Գլխավոր Լրահոս

Լիսաբոնի վետոն և հետագա բանակցությունները․ ինչու է Փաշինյանի պնդումը սխալ

Լիսաբոնի վետոն և հետագա բանակցությունները․ ինչու է Փաշինյանի պնդումը սխալ

«Արցախի հեղափոխական» կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում ընթացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել է՝ կա՞ որևէ իրավական ակտ, ըստ որի Լեռնային Ղարաբաղը պետք է լիներ Ադրբեջանի կազմում։

«Կառավարության նիստում փաստաթղթեր եք հրապարակել [...]։ Կարո՞ղ եք մի տող նշել, որ ըստ այդ տողի արդեն կանխորոշված էր, որ Արցախի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ է»,- հարցրել է Օսիպյանը։

Ի պատասխան՝ Փաշինյանը հիշեցրել է 1996-ի դեկտեմբերին տեղի ունեցած Լիսաբոնի գագաթնաժողովը։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ արձանագրվել էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվեր ինքնորոշման սկզբունքի հիման վրա՝  ԼՂ-ին շնորհելով ինքնակառավարման կարգավիճակ Ադրբեջանի կազմում

«Այդ նախադասությունից հետո չի եղել ոչ մի ուրիշ տարբերակ Ղարաբաղի հարցը այլ կերպ լուծելու»,- պնդել է Փաշինյանը։ 

Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ չէ, որ անում է այս պնդումը։ Մինչդեռ այն մոլորեցնող է, քանի որ 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովում Հայաստանը կիրառել էր վետոյի իրավունք։ Բացի այդ, հետագա բանակցային գործընթացում տարբեր փուլերում քննարկվել են նաև այնպիսի առաջարկներ, որոնք չէին բացառում Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակի հնարավորությունը։

Ի՞նչ էր առաջարկվում Լիսաբոնի գագաթնաժողովում

1996-ի դեկտեմբերի 2-3-ին Լիսաբոնում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթնաժողովում ընդունվեց հռչակագիր՝ ուղղված ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը։ Հռչակագրի նախագծի 20-րդ կետում ի սկզբանե ներառվել էին նաև Լեռնային Ղարաբաղին վերաբերող դրույթներ: Դրանցում ներկայացված էին կարգավորման երեք սկզբունքներ, որոնցով ընդունվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու նրա կազմում Լեռնային Ղարաբաղի բարձր ինքնավարությունը: 

Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վետո դրեց եզրափակիչ փաստաթղթի մեջ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հատվածի վրա, և այն տեղ չգտավ ընդունված տեքստի մեջ: Այնուամենայնիվ, ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Ֆլավիո Կոտին հանդես եկավ հայտարարությամբ, որը որպես հավելված կցվել է եզրափակիչ փաստաթղթին: 

Էկրանապատկերում՝ 1996թ. Լիսաբոնի գագաթնաժողովում ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ
Էկրանապատկերում՝ 1996թ. Լիսաբոնի գագաթնաժողովում ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

1996-ից հետո ներկայացված առաջարկները

Իրականում 1996-ից հետո բանակցային գործընթացում միջազգային դերակատարները ներկայացրել են կարգավորման տարբեր առաջարկներ, որոնք էապես տարբերվում էին Լիսաբոնի գագաթնաժողովում ներկայացված սկզբունքներից։ Դրանց մի մասը քննարկում էր նաև Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակի հնարավորությունը։

Օրինակ, 1997-ի աշնանը Մինսկի խմբի միջնորդների ներկայացրած կարգավորման փուլային պլանը կարգավիճակի հարցի քննարկումը թողնում էր ապագա բանակցություններին։

2001-ին ԵԱՀԿ համանախագահների ներկայացրած Քի Վեսթի փաստաթղթով քննարկվել է տարբերակ, որով Լեռնային Ղարաբաղը միանում էր Հայաստանին, փոխարենը Ադրբեջանը ստանում էր Հայաստանի հարավային տարածքով 8-մետր լայնությամբ սուվերեն միջանցք դեպի Նախիջևան, որը, սակայն, չէր ընդհատում Հայաստանի կապը Իրանի հետ։ Հայկական ուժերը պետք է դուրս գային նախկին ԼՂԻՄ-ից դուրս բոլոր յոթ շրջաններից՝ բացի 20 կիլոմետրանոց միջանցքը:

Արդեն 2007-ին բանակցությունների սեղանին դրված Մադրիդյան փաստաթղթով ԼՂ-ն Ադրբեջանից դուրս կարգավիճակի հնարավորություն էր ստանում։ Փաստաթղթի մեջ հստակ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է պլեբիսցիտի միջոցով, որը թույլ է տալու յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն: Այդ կետի մեջ նշվում է նաև, որ պլեբիսցիտը կազմակերպվելու է 1988-ի Լեռնային Ղարաբաղի էթնիկ համամասնությամբ: 

2011-ին առաջարկված Կազանյան փաստաթղթով ևս նմանատիպ դրույթներ էին նախատեսում։ Համաձայն փաստաթղթի՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու էր «Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտության միջոցով»։ Այստեղ էլ ԼՂ բնակչություն ասելով հասկացվում էր 1988-ի ազգային համամասնությամբ ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: 

Այսպիսով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո Ղարաբաղյան հարցի այլ տարբերակով լուծում այլևս չի եղել, մոլորեցնող է։ Հայաստանը չէր ընդունել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարության սկզբունքը, իսկ հետագա բանակցային գործընթացում քննարկվել են նաև այնպիսի տարբերակներ, որոնք թույլ էին տալիս Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակի հնարավորությունը։

#CivilNetCheck-ը բազմիցս անդրադարձել է Փաշինյանի՝ Լիսաբոնի հռչակագրի վերաբերյալ մոլորեցնող հայտարարություններին։

Տես՝ Փաշինյանը կրկին աղավաղում է ԼՂ-ի վերաբերյալ միջազգային դիրքորոշումը 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում