Գևորգ Թոսունյան
Գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանն» իր նախընտրական ծրագրում հայտարարում է, որ ունի աջ-կենտրոնամետ աշխարհայացք։ Առաջարկում է ընտրվելու դեպքում համաներում իրականացնել, փոքր և սկսնակ բիզնեսների համար շրջանառության 0 տոկոս հարկ սահմանել և այլն։ Հայաստանի էլեկրական ցանցեր ընկերության սեփականատիրոջ քաղաքական ուժը խոստանում է նաև, որ մինչև 2031-ը էլեկտրական ցանցը կանցնի Smart Grid՝ կուտակիչ կայանների համակարգով աշխատանքի։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված «Ուժեղ Հայաստան» դաշինքի ծրագրում խոսվում է Հայ առաքելական եկեղեցու սոցիալական, կրթական և բարեգործական ծառայություններին պետական աջակցության տրամադրման մասին։ Նախատեսվում է նաև «վերականգնել եկեղեցու դերն ու նշանակությունը զինված ուժերում»։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով՝ փետրվարի 1-ից դադարեցվեց բանակում եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը։
«Ուժեղ Հայաստանի» ծրագիրը քննադատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած «Ակադեմիական քաղաքի» ծրագիրը։ Նշվում է, որ դրա արժեքը կազմելու է 2-3 մլրդ դոլար, մինչդեռ ֆինանսատնտեսական հիմնավորումները հանրությանը չեն ներկայացվել, ու այդ ներդրումները չունեն կրթական և գիտահետազոտական բաղադրիչներ։
Կարապետյանի կուսակցությունը քննադատում է նաև առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգը, որը սկսեց գործել 2026-ի հունվարի 1-ից։ Նշվում է, որ «համակարգը ծածկելու է առողջապահական ծախսերի մոտ մեկ քառորդը, ինչը միջազգային փորձի համեմատ չափազանց թույլ ֆինանսավորված մոդել է»։
Քաղաքական ուժը նախատեսում է ընտրվելու դեպքում առաջիկա հինգ տարիների ընթացքում ներդնել 180-210 մլրդ դրամ արդյունաբերության ոլորտում. «Այդ նպատակով մշակվելու են հատուկ ընթացակարգեր և պայմաններ՝ հաշվի առնելով արդյունաբերական ուղղորդված քաղաքականության միջազգային առաջադեմ փորձը։ Պետությունը լինելու է համասեփականատեր, սակայն չի մասնակցելու կառավարմանը»։
300,000 աշխատատեղերի ստեղծում
Ըստ նախընտրական ծրագրի՝ սա քաղաքական ուժի «գերնպատակներից է»։
«Նման արդյունքի մենք հասնելու ենք արդյունաբերական քաղաքականության մեր յուրահատուկ մոտեցումներով՝ համակցելով դրանք աշխատանքի շուկայի քաղաքականություններում և կրթության ոլորտի հարակից քաղաքականություններում նախատեսվող արմատական վերանայումներով և վերափոխումներով։ 2027-2031 թթ. ընթացքում ակնկալում ենք տնտեսական աճի տարեկան միջին 8% աճ»։
Նախատեսում են մշակող արդյունաբերության ոլորտում ստեղծել 100,000 աշխատատեղ։ «Ուժեղ Հայաստան»-ում վերլուծել են համաշխարհային փորձն ու եկել եզրահանգման, որ «մշակող արդյունաբերությունում ստեղծած 1 աշխատատեղը անուղղակի և միջնորդված ուղիներով ողջ տնտեսությունում ստեղծում է 3-3,5 աշխատատեղ … այլ ճյուղերում»։ 300,000 աշխատատեղի հարցը նախատեսում են լուծել մինչև 2031-ը։
Խոստանում են, որ կփոխվի նաև զբաղվածության սեռային կառուցվածքը։ Ըստ քաղաքական ուժի վերլուծության՝ Հայաստանն ունի նշանակալի չօգտագործված աշխատանքային ռեսուրսներ կանանց շրջանում, որոնց զբաղվածության մակարդակն ընդամենը 42 տոկոս է։
«Նախատեսվում է, որ բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի ստեղծումը պահանջելու է հմտությունների այնպիսի շրջանակ, որոնք շատ ավելի պակաս են կախված լինելու սեռով պայմանավորված գործոններից։ Ուստի, զբաղվածության մակարդակը կանանց շրջանում 2031-ին կհասնի 61 տոկոսի։ Տղամարդկանց զբաղվածության մակարդակը կբարձրանա ևս՝ ներկայիս 60 տոկոսից հասնելով գրեթե 70 տոկոսի»։
Անվտանգություն
Սամվել Կարապետյանի ուժը խոստանում է «զարգացնել ռազմավարական և անհամաչափ զսպման կարողությունները»։
Այդ նպատակով ուզում են ստեղծել «ամրոց-պետություն», որը կունենա «խելացի սահմաններ»։ Ինչպե՞ս են դա անելու․ առաջարկում են ներդնել միասնական C4ISR-ին համապատասխան կառավարման համակարգ, որը ներառում է օդային, ցամաքային, կիբեռ և տեղեկատվական տիրույթների համաժամանակյա գործողություններ։ Սա զինված ուժերի կառավարման, վերահսկողության, հաղորդակցման, հետախուզության և տեղադիտման (Command, Control, Communications, Computers, Intelligence, Surveillance and Reconnaissance — C4ISR) ժամանակակից համակարգ է (Այս համակարգի ստեղծման մասին հայտարարում էին նաև Արցախի զինված ուժերը 2016-ի սկզբին — հեղ․)։
«Խելացի սահմանների» մասով էլ առաջարկում են «սահմանները վերածել տեխնոլոգիական բարձր խտությամբ գոտու՝ տեղակայելով արհեստական բանականության վրա հիմնված սենսորային ցանցեր և ինքնավար համակարգեր», ինչպես նաև նվազեցնել սահմանային հենակետերի թիվը՝ բարձր շարժունակություն ունեցող, տեխնոլոգիապես հագեցած արագ արձագանքման խմբերի շնորհիվ։
Վստահեցնում են, որ իրենց կառավարման դեպքում «ժամկետային յուրաքանչյուր զինծառայողի ընտանիք ստանալու է ամսական 40,000 դրամ վարձատրություն։ «20,000 մատչելի բնակարաններ» ծրագրի շրջանակում 1,000 բնակարան հատկացվելու է զինծառայողներին՝ 50% զեղչով»։
Սահմանադրության փոփոխություն ու դատական իշխանություն
Սամվել Կարապետյանին վարչապետ նշանակելու համար Սահմանադրության փոփոխությունների մասին ևս խոսք կա ծրագրում, բայց ընդհանրական ձևակերպումներ են տրվել։
Նշվում է, որ Սահմանադրության 148-րդ հոդվածում անհրաժեշտ է ամրագրել Կառավարության անդամին ներկայացվող առավել գործնական և իրատեսական պահանջներ՝ դրանք հստակ տարանջատելով Ազգային ժողովի, որպես ներկայացուցչական սահմանադրական մարմնի, պատգամավորին ներկայացվող պահանջներից։
«Գործադիր իշխանության կազմի նկատմամբ մեր դիրքորոշումը միանշանակ համապատասխանում է միջազգային լավագույն փորձին և նպատակ ունի բացառել պետական կառավարման համակարգում մասնակցության արհեստական սահմանափակումները, ապահովել ավելի ներառական ու ճկուն իրավակարգավորում»,- ասված է ծրագրում։
Դատական իշխանության բարեփոխման համար էլ երկու գործողություն են ուզում իրականացնել՝ Սահմանադրությունում անհետաձգելի քայլեր կատարել ու խորքային սահմանադրական բարեփոխումներ իրականացնել։
Նախատեսում են նաև նվազեցնել դատական տուրքերի չափերը և պարզեցնել դատարան դիմելու ընթացակարգերը։
Դատական իշխանության հանդեպ հանրային վստահության բարձրացման ուղղությամբ ցանկանում են յուրաքանչյուր տարի նախաձեռնել անկախ փորձագետների կողմից միջազգային իրավունքի նորմերով ճանաչված մեթոդաբանությամբ դատարանների և կոնկրետ դատավորների նկատմամբ վստահության աստիճանը որոշելու գործընթաց՝ ցածր ցուցանիշների արձանագրումը փոխկապակցելով որոշակի բացասական իրավական հետևանքների հետ, հատկապես՝ առաջխաղացման համատեքստում։
Բացի այդ, ուզում են օրենքով արգելել իշխանության այլ ճյուղերի ներկայացուցիչներին ոչ միայն դատարանների և դատավորների հասցեին վիրավորական և զրպարտչական արտահայտություններ անելը, այլև ժողովրդի կողմից վստահության աստիճանի մասին սուբյեկտիվ դատողություններ հնչեցնելը։
Սահմանադրության փոփոխությամբ էլ ուզում են ներդնել բարձրաստիճան պաշտոնյաների քրեական գործերով, այսպես կոչված՝ հատուկ դատախազի ինստիտուտը։
«Այդ կարգավիճակը կվերապահվի այնպիսի հստակ ընթացակարգերով ընտրված անձի, որը որևէ կերպ առնչություն չի ունենալու քաղաքական գործունեության և հանրային իշխանության հետ և գործելու է լիարժեք անկախության պայմաններում։ Վերջինիս կվերապահվի նաև գործադիր իշխանության ակնհայտ ապօրինի հրահանգները կատարելու մեջ կասկածվող դատավորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու և դրանցով մինչդատական վարույթների նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավասություն»։
Աղքատության վերացում
Քաղաքական ուժի նպատակն է, որ «երեխա ունեցող ընտանիքը աղքատ չի լինելու»։
«Մենք որդեգրելու ենք «պետությունը երրորդ ծնող» սկզբունքը՝ առաջին հերթին նպաստելու ենք, որ ծնողներն ի զորու լինեն ապահովել իրենց երեխաների բարեկեցությունը, սակայն բոլոր այն դեպքերում, երբ նրանք օբյեկտիվորեն չեն կարողանում դա անել, դա կանի պետությունը»,- ասված է ծրագրում։
Մասնավորապես, նախատեսում են առաջին հերթին իրականացնել պետական հատվածում աշխատող բուժաշխատողների և ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում։
«Երևանում այդ աշխատավարձերը կավելանան տարեկան 20%-ով, իսկ մարզերում՝ տարեկան 25%-ով՝ 2031-ին հասնելով ավելի քան կրկնապատկված ցուցանիշի։ Աշխատանքային եկամուտների աճը դիտվելու է որպես աղքատության կրճատման հիմնական գործիք։ Մենք վերանայելու ենք հանրային հատվածում աշխատավարձերի քաղաքականությունը, որպեսզի աշխատանքը դառնա աղքատությունից դուրս գալու իրական միջոց»։
Արտաքին քաղաքականություն
Ըստ Ուժեղ Հայաստանի՝ Ադրբեջանի հետ երաշխավորված կայուն խաղաղության հաստատումը հրամայական է, ինչը պետք է ապահովվի մեկից ավելի երաշխավորների ներգրավմամբ։
«Երաշխավորները, իրենց հերթին, պետք է ունենան հստակ սահմանված պայմանագրային պարտավորություններ և իրավունքներ»,- նշված է նախընտրական ծրագրում։ Ուշագրավ է, որ ի հակադրություն սրան՝ Քաղաքացիական պայմանագիրն առաջարկում է առանց երրորդ կողմի, այլ ուղիղ ու երկկողմանի երկխոսություն Ադրբեջանի հետ։
Ծրագրում խոսվում է նաև խաղաղության պայմանագրի մասին, նշվում է, թե «երջնական, իրավաբանական ուժ ունեցող պայմանագիրը պետք է հիմնված լինի առնվազն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ներքին գործերին չմիջամտելու, փոխադարձության, ինչպես նաև ուժի կիրառման և դրա սպառնալիքի բացառման սկզբունքների վրա»։ Այս պայմանագրի կնքման դեպքում էլ քաղաքական ուժը առաջարկում է երաշխավորներ ունենալ։
Ուժեղ Հայաստանը ընտրվելու դեպքում ձգտելու է Հայաստանի փակ սահմանների բացմանը։ Նախատեսում են խորացնել հարաբերությունները Վրաստանի ու Իրանի հետ, իսկ Թուրքիայի հետ՝ «հասնել հարաբերությունների լիարժեք կարգավորման՝ ներառյալ դիվանագիտական հարաբերությունների հաստատում՝ առանց նախապայմանների»։
«Կարևոր նպատակ ենք համարում սահմանների բացումը՝ հիմնվելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, բացառելով պատմական ճշմարտության ու ազգային արժանապատվության զիջումը։ Տնտեսական ազդեցությունից զատ, այն կնպաստի նաև ժողովուրդների միջև շփումների ակտիվացմանը՝ աստիճանաբար վերականգնելով երկու հասարակությունների միջև վստահության մթնոլորտը»,- ասված է ծրագրում։
Ըստ ծրագրի՝ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը պետք է զարգանա, ինչպես նաև Հայաստանը պետք է խորացնի իր հարաբերությունները Եվրոպական Միության ու ԱՄՆ-ի հետ։
Ծրագրում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) ևս անդրադարձ կա։
Ըստ այդմ՝ «անհրաժեշտ է էականորեն բարձրացնել միջազգային կառույցների, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հետ համագործակցության արդյունավետությունը, ապահովելով առկա գործիքակազմի լիարժեք կիրառումը և ներուժի ամբողջական իրացումը»։
. . .
«Ուժեղ Հայաստանը» նախատեսում է Հայաստանի և Արցախի դեմ կատարված միջազգային հանցագործությունների համապարփակ արձանագրում իրականացնել և դրանց շուրջ միջազգային օրակարգ ձևավորել, իսկ բռնի տեղահանված արցախցիների համար իրականացնել սոցիալ-տնտեսական լիարժեք ինտեգրման և բնակարանային ապահովման համապարփակ ծրագրեր։
Շեշտվում է, որ Արցախում հայ ազգային մշակութային, կրոնական և պատմական ժառանգության պահպանումը ոչնչացումից պետք է սահմանվի որպես ամենօրյա քաղաքականության մաս, որը պետք է իրականացվի միջազգային կառույցների հետ ակտիվ ներգրավմամբ։
Տե՛ս նաև՝ 2026 vs 2021. ՔՊ-ի նախընտրական ծրագրերի տարբերությունները












