Գլխավոր Լրահոս

«Դաժան դեպք», «Ցավալի լուր», «Լավ լուր». ինչպե՞ս են «սունկ» կայքերը գրավում օգտատերերին

«Դաժան դեպք», «Ցավալի լուր», «Լավ լուր». ինչպե՞ս են «սունկ» կայքերը գրավում օգտատերերին

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում ապրիլի 28-ից տարածվում են գրառումներ՝ «Դաժան դեպք Հայաստանում․ հասան դեպքի վայր․ 6 հոգու տարան հիվանդանոց ու․.․ինչ է եղել․ մանրամասները մեկնաբանությունում» վերտառությամբ։ 

Կցված լուսանկարի վրա shamshyan.com-ի տարբերանշանն է։ Սակայն հղումով բացվող նյութում միջադեպի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա, իսկ օգտագործված լուսանկարը կապ չունի նշված դեպքի հետ և վերցված է այլ համատեքստից։

Ֆեյսբուքյան կեղծ լրատվական էջերը նման հրապարակումներով փորձում են գրավել օգտատերերի ուշադրությունը՝ օգտագործելով սենսացիոն և խուճապահար ձևակերպումներ, ինչպիսիք են «Դաժան դեպք», «Ցավալի լուր», «Այլևս չի պահանջվի»։ 

Հայաստանում «դաժան դեպքի» պատմությունը

Իբրև վեց մարդու հիվանդանոց տեղափոխելու գրառման մեկնաբանությունում տեղադրված է yer.arminfonews[.]ru կայքի հղումը՝ նույն վերնագրով։ Հղումը բացելուց հետո կցված տեքստը ռուսերեն է։  

Էկրանապատկերը Blogger.am ֆեյսբուքյան էջի հրապարակումից
Էկրանապատկերը Blogger.am ֆեյսբուքյան էջի հրապարակումից

Տեքստը պարունակում է դրամատիկ ու էմոցիոնալ նկարագրություններ՝ «իրավիճակը նկարագրում են որպես «քաոսային և դժվար»», «մենք անում ենք հնարավոր ամեն ինչ», «ինչպե՞ս կարող էր նման սարսափելի դեպք տեղի ունենալ»: Ներկայացված են նաև անանուն «ականատեսների» ու «բժշկի» խոսքեր: 

Կոնկրետ դեպքի վայրի և ժամանակի մասին տեղեկություններ հոդվածում առկա չեն: Նշվում է, որ կա 6 տուժած տարբեր մարմնական վնասվածքներով, իսկ իրավապահ մարմինները պարզում են, թե ինչ է տեղի ունեցել:

Տեքստում նաև հղում են անում սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից ակտիվ քննարկումներին, սակայն որևէ նման քննարկում չի գրանցվել։ 

Օգտագործված լուսանկարն իրականում shamshyan.com-ինն է, սակայն նոր չէ․ այն հրապարակվել է դեռևս 2022 թվականին՝ Ակնալիճ գյուղում տեղի ունեցած բնակիչների բողոքի ակցիաների վերաբերյալ նյութերում։

Էկրանապատկերները Armenia Today և 168.am լրատվամիջոցների հրապարակումներից
Էկրանապատկերները Armenia Today և 168.am լրատվամիջոցների հրապարակումներից

Գագիկ Շամշյանի  հայտնած «ցավալի» լուրը

Ֆեյսբուքյան էջերը ապրիլի 27-ին տարածել են նաև լուսանկար, որի վրա ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն է և մոմեր

«Աստված հոգին լուսավորի…ցավալի լուր Գագիկ Շամշյանից տեսանյութը»,- գրառումը՝ մանրամասներին ծանոթանալու համար կրկին ուղղորդելով yer.arminfonews[.]ru կայք:

Էկրանապատկերը Blogger.am ֆեյսբուքյան էջի հրապարակումից
Էկրանապատկերը Blogger.am ֆեյսբուքյան էջի հրապարակումից

Տեքստը ողբերգական դեպքի մասին է, որտեղ հղում է արվում անհայտ «ականատեսների», որոնք իբր լսել են շտապօգնության մեքենաների ձայները և տեսել «քաոսային իրավիճակ», որևէ կոնկրետ վայր կամ ժամանակ չի նշվում:  

Տեքստում օգտագործվում են դրամատիկ ձևակերպումներ՝ «մեծ կորուստ», «ողբերգություն» և այլն: Տեքստում տեղադրված է տեսանյութ, որի սկզբում հայտնում են, թե Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ֆեյսբուքյան, իր էջում ցավակցական գրառում և լուսանկար է հրապարակել։ Սակայն տվյալ գրառումը 2025-ի դեկտեմբերին է արվել, իսկ տեսանյութում Շամշյանին վերագրվում են խոսքեր, որոնք նա չի արել։

Սակայն ֆեյսբուքյան էջերում տեղադրված լուսանկարը մոլորեցնող է, քանի որ տպավորություն է ստեղծվում, թե Շամշյանի հետ է ինչ-որ միջադեպ տեղի ունեցել։

Արփինե Սարգսյանի «լավ լուրը»

Ֆեյսբուքյան էջերը նույն օրը տարածել են գրառում «Այլևս չի պահանջվի նախարարը նոր լավ լուր հայտնեց. մանրամասները մեկնաբանությում» վերնագրով: Գրառմանը կրկին կցված է yer.arminfonews[.]ru կայքի հղումը՝ ռուսալեզու տեքստով:

Էկրանապատկերը Blogger.am ֆեյսբուքյան էջի հրապարակումից
Էկրանապատկերը Blogger.am ֆեյսբուքյան էջի հրապարակումից

Ըստ տեքստի՝ ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) նախարար Արփինե Սարգսյանը կայացրել է որոշում, որը կհեշտացնի քաղաքացիների համար առկա դժվարություններն ու բեռը, հղում են անում ժողովրդական պահանջի ներքո այս որոշումը կայացնելու նրա խոսքերին: Սակայն, չի նշվում, թե ինչ կոնկրետ որոշման մասին է խոսքը, ինչպես է այն գործելու և երբ է այն ընդունվել: Որևէ պաշտոնական գրություն առկա չէ նախարարի նման հայտարարության կամ որոշման մասին: 

Նաև հղում են անում փորձագետների «գնահատականներին» և սոցցանցերում օգտատերերի կողմից նոր որոշման և նախկին փորձի մասին քննարկումներին: Սակայն, որևէ նմանատիպ ակտիվություն առկա չէ սոցիալական ցանցերի հայկական տիրույթում:

Այս հրապարակումները տարածվում են մի քանի հարյուր հազարավոր հետևորդ ունեցող ֆեյսբուքյան էջերով, օրինակ` Blogger.am, Միասնական Հայաստան, Arm Info 365 և այլն:

Այսպիսով, ֆեյսբուքյան որոշ էջեր և «սունկ» կայքեր տարածում են մոլորեցնող և չստուգվող տեղեկություններ՝ օգտատերերին հղումներով իրենց կայքեր տեղափոխելու նպատակով։ Դրանց նպատակը կայքերի այցելությունների թիվը մեծացնելն ու գովազդից եկամուտ ստանալն է։ Այդ կայքերը սովորաբար լի են ցածրորակ գովազդով, իսկ հոդվածների մի մասը հրապարակվում է ռուսերեն՝ թիրախավորելով նաև ռուսախոս լսարանին։ 

Տես՝ Գորբաչովյան շրջանի քարտեզ. ինչպե՞ս են «սունկ» կայքերը շահարկում պատմությունը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում