ՔՊ-ի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը՝ 2021-ի և 2026-ի համեմատությամբ

Գևորգ Թոսունյան
Կառավարության գրեթե բոլոր անդամները կան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուների ցանկում։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է կառավարության անդամների, ԱԺ նախագահի ու փոխնախագահի, Երևանի քաղաքապետի, ՀԷՑ-ում և «Լիդիան Արմենիայում» կառավարության ներկայացուցիչների հայտարարագրերը, որոնք ամփոփում են 2025-ի ապրիլի 1-ից մինչև 2026-ի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածը։ Տվյալները միաժամանակ համեմատվել են նաև 2021-ի և այլ տարեթվերի նույն անձանց հայտարարագրերի ցուցանիշների հետ՝ պարզելու՝ որքան աշխատավարձ ու պարգևավճարներ են ստացել այդ անձինք և ինչպես են փոխվել բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը վերջին տարիներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատավարձը 2021-ից հետո բարձրացել է ավելի քան 2,5 անգամ։
Նիկոլ Փաշինյանի հայտարարագրած եկամուտները մեկ տարվա (2025-2026թթ․) կտրվածքով գոյացել են չորս տարբեր աղբյուրներից։ Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումները կազմել են շուրջ 32 մլն դրամ, այսինքն՝ ամսական ավելի քան 2,6 մլն դրամ աշխատավարձ։
Համեմատության համար 2021-ին նա ստացել էր շուրջ 12 մլն դրամ աշխատավարձ, այսինքն՝ ամսական 1 մլն դրամ։ Այսպիսով՝ Փաշինյանի աշխատավարձն այս ընթացքում բարձրացել է ավելի քան 2,5 անգամ։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մեկ տարում ստացել է շուրջ 35 մլն դրամ աշխատավարձ, այսինքն՝ մոտ 3 մլն դրամ ամսական։ Հարությունյանն այս պաշտոնին է նշանակվել 2021-ի հուլիսին, այնպես որ մենք համեմատել ենք 2022-ի տարեկան հայտարարագրում արտացոլված աշխատավարձի գումարի հետ՝ տարեկան 22 մլն դրամ, կամ ամսական ավելի քան 1,8 մլն դրամ, աճը շուրջ 1,5 անգամ։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստացել է 30 մլն դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ, միջին ամսականը՝ մոտ 2,5 մլն դրամ։
Բացի այդ, Միրզոյանը գործուղումներից ստացել է 5,8 մլն դրամ գումար։ 2021-ին Միրզոյանը նույն պաշտոնին էր ու ստացել է 17 մլն դրամից ավելի աշխատավարձ, ամսական՝ 1,4 մլն դրամ, աճը՝ 1,7 ագամ։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ տարեկան ընդհանուր 27,7 մլն դրամ, միջին ամսականը՝ մոտ 2,3 մլն դրամ։ 2021-ին նրա աշխատավարձն ու պարգևավճարներն ավելի քան երկու անգամ պակաս էին՝ 17,5 մլն դրամ, ամսական միջինը՝ 1,5 մլն դրամ։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի աշխատավարձը մեկ տարվա ընթացքում կազմել է 29,5 մլն դրամ, միջին ամսականը՝ 2,4 մլն դրամ։ 2021-ին նախարարը աշխատավարձից ու պարգևավճարներից վաստակել էր շուրջ 20 մլն դրամ, ամսական՝ 1,6 մլն։
Շուրջ 26 մլն դրամ տարեկան աշխատավարձ է ստացել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ամսական՝ մոտ 2,2 մլն դրամ: 2021-ին նա ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալն էր, տարեկան վաստակել էր ավելի քան 13 մլն դրամ, ամսական ավելի քան 1 մլն դրամ, այսինքն՝ նրա աշխատավարձը բարձրացել է առնվազն 2 անգամ։
Ավելի քան 35 մլն դրամ տարեկան աշխատավարձ է ստացել Դավիթ Խուդաթյանը, միջին ամսականը՝ մոտ 2,4 մլն դրամ։ 2021-ին նա Արմավիր համայնքի ղեկավարն էր և վաստակել էր շուրջ 7 մլն դրամ (7,076,648) աշխատավարձ, ամսական միջինը՝ մոտ 590 հազար դրամ։ Այսպիսով՝ նրա աշխատավարձը բարձրացել է շուրջ 5 անգամ։
Գևորգ Պապոյանը մեկ տարում ստացել է 29 մլն դրամ աշխատավարձ, այսինքն՝ ամսական մոտ 2,6 մլն դրամ։ 2021-ին նա ԱԺ պատգամավոր էր և վաստակել էր շուրջ 9,8 մլն դրամ, ամսական՝ 820 հազար դրամ։ Նրա աշխատավարձի աճը կազմել է շուրջ 3,2 անգամ։
Ռոմանոս Պետրոսյանի աշխատավարձը Հայաստանի էլեկտրական ցանցերից 8,5 ամսում կազմել է 37,6 մլն դրամ, միջին ամսականը՝ մոտ 4,4 մլն դրամ։ 2021-ին նա Շրջակա միջավայրի նախարարն էր, ապա ՊՎԾ պետը, և ստացել է շուրջ 20,3 մլն դրամ աշխատավարձ, ամսական՝ գրեթե 1,7 մլն դրամ։
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ստացել է մոտ 20,3 մլն դրամ տարեկան աշխատավարձ, ամսական՝ 1,6 մլն դրամից մի փոքր ավելի։ 2021-ի օգոստոսից նա նույն պաշտոնին էր, մինչ այդ հանձնաժողովի նախագահ էր և ստացել էր 9,4 մլն դրամ աշխատավարձ, ամսական՝ մոտ 786 հազար դրամ։
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը ստացել է 56 մլն դրամ աշխատավարձ, միջին ամսականը՝ մոտ 4,6 մլն դրամ։ 2022-ին որպես ՏԿԵ նախարար նա վաստակել էր 20 մլն դրամ աշխատավարձ, ամսական՝ մոտ 1,6 մլն դրամ։
Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանի աշխատավարձը մեկ տարվա ընթացքում կազմել է շուրջ 28,4 մլն դրամ, ամսական՝ 2,3 մլն դրամ։ 2021-ին նա նույն պաշտոնին նշանակվել է տարվա երկրորդ կեսին (օգոստոսին) և նախարարությունից հասցրել էր ստանալ մոտ 5 մլն դրամ աշխատավարձ։ Ամսական կտրվածքով վերահաշվարկելու դեպքում (մոտ 1,1 մլն դրամ ամսական)՝ նրա միջին ամսական աշխատավարձն աճել է շուրջ 2 անգամ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկ տարվա ընթացքում ստացել է ավելի քան 27,7 մլն դրամ աշխատավարձ, միջին ամսականը՝ մոտ 2,3 մլն դրամ։ Բացի այդ, Ավինյանը նաև 2 մլն դրամ գործուղման ծախսերի փոխհատուցում է ստացել։ 2024-ին այդ նույն պաշտոնում նա ստացել է 24 մլն դրամ աշխատավարձ և շուրջ 3 մլն դրամ այլ եկամուտ քաղաքապետարանից։ Այսինքն՝ աշխատավարձի փոփոխություն չի գրանցվել։
Այսպիսով՝ ամենաշատ աշխատավարձը ստացել է Գնել Սանոսյանը («Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում կառավարության ներկայացուցիչ)՝ տարեկան 56 մլն դրամ (ամսական մոտ 4,6 մլն դրամ)։ Երկրորդ տեղում Ռոմանոս Պետրոսյանն է, որի աշխատավարձը «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից 8,5 ամսում կազմել է 37,6 մլն դրամ (ամսական մոտ 4,4 մլն դրամ)։ Երրորդ տեղում Դավիթ Խուդաթյանն է, որի տարեկան աշխատավարձը կազմել է ավելի քան 35 մլն դրամ (ամսական մոտ 2,4 մլն դրամ)։ Նույնքան տարեկան աշխատավարձ (շուրջ 35 մլն դրամ) ստացել է նաև Արայիկ Հարությունյանը, սակայն նրա ամսական միջինը ստացվում է ավելի բարձր՝ մոտ 3 մլն դրամ։
Կարդացեք նաև՝
Ընտրություններ 2026. ամենահարուստ առաջին համարները
Լուսանկարը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից









