Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանում հակաիշխանական բողոքի ակցիայի ընթացքում ճանապարհը փակելու համար 61-ամյա Զուրաբ Մենթեշաշվիլիին դատապարտվել է ինն ամիս ազատազրկման։
Publika-ի հաղորդմամբ՝ դատավոր Նինո Գալուստաշվիլին դատավճիռը կայացրել է մայիսի 29-ին։ Հաշվի առնելով, որ Մենթեշաշվիլին 2025-ի նոյեմբերից արդեն կալանքի տակ էր՝ ակնկալվում է, որ նա ազատ կարձակվի մոտ երկու ամիս անց։
«Ես սիրում եմ իմ հայրենիքը, նրա համար ամեն ինչ կանեմ, և եթե սա հանցագործություն էր, ես դրա մասին չգիտեի», - դատարանում ասել է Մենթեշաշվիլին։
Տե՛ս նաև՝ Ճանապարհ փակելու համար մեղադրվող վրացի ցուցարարը ավելի քան երկու ամիս է հացադուլի մեջ է
«Ես կանգնած եմ այստեղ և ուրիշ ոչինչ անել չեմ կարող։ Եթե ցանկանում եք, չորրորդ անգամ էլ ձերբակալեք ինձ», - նշել է նա։
Մենթեշաշվիլին առաջին ցուցարարն է Վրաստանում, որին քրեական մեղադրանք է առաջադրվել բողոքի ակցիաների ընթացքում «ճանապարհը կրկնակի փակելու» համար։
Հոկտեմբերին Վրաստանի խորհրդարանը, որն ամբողջությամբ վերահսկվում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության և դրա դաշնակից խմբերի կողմից, արագացված կարգով ընդունեց օրենսդրական փոփոխություններ, որոնք խստացնում են պատիժները մի շարք դեպքերում, այդ թվում՝ բողոքի ակցիայի ժամանակ դեմքը ծածկելու (դիմակով կամ այլ միջոցներով), արցունքաբեր գազ, նյարդապարալիտիկ կամ թունավոր նյութեր ունենալու, ինչպես նաև ճանապարհը մասնակի կամ ամբողջությամբ փակելու համար, եթե ոստիկանությունը որոշի, որ ցուցարարների թվի հիման վրա դրա անհրաժեշտությունը չկա։
Այս բոլոր դեպքերում առաջին խախտման համար նախատեսվում է մինչև 15 օր վարչական կալանք, մինչդեռ նախկինում կալանքը միայն տուգանքի այլընտրանք էր։ Կրկնվող խախտումները համարվում են քրեական հանցագործություն և պատժվում մինչև մեկ տարվա ազատազրկմամբ, իսկ հետագա կրկնվող խախտումների դեպքում՝ մինչև երկու տարվա ազատազրկմամբ։












