Ռուսաստանից որևէ նամակ, գրություն չենք ստացել՝ գազի, վառելիքի և ադամանդների մատակարարման համաձայնագրերը միակողմանի խզելու վերաբերյալ։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։
Նախօրեին ռուսական «Կոմերսանտ» թերթը գրել էր, որ Մոսկվան սպառնում է խզել գազի, վառելիքի և ադամանդների մատակարարման համաձայնագրերը Հայաստանի հետ․ պատճառը Հայաստանի՝ ԵՄ-ի հետ հետագա մերձեցումն է։
Ըստ թերթի՝ Մոսկվան 2013-ին այս ապրանքների համար տրամադրված անմաքս ռեժիմն այժմ համարում է անհնար և Երևանին սպառնում է սառեցնել կամ չեղարկել երկկողմ համաձայնագրերը։ Արդյունքում, թերթին մեկնաբանած վերլուծաբանների կարծիքով, Հայաստանը կարող է ոչ միայն կորցնել ռուսական գազի և նավթամթերքի զեղչված գների իրավունքը, այլև ընդհանուր առմամբ հայտնվել բարդ իրավիճակում՝ ռուսական մատակարարումները փոխարինելու դժվարությունների պատճառով։












