Փաշինյանի «ադրբեջանցի մայրը». կեղծ պնդում՝ մանիպուլյատիվ լուսանկարով

Սոցիալական ցանցերում տարածվում են գրառումներ, ըստ որոնց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայրը իբր ադրբեջանցի է եղել։ Պնդումը ուղեկցվում է մի լուսանկարով, որը ներկայացվում է որպես նրա մոր պատկեր։
«Նիկոլի մայրը եղել է մաքուր ադրբեջանուհի՝ Արզու Այվազ կիզի Մուսթաֆաևա, որ ծնված է եղել 1962 թ., Շամխորում: Նա մահացել է 90-ականների սկզբին»,- գրված է տարածվող հրապարակումներում։
Գրառումները մեծ տարածում են ստացել․ դրանցից մեկը, որը տարածվել էր դեռևս մարտի 18-ին, հավաքել է շուրջ 2300 արձագանք, 266 մեկնաբանություն, 1100 տարածում և ավելի քան 636 հազար դիտում։ Նույնաբովանդակ մեկ այլ գրառում տարածվել է ապրիլի 28-ին և հավաքել է 4800 արձագանք, 2200 մեկնաբանություն և 1600 տարածում։

Համացանցի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նույն լուսանկարը բազմիցս շրջանառվել է՝ որպես Նիկոլ Փաշինյանի մոր պատկեր, մինչդեռ այն որևէ առնչություն չունի նրա ընտանիքի հետ։
Ինչ է հայտնի Նիկոլ Փաշինյանի ընտանիքի մասին
Նիկոլ Փաշինյանի՝ primeminister.am կայքում ներկայացված կենսագրության մեջ նրա ընտանիքի մասին մանրամասները սահմանափակ են։ Սակայն նա երկար ժամանակ ունեցել է նաև nikolpashinyan.com պաշտոնական կայքը, որտեղ հրապարակված են եղել նրա հոդվածները, գործունեության վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև տվյալներ նրա մանկության և ընտանիքի մասին։ Թեև կայքը ներկայում հասանելի չէ, այն արխիվացված է web.archive.org կայքում։
Այստեղ առաջին դեմքով Փաշինյանը ներկայացնում է իր ընտանիքը։ Նա նշում է, որ իր հայրը՝ Վովա Նիկոլի Փաշինյանը, ծնվել է 1940 թվականի մարտի 2-ին և երկար տարիներ աշխատել է որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։
«Հենց այս կարգավիճակում առաջին նշանակումը ստանալով Դիլիջանի շրջանի Հաղարծին գյուղում՝ նա ծանոթացել է մորս՝ 1946 թվականի հունվարի 1-ին ծնված Սվետլանա Նիկոլի Փաշինյանի (Հովհաննիսյան) հետ»,- գրել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ մայրը մահացել է 1987 թվականի մայիսի 4-ին՝ գլխուղեղի քաղցկեղից։
Այսինքն՝ գրառումներում ներկայացված մի շարք տվյալներ չեն համապատասխանում իրականությանը։ Նշվում է, թե Փաշինյանի մայրը ծնվել է 1962 թվականին (որոշ հրապարակումներում՝ 1952), մինչդեռ նրա ներկայացրած կենսագրության համաձայն՝ մայրը ծնվել է 1946 թվականին։ Իրականությանը չի համապատասխանում նաև մահվան վերաբերյալ պնդումը (նշվում է, թե նա մահացել է 90-ականներին)․ ըստ կենսագրության՝ նա մահացել է 1987 թվականին։
Բացի այդ, գրառումներում նշվում է, թե նա ծնվել է Շամխորում, մինչդեռ Փաշինյանի ներկայացմամբ՝ նրա մայրը կապված է Հաղարծին գյուղի հետ։
Նկարի սկզբնաղբյուրը
Փաշինյանի մոր՝ ադրբեջանցի լինելու պնդումը փորձ է արվում հիմնավորել միայն կցված լուսանկարով․ դրանից բացի որևէ այլ ապացույց չի ներկայացվում։ #CivilNetCheck-ին հաջողվել է գտնել լուսանկարի սկզբնաղբյուրը։
Այն վերցված է ադրբեջանցի ազգագրագետ Աթիգա Իզմայիլովայի արխիվից, որը հրապարակված է նրա կայքում և հասանելի է բաց աղբյուրներում։

Հայկական տիրույթում տարածվող լուսանկարը իրականում ավելի մեծ կադրի հատված է։ Նկարի նկարագրության մեջ նշվում է, որ այն արվել է 1958 թվականին Ադրբեջանի Լերիկի շրջանում, որը գտնվում է Շամխորից բավական հեռու և նրա հետ սահմանակից էլ չէ։
Օրեր առաջ ևս ապատեղեկատվություն էր տարածվել, թե իբր Նիկոլ Փաշինյանը թուրքական Milliyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր նախապապը թուրք է եղել։ Այս պնդումը նույնպես կեղծ է․ Փաշինյանը նման հարցազրույց չի տվել և նման տեղեկություն չի հայտնել։ Մանրամասները՝ «Փաշինյանի «թուրք նախապապը». ինչպե՞ս տարածվեց պատմությունը։
Այսպիսով, սոցիալական ցանցերում տարածվող պնդումը, թե Փաշինյանի մայրը ադրբեջանցի է, փաստական հիմք չունի։ Ավելին՝ որպես «ապացույց» ներկայացվող լուսանկարը իրականում վերցված է այլ աղբյուրից և որևէ կապ չունի նրա ընտանիքի հետ։
Անի Գրիգորյան
CivilNetCheck










