Գլխավոր Լրահոս

67,000+ հրապարակում, հազարավոր ալիքներ և նույն տեքստը․ «3,4 մլն դոլարի» կեղծիքի տելեգրամյան ցանցը

67,000+ հրապարակում, հազարավոր ալիքներ և նույն տեքստը․ «3,4 մլն դոլարի» կեղծիքի տելեգրամյան ցանցը

Վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ իբրև թե «Ժպիտների քաղաք» հիմնադրամից 3,4 մլն դոլար հափշտակելու մասին վաղուց հերքված տեղեկությունը ամիսներ շարունակ պարբերաբար վերակենդանանում է սոցիալական ցանցերում։

Պարզվում է՝ սա միայն չստուգված լուրերի տարածում չէ․ տասնյակ հազարավոր ռուսալեզու տելեգրամյան ալիքներում նույն բովանդակությունը տարածվում է սինխրոն՝ հստակ ժամային համընկնումներով։ Եղել են օրեր, երբ հրապարակումների քանակը հասել է հազարների․ օրինակ՝ մեկ օրում այս պնդումը տարածվել է մինչև 3,811 անգամ՝ մի քանի փուլով։

#CivilNetCheck-ը հետևել է այս ապատեղեկատվական ալիքի տարածմանը և ուսումնասիրել, թե ինչ պայմաններում է հին պնդումը կրկին ակտիվացել, ինչպես նաև՝ ինչպիսի օրինաչափություններով են աշխատում այն տարածող տելեգրամյան ալիքները։ 

EU Leaks-ի «հետաքննությունը»՝ կեղծ կայք և հերքված պնդումներ

2025-ի օգոստոսի 13-ին նույն պնդումը տարածվել էր EU Leaks անվամբ կայքում հրապարակված «հետաքննություն», որտեղ ասվում էր, թե Աննա Հակոբյանը 3,4 միլիոն դոլար է հափշտակել «Ժպիտների քաղաք» հիմնադրամից, իսկ դա իբր պատրաստվում էր բացահայտել  հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ, «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Հոդվածում նաև նշվում էր, թե Գալստանյանի ձերբակալությունը կապված է այդ «բացահայտումների» հետ, իսկ փաստաբան Սերգեյ Հարությունյանը իբր հաստատել է կոռուպցիոն սխեմայի առկայությունը։

#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ այս պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Կայքը ստեղծվել էր հրապարակումից ընդամենը երկու օր առաջ և որևէ կապ չուներ իր ներկայացրած եվրոպական նախաձեռնության հետ։ Հոդվածի հեղինակ նշված France24-ի լրագրողը հերքել էր իր առնչությունը, իսկ փաստաբան Սերգեյ Հարությունյանը հրապարակայնորեն հայտարարել էր, որ նման հայտարարություն չի արել։ Բացի այդ, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի 2024 թվականի անկախ աուդիտում որևէ խախտում կամ յուրացում չէր արձանագրվել։

Մանրամասները՝ 3,4 մլն դոլարի հորինված հափշտակումը․ ՀՀ իշխանությունները՝ նոր տեղեկատվական գրոհի տակ

Չնայած euleaks.eu կայքը այլևս գոյություն չունի և դոմեյնը վաճառքի է հանված, նույն կեղծ պատմությունը ռուսալեզու տելեգրամյան ալիքներում շարունակում է շրջանառվել՝ ամեն անգամ ներկայացվելով որպես նոր «սկանդալային բացահայտում»։

Տելեգրամյան ցանցը․ նույն բովանդակության զանգվածային վերարտադրություն

Պնդումները նույն շաբլոնային տեքստով տելեգրամում սկսել են տարածվել 2025 թ. օգոստոսի 14-ից, և 2026 թ. մայիսի 26-ի դրությամբ դրանց քանակը հասնում է շուրջ 67 800-ի։

Տարածման վարքագիծը ցույց է տալիս, որ տելեգրամում շրջանառվող այս հրապարակումները գործում են որպես մեկ միասնական ցանց․ թեև որպես սկզբնաղբյուր նշվում են տարբեր ալիքներ, բովանդակությունը գրեթե նույնական է՝ մեծամասամբ առանց որևէ փոփոխության վերարտադրելով նույն տեքստը։

Տարածվող հրապարակումների մեծ մասը առանձին-առանձին ունեն ընդամենը 1-2 դիտում, իսկ տելեգրամ ալիքների զգալի մասի հետևորդների թիվը սահմանափակվում է 60-80-ով։ Բացառություն են այն ալիքները, որոնք ակտիվ հրապարակումներ են արել մինչև սեպտեմբերի 11-ը․ դրանց լսարանը տատանվում է 1 000-ից մինչև 1,2 միլիոնի սահմաններում։ Նման ալիքներից է նաև ադրբեջանական Haqqin.az-ը, որը տելեգրամում առաջիններից էր, որ տարածել է այս ապատեղեկատվությունը։

Թեև այս ալիքների մեծ մասը փոքր լսարան ունի, նույն բովանդակության զանգվածային և բազմակի տարածումը ստեղծում է լայն տարածման պատրանք՝ նպաստելով դրա ներթափանցմանը ավելի մեծ հարթակներ և լսարաններ։

Հրապարակումների ժամանակագրությունը ևս ցույց է տալիս սինխրոն տարածման հստակ օրինաչափություններ։

Ամենամեծ ակտիվությունը գրանցվել է մարտի 19-ից ապրիլի 15-ը ընկած ժամանակահատվածում՝ հասնելով 17 734 հրապարակման։ Այդ ընթացքում նկատվում են կարճ դադարներ՝ մարտի 23-ին, 26-ին, 31-ին և ապրիլի 13-ին, ինչից հետո տարածումները կրկին վերսկսվել են նույն ինտենսիվությամբ։

Միայն այս տարվա մայիսին նույն բովանդակությամբ շուրջ 6730 հրապարակում է եղել։ 

Ամենաշատ ակտիվությունը վերջին ամսում գրանցվել է մայիսի 15-ին՝ 964 հրապարակում, և մայիսի 26-ին՝ արդեն 1462՝ մեկ օրվա ընթացքում։ 

Մայիսի 15-ին տարածումները կատարվել են երկու հստակ փուլով․ առաջին 487 հրապարակումները գրանցվել են 00:40–01:08-ի ընթացքում՝ հղում անելով «Блеск и нищета губернаторов» տելեգրամ ալիքին, իսկ հաջորդ 477-ը՝ 05:08-05:35-ին՝ «TON-LIVE Утечки» ալիքին։ Նշված ալիքներում նույն բովանդակությունը նախկինում ևս բազմիցս հրապարակվել է՝ համապատասխանաբար 19 անգամ (2025 թ. սեպտեմբերի 24-ից) և 8 անգամ (մարտի 24-ից), ինչը ցույց է տալիս նույն աղբյուրների պարբերական ակտիվացումը։

Մայիսի 16-ին արձանագրվել է դադար, ինչից հետո մայիսի 17-ին՝ 02:16–02:45-ին, տարածվել է 489 հրապարակում։ Մայիսի 18-ին՝ 07:09–07:37-ին, տարածված 488 նյութերը հղում են անում «Караульный СПБ» ալիքին, որտեղ նման հրապարակում ներկայում չի գտնվում։ Իսկ մայիսի 19-ին՝ 15:21–16:01-ին, գրանցվել է 444 հրապարակում։

Մայիսի 26-ին էլ տարածումները եղել են երկու փուլով: Ժամը 06:48-07:17 498 հրապարակումները հղում են անում «Евгений Кожевников - Газпром нефть» ալիքին, իսկ 12:00-14:07-ի 964-ը՝ «Газпром нефть: Дюков, Кожевников и Гуринов»-ին: Սակայն, այդ ալիքներում ևս, որևէ նման հրապարակում առկա չէ:

Տվյալները ցույց են տալիս նաև ալիքներ, որոնք նույն օրը համաժամանակյա հրապարակումներ են անում, ապա դադարից հետո կրկին սինխրոն վերսկսում տարածումը։ Օրինակ՝ «Клан Собянина: игра в демократию», «Договорняк в мэрии: Кто кого купил?» և «Договорняк в мэрии: кто рулит Москвой?» ալիքները մայիսի 6-ից հետո միասին ակտիվացել են մայիսի 15-ին և մայիսի 26-ին։ Իսկ «Клан Собянина: московские схемы», «Клан Собянина: теневая экономика Москвы» ու «Договорняк в мэрии: Москва в коррупции» ալիքները մայիսի 2-ի ակտիվությունից հետո հաջորդ սինխրոն հրապարակումն արել են մայիսի 18-ին։ 

Ապատեղեկատվության հիմնական տարածողները Տելեգրամում

Հատկանշական են նաև ալիքների անվանումների նմանությունները․ դրանցից շատերում հանդիպում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի ազգանունը։

#CivilNetCheck-ի առանձնացրած 67,819 հրապարակումները տարածվել են 5,917 տարբեր տելեգրամյան ալիքների կողմից։ Միաժամանակ արձանագրվել է 5,826 եզակի ալիքների անուն, ինչը ցույց է տալիս, որ տարբեր հղումներով գործող ալիքներ հանդես են գալիս նույն անվանումներով՝ ստեղծելով բազմազան, բայց իրականում նույնաբովանդակ աղբյուրների տպավորություն։

Եթե առաջնորդվենք արդեն ոչ թե անվանումներով, այլ տելեգրամյան հասցեներով (username-ներով), ապա պարզ է դառնում, որ ամենաշատը նույն բովանդակությունը տարածել են մի քանի կոնկրետ ալիքներ, որոնք բազմիցս կրկնվում են ամբողջ ցանցում։ Դրանք են՝ Война башен кремля՝ 48, Министерство неправды՝ 34,Столичные инсайдеры՝ 32, ինչպես նաև Towers of power, Решительные действия՝ յուրաքանչյուրը 28 հրապարակումով և այլ ալիքներ։ Հատկանշական է, որ որոշ ալիքներ գործում են մի քանի տարբեր հասցեներով, ինչի պատճառով առանձին-առանձին չեն հայտնվում այս ցուցակում, թեև նույն անվամբ ընդհանուր ակտիվությունը կարող է ավելի բարձր լինել։ Միաժամանակ 28 հիշատակում ունեցող ալիքների շրջանակը ավելի լայն է, և ցանկը կարող է համալրվել նաև այլ ալիքներով՝ նույն ակտիվությամբ։ Նշենք, որ բոլոր ալիքների դեպքում որպես լոկացիա նշված է Ռուսաստանը։

Ինֆոգրաֆիկան խմբագրվել է ԱԲ-ի միջոցով
Ինֆոգրաֆիկան խմբագրվել է ԱԲ-ի միջոցով

Հրապարակումը ամենաշատը տարածած առաջին տաս տելեգրամյան ալիքներից մեծամասնությունը ստեղծվել են 2025-ին։ Հատկանշական է, որ դրանց կապը երևում է նաև կոնտակտներում նշված էլեկտրոնային հասցեով, որտեղ հիշատակվում է [email protected] հասցեն։ 

Այսպիսով, #CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Աննա Հակոբյանի վերաբերյալ «3,4 մլն դոլարի հափշտակության» մասին պնդումը հորինված է և դեռևս 2025-ին հերքված։ Միևնույն ժամանակ տվյալները փաստում են, որ այս կեղծիքը տելեգրամում տարածվում է ոչ թե ինքնաբուխ, այլ սինխրոն և բազմակի վերարտադրության միջոցով՝ ձևավորելով դրա լայն տարածման պատրանք։

Տես նաև՝ Վերաակտիվացված նարատիվ․ ինչպես էր համակարգված տարածվում Փաշինյանի պապի մասին կեղծ թեզը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում