Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ադրբեջանի ոստիկանությունը Անկախության օրվա միջոցառումներին ակտիվիստից ուժով խլել է Եվրամիության դրոշը՝ հայտարարելով, որ այն «ադրբեջանական դրոշ չէ»։
Բաքվից հյուսիս տեղակայված Նովխանին Ադրբեջանի՝ կարճատև գոյություն ունեցած (1918-1920) Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության առաջին ղեկավար Մահամմադ Ամին Ռասուլզադեի ծննդավայրն է։ Ամեն տարի ընդդիմությանը մոտ կանգնած խմբերը հավաքվում են այնտեղ՝ նշելու Ադրբեջանի անկախությունը։
Մայիսի 28-ին ադրբեջանական ընդդիմադիր ուժերը շարունակել են այդ ավանդույթը՝ հանրահավաք անցկացնելով Ռասուլզադեի հուշարձանի մոտ։ Միջոցառմանը ելույթներ են հնչել «Ազատություն», «Ռասուլզադե», «Ալի բեյ» վանկարկումների ուղեկցությամբ, որտեղ վերջինը վերաբերում էր բանտարկված Ժողովրդական ճակատ կուսակցության (ԺՃԿ) ղեկավար Ալի Քարիմլիին։
Տե՛ս նաև՝ Ադրբեջանում ընդդիմադիր քաղաքական գործչին թույլ չեն տվել մասնակցել հոր հուղարկավորությանը
Azadliq լրատվամիջոցի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է մի կին բացում ԵՄ դրոշը՝ դրա հետ լուսանկարվելու նպատակով։ Այդ պահին մինչ այդ հանրահավաքին կողքից հետևող ոստիկանները շրջապատում են նրան և պահանջում հանձնել դրոշը։ Կնոջ հրաժարվելուց հետո նրանք ուժով վերցնում են դրոշը՝ պատճառաբանելով, որ այն ադրբեջանական դրոշ չէ։
Դրանից հետո հանրահավաքը շարունակվել է խաղաղ պայմաններում, և ձերբակալություններ չեն եղել։
«Վիրտուալ» տոն
Մինչ իշխանությունները դեմ էին արտահայտվում ԵՄ դրոշի օգտագործմանը՝ այն ադրբեջանական չլինելու պատճառաբանությամբ, ընդդիմադիր ակտիվիստները շուտով ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ հենց Բաքուն էլ տոնի առթիվ զարդարված չէր, թեև պաշտոնական պետական այցերի ժամանակ դրոշներ սովորաբար տեղադրվում են։
«Բայց այսօր Անկախության օրն է, իսկ քաղաքն ամբողջությամբ զարդարված չէ։ Հեռուստատեսությամբ չկա Անկախության օրվան նվիրված ոչ մի հաղորդում։ Ակնհայտ է, որ կառավարությունը չի ճանաչում մեր անկախությունը, կառավարությանը դուր չի գալիս անկախության անունը կրող ոչինչ և ոչ ոք։ Անկախ լինելը հանցանք և անեծք է իշխանությունների աչքում», - սոցցանցերում գրել է նախկին լրագրող Նամիգ Հուսեյնովը։
OC Media-ի հետ զրույցում ԺՃԿ անդամ Սեյմուր Հազին ընդգծել է, որ իշխանությունները տոնին վերաբերվում են բացառապես գաղափարախոսական տեսանկյունից, «ինչը սխալ է»։
«Իշխանությունները կարծում են, որ եթե նշեն այս օրը, դա կհակասի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության հայեցակարգին, որը պետականաշինության հարցը 1993-ից կապում է Հեյդար Ալիևի հետ։ Սա սխալ մոտեցում է», - ասել է Հազին։
Նրա խոսքով՝ 1991-ին անկախության վերականգնման մասին փաստաթղթերում հստակ հղում կա 1918-ին ստեղծված ադրբեջանական պետությանը և այդ ժամանակ ձևավորված կառույցներին։ Սակայն, ըստ Հազիի, սա խնդիր է ստեղծում իշխանությունների համար, քանի որ «եթե Հանրապետության ինստիտուցիոնալ արժեքները հանրաճանաչ դառնան Ադրբեջանում, ապա խորհրդարանը, համայնքային կառույցներն ու ընտրական մարմինները պետք է լինեն բազմակարծիք և բազմաբևեռ»։
«Իշխանությունները դա չեն ցանկանում», - եզրափակել է նա՝ պնդելով, որ հենց այդ պատճառով Բաքուն և երկրի մյուս բնակավայրերը չեն զարդարվել տոնի առթիվ։
Անկախության օրվա կապակցությամբ նախագահ Իլհամ Ալիևը և նրա կինը՝ փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, սոցիալական ցանցերում հրապարակել են շնորհավորական ուղերձներ։ Ալիևը նաև այցելել է Լեռնային Ղարաբաղ և մասնակցել Ստեփանակերտում (Խանքենդի) և Խոջալուում մի շարք ընկերությունների բացման արարողություններին։












