։ Մենք ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանի հիմնած «Ապրելու երկիր» կուսակցությունը միացել է մեզ»,- հայտարարեց Նարեկ Կարապետյանը։
Ճեպազրույցի ժամանակ Կարապետյանը հայտարարեց, որ կան քաղաքական ուժեր, որոնց հետ քննարկումներ են ունենում, սակայն չմանրամասնեց՝ նշելով, որ միայն քննարկումների ավարտից հետո հանրությանը կտեղեկացնեն։












