Եվրամիություն, թե Ռուսաստան․ ի՞նչ ծրագրեր ունեն ընտրությունների մասնակից ուժերը

Լուսինե Վարդանյան
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները հաճախ քննարկվում են որպես որոշիչ կետ, թե որ ուղղությամբ կգնա Հայաստանը՝ Եվրոպական Միությա՞ն, թե՞ Ռուսաստանի։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է ընտրություններին մասնակցող 15 քաղաքական ուժերի ծրագրերը։ Երեք այլ կուսակցություն ընդհանրապես ծրագիր չի հրապարակել։
«Քաղաքացիական պայմանագիր»
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնությամբ 2025-ին ընդունվեց Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։
Նիկոլ Փաշինյանի վարչապետության տարիներին Հայաստանը ակնհայտ եվրոպամետ քաղաքականություն է վարում։ Միաժամանակ, Փաշինյանը նշում է, որ շարունակելու են բարիդրացիական հարաբերությունները Ռուսաստանի հետ և անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, «քան դեռ ԵՄ չափանիշներին համապատասխանելու գործողությունները համատեղելի են ԵԱՏՄ-ի հետ»։
ՔՊ-ի նախընտրական ծրագիրը այս գծի շարունակությունն է՝ Հայաստանը կշարունակի ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ բարեփոխումները, ինչից հետո անդամագրվելը կլինի արդեն քաղաքական որոշման հարց և կախված կլինի Հայաստանին ընդունելու ԵՄ պատրաստակամությունից։
ՔՊ-ն չի բացառում նաև, որ կա Հայաստանի անդամությունը չընդունելու հարց։ Այս պարագայում, ըստ կուսակցության, Հայաստանը կունենա ձեռքբերում՝ եվրոպական չափանիշներով երկրի տեսքով։
«Ճամբար Եվրոպա»
Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI)՝ մայիսի սկզբին իրականացրած հարցման՝ հայաստանցիների 75 տոկոսը աջակցում է երկրի հնարավոր անդամակցությանը Եվրամիությանը։
ԵՄ-ին անդամակցությանը կողմ արտահայտվածների շրջանում ամենահաճախ նշված պատճառներն են եղել ավելի ուժեղ տնտեսության ակնկալիքը (17 տոկոս) և առանց վիզայի ճանապարհորդելու հնարավորությունը (14 տոկոս), ինչպես նաև ընդհանուր համոզմունքը, որ անդամակցությունը կբարելավի անվտանգությունը, կայունությունն ու խաղաղությունը։
«Հանրապետություն» կուսակցություն
Ի տարբերություն ՔՊ-ի, որը Ռուսաստանի հետ անդամակցած կառույցների մասին խոսելիս զգուշություն է ցուցաբերում, Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ծրագիրն ավելի կտրուկ է։ Իշխանության գալու պարագայում նրանք խոստանում են մինչև տարեվերջ Հայաստանը դուրս բերել Ռուսաստանի հետ համատեղ ՀՕՊ համակարգից, մեկ տարվա ընթացքում դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության համաձայնագրեր կնքել։ Նրանք պատրաստ են նաև Հայաստանը դուրս բերել ԱՊՀ-ից և ԵԱՏՄ-ից՝ «տնտեսության անցնցում անցումը ապահովելով մինչև 2031-ը»:
Սարգսյանը ծրագրում է խորացնել հարաբերությունները «ժողովրդավարական արժեքներ կրող պետությունների հետ», ինչպես նաև՝
Արագացնել TRIPP-ի իրականացումը,
ԵՄ անդամակցության համար ամրակայել նախադրյալները մինչև 2032-ը,
Ավարտել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը (CEPA), վիզաների ազատականացումը և ազատ առևտրի գոտուն անդամակցության գործընթացը:
«Հանրապետությունը» պատրաստվում է Ռուսաստանի հետ առկա իրավիճակին համապատասխան նոր համաձայնագիր կնքել՝ չեղարկելով անկախացումից հետո կնքված համաձայնագրերը։
Կուսակցությունը, սակայն, չի մանրամասնում՝ ինչ հստակ քայլերով է հասնելու դրան, վտանգավոր ինչ հետևանքների կբերի քաղաքականությունը և ինչպես կչեզոքացնի այդ վտանգները։
Ընդհանուր առմամբ, Հանրապետություն կուսակցության արտաքին քաղաքականությունը ՔՊ-ի ծրագրից շատ չի տարբերվում։
«Լուսավոր Հայաստան»
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ավանդաբար եղել է եվրոպամետ ուժ։ Չնայած վերջին տարիներին կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի շեշտադրումները փոխվել են, այնուամենայնիվ, ծրագրում Հայաստանի ապագան եվրոպական մոդելի պետություն ունենալն է՝ հայկական ինքնության պահպանմամբ։
«Լուսավոր Հայաստանն այն ուժն է, որը գիտի ինչպես կառուցել եվրոպական մոդելի Հայաստան իր զարգացած ինտիտուտներով, որտեղ մարդը կենտրոնական արժեքն է, և ամեն բան արվում է հանուն մարդու անվտանգության և բարօրության»,- ասված է ծրագրում։
«Նոր ուժ»
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ղեկավարած «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը ցանկանում է բացառել աշխարհաքաղաքական կենտրոնների բախման թատերաբեմում հայտնվելու հավանականությունը։ Ըստ նրանց՝ արտաքին քաղաքական նպատակները պետք է բխեն սեփական ռեսուրսների իրատեսական գնահատումից։
«Նոր ուժի» արտաքին քաղաքականության նպատակներից են ԵՄ-ի հետ ծրագրերի ընդլայնումն ու խորացումը հնարավոր բոլոր ուղղություններով և մակարդակներով, ինչպես նաև Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումը։
«Նոր ուժը» կհամագործակցի գաղափարախոսությամբ և արժեքներով իրեն մոտ եվրոպական կուսակցությունների հետ՝ ջանալով դառնալ եվրոպական սոցիալ-դեմոկրատների դաշինքի անդամ։
«Միասնության թևեր»
Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թևեր» կուսակցության արտաքին քաղաքականությունը լինելու է «կուռ» համակարգ, որը պիտի կառուցի փոխշահավետ հարաբերություններ բոլոր շահագրգիռ գործընկերների հետ։
Ընդհանուր առմամբ, կուսակցությունը կողմ է Հայաստանի հարավով նախատեսվող Թրամփի ուղի ծրագրին (TRIPP), բայց ջանալու է լավարկել ծրագիրը, որպեսզի այն նախևառաջ օգուտ բերի Հայաստանի քաղաքացիներին։
Թաթոյանի ուժը ծրագրում է ազատել Հայաստանի ինքնիշխան տարածքներն ադրբեջանական օկուպացիայից, առաջնահերթություն է սահմանելու գերիների, անհայտ կորածների և պատերազմում զոհվածների ընտանիքների իրավունքների միջազգային պաշտպանությունը։
«Միջազգային ատյաններից Հայաստանի ներկայացրած հայցերից, գանգատներից կամ դիմումներից հրաժարվելը, առանց հիմնարար իրավունքների խատումներն արձանագրելու և հատուցում տրամադրելու, բացառվում է։ Վերականգնելու ենք Հայոց ցեղասպանության ճանաչման առաջմղմանն ուղղված քայլերը»,- նշվում է ծրագրում։
Առհասարակ, Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասին իրենց ծրագրերում կետ ունեն մասնակից 18 ուժերից չորսը՝ «Միասնության թևերը», «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստանը» և «Ազգային-ժողովրդավարական բևեռը»։
«Հանուն Հանրապետության դաշինք» կուսակցություն
Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության դաշինք» կուսակցությունը ԵՄ-ին Հայաստանի լիիրավ անդամակցությունը բացարձակ առաջնահերթություն է սահմանում:
Կուսակցությունն ունի ՆԱՏՕ-ի անդամակցության, ռուսական ռազմական և այլ ուժային ներկայության ամբողջական վերացման, ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության դադարեցման և, առհասարակ, Ռուսաստանի հետ անվտանգության, պաշտպանության և իրավական հարցերով պարտավորությունների ամբողջական խզման ծրագիր։
Բաբաջանյանը ցանկանում է բազմազանեցնել էներգետիկան՝ ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության և ԱՄՆ-ի հետ համատեղ միջուկային էներգետիկայի և էներգիայի կուտակման հզորությունները զարգացնելու շնորհիվ։
«Ազգային ժողովրդավարական բևեռ»
«Ազգային ժողովրդավարական բևեռն» առաջարկում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցություն, Իրանի հետ խորացված գործընկերություն, Եվրոպական գործընկերների հետ հարաբերությունների ամրապնդում ևՀնդկաստանի հետ ռազմավարական համագործակցություն։
ԱԺԲ-ն նաև ձգտում է վերաիմաստավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները, կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ և այլն։
«Ճամբար Ռուսաստան»
Ըստ IRI-ի՝ հայաստանիցների 14 տոկոսը կարծում է, որ Հայաստանը չպիտի ձգտի ԵՄ անդամակցության, քանի որ դա կարող է «զայրացնել» Ռուսաստանին։ Հարցվածների 32 տոկոսը Ռուսաստանին համարում է քաղաքական ամենամեծ սպառնալիքը։
«Ուժեղ Հայաստան»
«Ուժեղ Հայաստան» կուսակցության և դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը լայնորեն ունի ռուսամետ գործչի համբավ, քանի որ իր բիզնես կայսրությունը ստեղծումը սկսել է Ռուսաստանում և ունի ՌԴ քաղաքացիություն, ինչը նրա համար վարչապետ դառնալու սահմանադրական արգելք է։
«Ուժեղ Հայաստանը» կարծում է, որ Հայաստանը պիտի առավելագույնս օգտագործի ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հնարավորությունները։ Այնուամենայնիվ, արտաքին քաղաքականության մասին ձևակերպումները զերծ են ծայրահեղությունից։
«Ուժեղ Հայաստանը» կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար պետք է լինեն մեկից ավելի երաշխավորներ՝ միջազգային տարբեր դերակատարներ։
Տե՛ս նաև՝ Սամվել Կարապետյան․ կապիտալ, կալանք և իշխանության հայտ
Կարապետյանի ուժը նշում է, որ Հայաստանը պիտի խորացնի հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ «կառավարման համակարգում ժողովրդավարության ներդրման ուղղությամբ»։
«Այս համատեքստում եվրոպական լավագույն փորձի տեղայնացումը համարում ենք զարգացման կարևորագույն բաղադրիչ։ Հայաստանը փաստացի և ամբողջ ծավալով իրականացնելու է ստանձնած բարեփոխումների օրակարգը անվտանգային և ճգնաժամային համագործակցությունից մինչև առևտուր և շուկայական կարգավորումներ, անկախ և պրոֆեսիոնալ արդարադատության համակարգից ու կոռուպցիայի դեմ զրո հանդուրժողականությունից մինչև ազատ և արդյունավետ քաղաքացիական հասարակություն, շրջակա միջավայրից մինչև կրթություն և այլն»,- նշվում է կուսակցության ծրագրում։
«Հայաստան» դաշինք
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքն իշխանության գալու դեպքում Ռուսաստանի հետ նոր որակի դաշնակցային հարաբերություններ կապահովի՝ թե՛ երկկողմ, թե՛ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակում։
«Հայաստան» դաշինքը հարաբերությունների խորացման հնարավորություն է տեսնում նաև ԵՄ-ի հետ, մասնավորապես՝ CEPA-ի ամբողջական իրագործումը և Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացումը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանի» ծրագրում կուսակցության ռուսամետ դիրքորոշումը չի երևում։ Այնուամենայնիվ, ընտրարշավի ժամանակ Ծառուկյանը հաճախ է խոսում Ռուսաստանի հետ լավ հարաբերություննեի օգտին՝ շեշտում դրանց վատթարացման ծանր հետևանքների մասին։ Ծառուկյանը նաև մտերիմ հարաբերություններ ունի Բելառուսի նախաագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
Նախընտրական ծրագրում ԲՀԿ-ն տարանջատում է դաշնակիցներին՝ ըստ համագործակցության ոլորտների՝ Ռուսաստան և Իրան (անվտանգություն, էներգետիկա, տրանսպորտային փոխկապակցվածություն), ԵՄ և ԱՄՆ (ներդրումներ, տեխնոլոգիաներ, ինստիտուցիոնալ զարգացում, տնտեսական արդիականացում):
Տե՛ս նաև՝ Ծառուկյանի քաղաքական ուղին. բազկամարտից մինչև Նոյյան տապան
. . .
«Հայ ազգային կոնգրես»
ՀԱԿ-ը ընտրություններին առաջին անգամ է մասնակցում առանց իր ղեկավարի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի։ Վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանի նախընտրական ծրագրում Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերությունները կտրուկ հակասության մեջ չեն։ ՀԱԿ-ում կարծում են, որ «պետք չէ Արևմուտք-Արևելք աշխարհաքաղաքական հակամարտության մեջ որևէ կողմ բռել, այլապես Հայաստանը կվերածվի գերտերությունների կռվախնձորի և կենթարկվի հակառակորդ կողմի կործանարար պատժամիջոցների»։
ՀԱԿ-ն առաջարկում է բոլոր ուղղություններով փոխշահավետ համագործակցության զարգացումը և Արևմուտք-Ռուսաստան հակամարտության նկատմամբ չեզոքություն։
«Հնարավոր է վստահելի հարաբերություններ ունենալ միաժամանակ և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի ու Եվրոպական Միության, և՛ Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի հետ, եթե առաջնորդվում ես քո իրական շահերով։ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն արդյունավետ կիրականանա հենց այս ուժեղ, հավասարակշռված դիրքերից»,- նշվում է ծրագրում։
ՀԱԿ-ի ծրագրում կա նաև «Բարեկամական երկրների մասին» օրենք ընդունելու կետ։ Օրենքը կսահմանի հատուկ նպաստավոր ներդրումային և միգրացիոն ռեժիմ այն երկրների համար, որոնք ձեռք կբերեն «Բարեկամ երկրի» կարգավիճակ։
«Ժողովրդավարական համախմբում» կուսկացություն
«Ժողովրդավարական համախմբում» կուսկացությունը միջազգային հարաբերություններում կառաջնորդվի քաղաքական ռեալիզմի սկզբունքներով, կմերժի ՀԱԿԱ-ների քաղաքականությունը (հակաարևմտականություն, հակառուսականություն և
այլն), կշարունակի խորացնել Ռուսաստանի և ԵՄ-ի հետ հարաբերությունները։
«ԴՕԿ՝ Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցություն»
Ըստ ԴՕԿ-ի՝ Հայաստանը պարտավոր է վերաիմաստավորել և զարգացնել իր ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Եվրասիական տնտեսական և անվտանգային կառույցներում Հայաստանի մասնակցությունը պետք է լինի ակտիվ, նախաձեռնողական և նպատակաուղղված։
Կուսակցությունը կարևորում է նաև ԵՄ-ի հետ հարաբերությունները՝ շեշտադրելով պետական կառավարման համակարգի խորքային բարեփոխումները և դատաիրավական համակարգի, հակակոռուպցիոն ինստիտուտների ամրապնդումը։











