Գլխավոր Լրահոս

Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրան հանձնվել է բողոքի նոտա

Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրան հանձնվել է բողոքի նոտա

Ադրբեջանում Եվրոպական միության դեսպան Մարիանա Կույունդժիչը հրավիրվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ 

Դեսպանին ներկայացվել է բողոքի նոտա՝ ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված հակաադրբեջանական բանաձևի կապակցությամբ։

Եվրոպական խորհրդարանը դատապարտել էր Ադրբեջանում հայ ռազմագերիների, պահվող անձանց և պատանդների «անարդար կալանքը», պահանջել նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Խորհրդարանը նաև վերահաստատել էր իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքին՝ ներառյալ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանությունը։

ԱԳՆ-ն նշում է, որ «բանաձևի դրույթները խեղաթյուրում են իրականությունը, հակասում են օբյեկտիվության սկզբունքներին, ինչպես նաև պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման պարտավորություններին»։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Եվրոպական խորհրդարանի նման մոտեցումը բացասաբար է ազդում տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների հեռանկարների վրա։

Արցախի մշակութային վտանգված ժառանգությունը․ հայաթափումից մեկ տարի անց

Ադրբեջանի ԱԳՆ-ն անհիմն է համարում նաև մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման վերաբերյալ պնդումները, և նշում է, որ «Ադրբեջանի մշակութային և կրոնական ժառանգության լայնածավալ ավերման և պղծման փաստերը օկուպացիայի տարիներին պատշաճ գնահատականի չեն արժանացել եվրոպական կառույցների կողմից»։

Ամենաթարմ դեպքերից է Ստեփանակերտի Սուրբ Աստտվածածին առաջնորդանիստ եկեղեցու ոչնչացումը։ Ապրիլի 22-ին Կովկասի մշակութային ժառանգության միջազգային կենտրոնը (Caucasus Heritage Watch) հաստատեց տեղեկությունը՝ հիմնվելով Sentinel արբանյակային պատկերների վրա։ Տաճարը օծվել էր Հայ Առաքելական եկեղեցու կողմից 2019 թվականին։

Սա Արցախում մշակութային ժառանգության վերացման առաջին դեպքը չէ։ Իսկ հայ գիտնականներն Արցախի ներկա վիճակի մասին տեղեկություններ վերցնում են միայն արբանյակային լուսանկարներից ու ադրբեջանական մեդիադաշտից. այլ հնարավորություն չկա։

ԱԳՆ-ում համարում են, որ բանաձևում առկա պնդումները՝ կապված Ղարաբաղի հայերի վերադարձի հետ, ամբողջությամբ անհիմն են, իսկ նման կոչերը գնահատվում են որպես Ադրբեջանի ներքին գործերին միջամտություն։

«ԵՄ դեսպանին փոխանցվել է, որ, չնայած 2023-ին Ադրբեջանի Սահմանադրությանը համապատասխան ներկայացված վերաինտեգրման ծրագրին, հայ բնակիչները լքել են տարածաշրջանը կամավոր հիմունքներով։ Դրան հակառակ պնդումները կեղծ են»,- նշվում է հաղորդագրությունում։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ «ռազմագերիներ ներկայացվող հայազգի անձանց ազատ արձակման կոչերը իրավական տեսանկյունից անընդունելի են»։

Դեսպանին նաև «հիշեցրել են, որ ադրբեջանական կողմը, առաջնորդվելով մարդասիրական սկզբունքներով, ազատ է արձակել բազմաթիվ կալանավորված անձանց և ձեռնարկել է վստահության ամրապնդման քայլեր։ Միևնույն ժամանակ նշվել է, որ դատապարտված անձինք մեղադրվում են ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում՝ ահաբեկչության, դիվերսիայի և ռազմական հանցագործությունների»։

Բաքվի ռազմական դատարանը փետրվարի 5-ին հրապարակել է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և 8 հայերի դատավճիռները։

Ադրբեջանն Արցախի նախկին ղեկավարությանը և 8 քաղաքացիական անձանց մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների» և «ցեղասպանության» համար։

Բաքվի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ԼՂ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին։

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։

Ադրբեջանի կառավարության որոշմամբ Կարմիր խաչի գործունեությունը  2025-ի սեպտեմբերի 3-ից կասեցվել է։ ԿԽՄԿ-ն միակ կազմակերպությունն էր, որը կարողանում էր այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին և պատանդներին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում