Կեղծ հարցումներ՝ AI «քաղաքացիներով». ինչպես են ֆեյսբուքյան էջերը մանիպուլացնում ընտրողներին

Ֆեյսբուքում լայն տարածում է ստացել տեսանյութ, որտեղ «փողոցային հարցման» ընթացքում կնոջից հետաքրքրվում են՝ արդյոք խորհրդարանական ընտրություններին կընտրե՞ր ԴՕԿ կուսակցության վարչապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին։
«Դրա ինչը՞ ընտրեմ, սաղ կյանք սաղից «աբիժնիկ» մնաց, ոչ երեխա գիտի, ոչ մեծ գիտի. ես չեմ պատկերացնում դրան որպես վարչապետ»,- պատասխանում է կինը։
Այս հրապարակումը հավաքել է շուրջ 3,500 հավանում, մոտ 250 արձագանք և հարյուրավոր տարածումներ։ Մեկնաբանություններում օգտատերերի մեծ մասը վիճում և փոխադարձ վիրավորանքներ է հնչեցնում, մինչդեռ միայն հատուկենտ մարդիկ են կասկած հայտնում, որ տեսանյութի «քաղաքացին» իրական չէ։
«Հայկ Մարությանը լավն ա շատ, հումորը տեղն ա, բայց պետություն ղեկավարելն ուրիշ գործ ա, կարծում եմ՝ պետք ա ամեն մարդ իրա գործով զբաղվի»,- ասում է մեկ այլ «հարցված քաղաքացի»։ Այս տեսանյութի մեկնաբանություններում օգտատերերը գրում են, թե «Հայկ Մարությանը Նիկոլի համար ձայն է փախցնում», «Գիժ ա, ծաղրածու է, թող իր ծաղրածությունը անի» և այլն։

Մինչդեռ, թե այս, թե նախորդ տեսանյութերն իրական չեն. ստեղծվել են արհեստական բանականության միջոցով։
#CivilNetCheck-ը պարզել է, որ վերջին ամիսներին ֆեյսբուքյան մի շարք էջեր պարբերաբար տարածում են ԱԲ-ով գեներացված նմանատիպ «փողոցային հարցումներ», որոնցում քաղաքական գործիչների վերաբերյալ ներկայացվում են հաճախ բացասական, վարկաբեկող կամ մանիպուլատիվ «կարծիքներ»։
Ովքեր են տարածում AI «հարցումները»
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը նույնականացրել է ֆեյսբուքյան 12 էջ, որոնք ապրիլից պարբերաբար հրապարակում և միմյանցից կիսվում են քաղաքական «փողոցային հարցումների» նմանատիպ կարճ հոլովակներով։
«Այս օրերին», Blog havasti.info, Havasti.info, ArmNews, Առաջին Ինֆո, Հայաստանի ուժը, Հետաքրքիր բաներ, Ֆուլլ Հայաստան, Тут Степанакерт, Info Լուրեր, Հայեր միացեք, Առօրյա Լուրեր էջերում տարածվող ԱԲ տեսանյութերում «քաղաքացիներին» հարցնում են տարբեր թեկնածուների մասին և բացասական «կարծիքներ ստանում» նրանցից։ Նրանց թվում են՝ «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը, «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը (ԴՈԳ), «Դեմ եմ Բոլորին» կուսակցությունը, Հայաստանի շնորհապետական կուսակցության առաջին համար Գուրգեն Սիմոնյանը։
Բացի այս ընդդիմադիր ուժերից, էջերում տարածվում են նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ բացասական բովանդակությամբ տեսանյութեր։
«Ես շուն պահող տղա եմ, մի հատ ավչարկա ունեմ, էդ ավչարկեն էնքան խելացի ա, որ դաժե ինքը Նիկոլին չի ընտրի»,- նշում է «քաղաքացին» և հարյուրից ավելի մեկնաբանություններում ստանում վիրավորանքների տարափ։
Բացի «փողոցային հարցումներից», էջերը ակտիվորեն տարածում են նաև ԱԲ-ով ստեղծված այլ տեսանյութեր։ Դրանցից մեկում, օրինակ, Փաշինյանի նմանակմամբ կերպարը հայտարարում է, թե «ավարտել են ճանապարհը», և «շեֆիս 300 000 հայրենակիցները շուտով կգան»՝ ակնարկելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և 300 000 ադրբեջանցիներին։
Հատկանշական է, որ եթե մյուս քաղաքական գործիչների դեպքում AI «քաղաքացիները» հիմնականում բացասական կամ վարկաբեկող «կարծիքներ» են հնչեցնում, ապա Սամվել Կարապետյանի մասին նույնատիպ տեսանյութերում ներկայացվում են գրեթե բացառապես դրական արձագանքներ։
Օրինակներից մեկում AI «քաղաքացին» ասում է. «Պարոն Կարապետյանից ավելի խելացի և ազգասեր ղեկավար ես չեմ տեսնում»։
Մեկ այլ հոլովակում նարդի խաղացող ծերունին, որին մոտեցնում են ռուսական «Առաջին ալիքի» միկրոֆոն, ասում է. «Ստեղ սաղս գնալու ենք Կարապետյան Սամոյին ընտրենք»։
Ինչպե՞ս հասկանալ, որ տեսանյութերը կեղծ են
Մի քանի տասնյակ տեսանյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «հարցված քաղաքացիների» զգալի մասը իրական մարդիկ չեն։ Տեսանյութերում նկատելի են նաև ԱԲ-ով գեներացված բովանդակությանը բնորոշ տեխնիկական թերություններ և վիզուալ անհամապատասխանություններ։

Անբնական խոսք և շարժումներ. Կերպարների դեմքի շարժումները, աչքերի թարթումը և շրթունքների սինխրոնացումը ձայնի հետ անբնական են։ Արտասանությունը չափազանցված գրական է, իսկ տեքստերում կան տրամաբանական ու բառային սխալներ, ինչը բնորոշ է հայերեն տեքստ թարգմանող AI ծրագրերին։
Ֆիզիկայի օրենքների խախտում. Օրինակ՝ Վարդան Ղուկասյանի մասին տեսանյութի հետնամասում երևացող վառ կանաչ ավտոբուսը (ինչպիսին Երևանում չկա) կանգառ է մտնում, ապա առանց շրջվելու հետ է գնում, ընդ որում՝ դիմացի մասը վերածվում է հետնամասի։

Աղավաղված պատկերներ. Ֆոնում երևացող ցուցանակներն ու գրությունները հաճախ աղավաղված կամ անընթեռնելի են։ Որոշ դեպքերում էլ տեսարանները չեն համապատասխանում այն վայրերի իրական տեսքին, որտեղ իբր նկարահանվել են «հարցումները»։

Տեսողական այս կասկածները հաստատվում են նաև տեխնիկական փորձաքննությամբ։
#CivilNetCheck-ը հոլովակներն անցկացրել է AI բովանդակության հայտնաբերման մասնագիտացված գործիքներով (Hive Moderation)։ Գործիքը 90% և ավելի հավանականությամբ հաստատել է, որ պատկերները ստեղծվել են AI-ով։





Ի՞նչ նարատիվներ և վախեր են տարածում
Բացի բուն ընտրական թեմաներից, այս էջերում նաև մանիպուլյատիվ և վախեր հրահրող «հարցումներ» են անցկացվում։
Ռուսաստանի հետ հարաբերություններ։ Իրական մարդկանց մասնակցությամբ հարցումների կողքին տարածվում են նաև AI կերպարների «տեսակետներ», որոնք պնդում են, որ առանց ՌԴ-ի Հայաստանը կմնա առանց գազի և «Ադրբեջանի բենզինի հույսին»։
Կեղծ կերպարներ. Ստեղծվում են նաև AI «բժիշկներ» կամ «զինվորներ», որոնք կոչ են անում միասին կառուցել «Ուժեղ Հայաստան»։
Հին էջեր՝ նոր քաղաքական նարատիվներով
Այս էջերը նորաստեղծ չեն և արդեն ունեն տասնյակ, երբեմն նաև հարյուր հազարավոր հետևորդներ։ Դրանցից շատերը տարիներ շարունակ լսարան են հավաքել բոլորովին այլ թեմաներով՝ ժամանցային բովանդակությամբ, սիթքոմներով, շոու-բիզնեսի նորություններով կամ կրոնական հրապարակումներով, իսկ հետո կտրուկ փոխել ուղղվածությունը։
Այս փուլում էջերում, ըստ Meta-ի թափանցիկության տվյալների, գովազդներ ակտիվ չեն։ Փոխարենը դրանք պարբերաբար տարածում և միմյանցից կիսվում են նույնատիպ բովանդակությամբ՝ թիրախավորելով տարիների ընթացքում հավաքած լսարանը։
Օրինակ՝ Havasti.info (107,000 հետևորդ). ստեղծվել է դեռևս 2016 թվականին։ Սկզբնական շրջանում էջը հետևորդներ է հավաքել շոու-բիզնեսի նորությունների, հեռուստատեսային հաղորդումների ու սիթքոմների տարածմամբ։ 2018-ին էջն անցել է քաղաքական թեմաների՝ աջակցելով Թավշյա հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին։
Դրանից հետո բովանդակությունը կրկին փոխվել է՝ վերածվելով կրոնական հարթակի։ 2020-ին հանդես է եկել «հաղթելու ենք» թեզը, ապա աջակցել Նիկոլ Փաշինյանին և հրապարակել աղոթեք զինվորների համար գրառումներով ու հուզիչ նկարներով։ Իսկ արդեն 2025-ի հոկտեմբերից անդրադարձել նաև Բագրատ Սրբազանի դատավարությանը և գրառում արել, որ հոգևոր Հայաստանը հաղթելու է և հանդես եկել եկեղեցու պաշտպանությամբ և արդեն դեկտեմբերի 30-ից էջն անցել է Սամվել Կարապետյանի ակտիվ քարոզչությանը։
Blog havasti.info (87,000 հետևորդ). ստեղծվել է 2016-ի սեպտեմբերին։ Այն ամբողջությամբ կրկնում է նախորդ էջի բովանդակային տրանսֆորմացիայի դինամիկան՝ ապահովելով նույնատիպ նարատիվների կրկնումը սոցցանցում։

«Այս օրերին» (117,000 հետևորդ). ստեղծվել է 2018-ի օգոստոսի 14-ին։ Ի սկզբանե հանդես է եկել որպես հեղափոխությանն աջակցող և նախկին իշխանության՝ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) դեմ ուղղված հարթակ։ Այժմ էջը իր բազմահազարանոց լսարանն օգտագործում է բոլորովին այլ՝ քաղաքական բովանդակություն տարածելու համար՝ ակտիվորեն հրապարակելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության և Սամվել Կարապետյանի վերաբերյալ նյութեր։

«Info Լուրեր» (85,000 հետևորդ). գործում է 2021 թվականի ապրիլից։ Էջն իր լսարանը ձևավորել է հիմնականում սենսացիոն և քլիքբեյթ վերնագրերով հրապարակումների միջոցով, իսկ այժմ նույն լսարանին տարածում է քաղաքական թեմաներով AI-ով գեներացված տեսանյութեր։

Այսպիսով, #CivilNetCheck-ի ուսումնասիրած «փողոցային հարցումների» զգալի մասը ստեղծվել է արհեստական բանականության գործիքներով և տարածվում է տարիներով լսարան հավաքած ֆեյսբուքյան էջերի միջոցով։
Տեսանյութերում օգտագործված AI կերպարները տարբեր քաղաքական գործիչների վերաբերյալ հաճախ հնչեցնում են բացասական կամ վարկաբեկող «կարծիքներ», մինչդեռ որոշ քաղաքական ուժերի դեպքում ներկայացվում են գրեթե բացառապես դրական արձագանքներ։
Հասանելի է
english
Նելլի Լազարյան
CivilNetCheck










