Գլխավոր Լրահոս

«Ողբերգական վթար» ու «վատ լուր»․ «սունկ» կայքերի կեղծ բովանդակության մեխանիզմը

«Ողբերգական վթար» ու «վատ լուր»․ «սունկ» կայքերի կեղծ բովանդակության մեխանիզմը

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում ապրիլի 27-ին տարածվել են գրառումներ՝ «Ողբերգական վթար․ մահացել է հայազգի հայտնի բռնցքամարտիկը․ երկիրը սգում է իր սիրելի մարզիկին.  մանրամասները մեկնաբանությունում» վերտառությամբ։  

Ֆեյսբուքյան լրատվական կեղծ էջերը այդպես փորձում են գրավել օգտատերերի ուշադրությունը՝ սենսացիոն և խուճապահար ձևակերպումներով: Օրինակ՝ «Ողբերգական վթար», «Դժբախտությունը չշրջանցեց», «Վատ լուր» ձևակերպումներով:

#CivilNetCheck-ը պարզել է, որ նմանատիպ հրապարակումները չեն պարունակում ստուգելի տվյալներ և կառուցված են clickbait մեխանիզմներով։ Clickbait-ը («խայծ-վերնագիր») մոլորեցնող և չափազանցված ձևակերպումներով գրված վերնագիր կամ գրառում է, որի նպատակը օգտատիրոջը հղման վրա սեղմել ստիպելն է։

«Հայազգի բռնցքամարտիկի» «ողբերգական ավտովթարը»

Իբրև հայազգի մարզիկի ավտովթարի պատճառով մահվան մասին գրառման մեկնաբանությունում տեղադրված է yer.arminfonews[.]ru կայքի հղումը՝ նույն վերնագրով։ Հղումը բացելուց հետո կցված տեքստը ռուսերեն է։  

Էկրանապատկերը Blogger.am ֆեյսբուքյան էջի հրապարակումից
Էկրանապատկերը Blogger.am ֆեյսբուքյան էջի հրապարակումից

Տեքստը պարունակում է դրամատիկ ու էմոցիոնալ ձևակերպումներ՝ «ահավոր ճանապարհատրանսպորտային պատահար», «երիտասարդ մարզիկը մահացավ», «դու միշտ կմնաս մեր հուշերում»: Հղում են անում նաև անանուն «մարզչի», «ականատեսների», «ընկերների», «բժիշկների», «փրկարարների»: 

Կոնկրետ դեպքի վայրի և ժամանակի մասին տեղեկություններ հոդվածում առկա չեն, միայն նշված է, որ դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերը: 

Հատկանշական է, որ գրառմանը կցված է Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, սակայն տեքստում նրա մասին որևէ հիշատակում չկա։

Հատկանշական է, որ գրառմանը կցված է Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, սակայն տեքստում նրա մասին որևէ հիշատակում չկա։ Իրականում լուսանկարը արվել է 2021-ին՝ ներքին գործերի նախկին նախարար, գրող և հրապարակախոս Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողության ընթացքում և կապ չունի ենթադրյալ ավտովթարի կամ որևէ «մարզիկի մահվան» մասին տարածվող պատմության հետ։

Նիկոլ Փաշինյանի «վատ լուրը»

Նույն ֆեյսբուքյան էջերը տարածել են «Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ վատ լուր հայտնեց․․․Մեզ միայն. մանրամասները մեկնաբանությունում» վերնագրով գրառում՝ կրկին կցելով yer.arminfonews[.]ru կայքի հղումը՝ ռուսալեզու տեքստով:

Էկրանապատկերը Blogger.am ֆեյսբուքյան էջի հրապարակումից
Էկրանապատկերը Blogger.am ֆեյսբուքյան էջի հրապարակումից

Տեքստում նշվում է, թե Փաշինյանի հայտարարությունը լայն արձագանք է ստացել հասարակության և սոցցանցերում, ինչպես նաև «ավելացնում է առկա խնդիրները» և «անորոշություն առաջացնում»։ Սակայն որևէ կոնկրետություն չկա՝ չի նշվում, թե ինչ հայտարարության մասին է խոսքը և ինչ բովանդակություն ունի։

Փոխարենը օգտագործվում են խուճապ առաջացնող ձևակերպումներ և հարցադրումներ՝ «ինչո՞ւ հենց հիմա», «ինչի՞ սա կհանգեցնի», «սա վե՞րջն է, թե՞ նոր սկիզբը»։

Տեքստում այդպես էլ չի հստակեցվում, թե ի՞նչ «վատ լուրի» մասին է խոսքը, ինչը վկայում է, որ գրառումը կառուցված է բացառապես ուշադրություն գրավելու և օգտատերերին հղումով անցնելու դրդելու նպատակով։

Հրանտ Թոխատյանի «դժբախտությունը»

Ֆեյսբուքյան էջերը տարածել են նաև «Դժբախտությունը չշրջանցեց նաև սիրված դերասան Հրանտ Թոխատյանին․ մանրամասները մեկնաբանությունում» վերնագրով գրառում՝ նորից հղում տալով yer.arminfonews[.]ru կայքին:

Էկրանապատկերը Blogger.am ֆեյսբուքյան էջի հրապարակումից
Էկրանապատկերը Blogger.am ֆեյսբուքյան էջի հրապարակումից

Տեքստում օգտագործվում են չափազանց դրամատիկ և ընդհանրական ձևակերպումներ՝ «նույնիսկ ամենաուժեղները երբեմն անսպասելի հարվածների են ենթարկվում», «նրա աչքերում անբացատրելի տխրություն կար», «դա այնպիսի ցավ է, որ դժվար է բառերով նկարագրել»։

Բացի այդ, հղումներ են արվում սոցիալական ցանցերի անհայտ օգտատերերի գրառումների վրա, որոնք իբր աջակցություն են հայտնել դերասանին, սակայն նման հրապարակումներ չեն հայտնաբերվում։

Այսպիսով, նյութը չի պարունակում որևէ կոնկրետ կամ ստուգելի տեղեկատվություն և կառուցված է միայն էմոցիոնալ ձևակերպումների և անանուն աղբյուրների վրա՝ օգտատերերի ուշադրությունը գրավելու նպատակով։

Բոլոր այս հրապարակումները կառուցված են նույն սխեմայով՝ սենսացիոն վերնագիր, էմոցիոնալ և անորոշ տեքստ, անանուն աղբյուրներ և մեկնաբանությունում տեղադրված հղում։

Դրանք չեն պարունակում ստուգելի տեղեկություններ և նպատակ ունեն օգտատերերին ներգրավել հղումների միջոցով։

Փաստացի, ֆեյսբուքյան կեղծ լրատվական էջերը և «սունկ» կայքեր տարածում են մոլորեցնող ու չստուգվող տեղեկություններ՝ օգտատերերին հղումներով իրենց կայքեր ուղղորդելու համար։ Նպատակը այցելությունների աճն ու գովազդային եկամուտ ստանալն է։ Կայքերում հաճախ տեղադրվում են ցածրորակ գովազդներ, իսկ նյութերի մի մասը հրապարակվում է նաև ռուսերեն՝ ռուսախոս լսարանին թիրախավորելով։

Նման բովանդակությունը տարածվում է հարյուր հազարավոր հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան էջերով, ինչպիսիք են՝ Blogger.am, Միասնական Հայաստան, Arm Info 365, Ժպտա և ողջ աշխարհը կժպտա քեզ և այլք:

Տես նաև՝ «Դաժան դեպք», «Ցավալի լուր», «Լավ լուր». ինչպե՞ս են «սունկ» կայքերը գրավում օգտատերերին:

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում