Գլխավոր Լրահոս

Վրաստանը լրտեսության մեղադրանքով ձերբակալել է երկու քաղաքացու

Ձախից՝ Գուլբաաթ Ռծխիլաձեն, աջից՝ Իրակլի Չիխլաձեն։

Ձախից՝ Գուլբաաթ Ռծխիլաձեն, աջից՝ Իրակլի Չիխլաձեն։

Լուսանկարները՝ Obieqtivi-ի տեսանյութից և սոցցանցերից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտարարել է օտարերկրյա պետությունների օգտին լրտեսության մեղադրանքով երկու  քաղաքացու ձերբակալության մասին։ Ձերբակալվածների թվում են ռուսամետ կազմակերպության ղեկավարը և տարածաշրջանային հարցերով ու հակամարտություններով զբաղվող կազմակերպության հիմնադիրը։

ՊԱԾ-ը մայիսի 30-ին երկու առանձին ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է ձերբակալությունների մասին։ Առաջին դեպքում գերատեսչությունը հայտնել է, որ ձերբակալվածը «կապված է եղել երկու օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետ» և «տարիներ շարունակ ղեկավարել է հասարակական կազմակերպություններից մեկը»։

«Նա համակարգված կերպով հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին է փոխանցել հետախուզական բնույթի տեղեկություններ՝ նյութական շահ ստանալու և օտարերկրյա պետության շահերն առաջ մղելու նպատակով», - հայտարարել է ՊԱԾ-ը։

Գերատեսչության տվյալներով՝ կասկածյալը օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ ունեցել է «բարձր մակարդակի կազմակերպված, գաղտնի և համակարգված կապեր», իսկ տեղեկությունների փոխանցումը կատարվել է ինչպես անձնական հանդիպումների, այնպես էլ առցանց։

Ավելի ուշ ՊԱԾ-ը հաստատել է, որ խոսքը ռուսամետ «Եվրասիա ինստիտուտի» համահիմնադիր և տնօրեն Գուլբաաթ Ռծխիլաձեի մասին է։ Նրա վերջին նախաձեռնություններից մեկն էր Վրաստանում «ռուսաֆոբիայի մոնիթորինգի խորհրդի» ստեղծումը։

Myth Detector-ի տվյալներով՝ Ռծխիլաձեն դեմ է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը, փոխարենը աջակցում է Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալուն։ 2022-ին նա այցելել էր Ռուսաստանի օկուպացրած Դոնբաս և հայտարարել, որ այնտեղ է եղել որպես «լրագրող»։

ՊԱԾ-ը չի նշել, թե որ երկրի օգտին է Ռծխիլաձեն, ենթադրաբար, լրտեսել։ Նրա փաստաբան Լաշա Գոլուբիանին լրատվամիջոցներին հայտնել է, որ Ռծխիլաձեն հերքում է մեղադրանքը և իր ձերբակալությունը կապում «ռուսաֆոբիայի» թեմայով խորհրդի ստեղծման հետ։

Երկրորդ ձերբակալությունը

Ռծխիլաձեի ձերբակալության մասին հայտարարությունից երեք ժամ անց ՊԱԾ-ը հայտնել է նույն մեղադրանքով ևս մեկ անձի ձերբակալության մասին։ Ըստ գերատեսչության՝ նա տեղեկություններ է հավաքել և փոխանցել անհայտ օտարերկրյա հատուկ ծառայության։

«Քննությամբ պարզվել է, որ Վրաստանի քաղաքացին, գործելով սեփական երկրի շահերի դեմ, անձնական կապերի միջոցով լրագրողական, փորձագիտական և այլ մասնագիտական շրջանակներում համակարգված կերպով հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին է փոխանցել հետախուզական բնույթի տեղեկություններ՝ նրանց շահերին համապատասխան», - նշել է ՊԱԾ-ը։

Գերատեսչության տվյալներով՝ հանդիպումները կազմակերպվել են «կոդավորված» հաղորդակցությունների միջոցով, իսկ փոխանցված տեղեկությունները վերաբերել են «Վրաստանում և տարածաշրջանում, այդ թվում՝ հարևան երկրներում ընթացող քաղաքական և տնտեսական զարգացումներին, ինչպես նաև իրավապահ և անվտանգության կառույցներում տիրող իրավիճակին»։

ՊԱԾ-ը նաև պնդում է, որ կասկածյալը առցանց հարթակի քողի տակ ղեկավարել է «հետախուզական ցանց», որի անդամներին բաշխել է օտարերկրյա հատուկ ծառայություններից ստացված միջոցները։

Նաև հայտնի է դարձել, որ երկրորդ ձերբակալվածը Թբիլիսիում գրանցված «Քաղաքացիական լսումների կովկասյան կենտրոնի» հիմնադիր Իրակլի Չիխլաձեն է։ Վրաստանի Հանրային ռեեստրի տվյալներով՝ 2009-ին ստեղծված կազմակերպության ղեկավար մարմնում, բացի վրացիներից, ընդգրկված են նաև ադրբեջանցի և հայ անդամներ։

RFE/RL-ի տվյալներով՝ կազմակերպությունը հիմնականում զբաղվել է տարածաշրջանային հարցերով, այդ թվում՝ հակամարտություններով։ 2015-ին այն Գորիում հանրային քննարկում էր կազմակերպել սահմանազատման գծին մոտ գյուղերի իրավիճակի վերաբերյալ, իսկ նույն թվականին Երևանում հավաքել էր վրացի, օս և աբխազ լրագրողների։

Չիխլաձեի եղբայրը՝ լրագրող Գիգա Չիխլաձեն, զոհվել էր 2008-ի օգոստոսյան պատերազմի ժամանակ։

Մեկնաբանելով գործը՝ Չիխլաձեի փաստաբան Գիորգի Գելխաուրին մեղադրանքները որակել է «աբսուրդային»՝ ընդգծելով, որ իր պաշտպանյալը որևէ կապ չունի լրտեսության հետ։ Նա նաև նշել է, որ փաստաբաններից պահանջվել է ստորագրել չհրապարակման պարտավորագիր, ինչը դժվարացնում է գործի մանրամասների քննարկումը։

Միաժամանակ Գելխաուրին ընդգծել է, որ Չիխլաձեի գործը որևէ կապ չունի Ռծխիլաձեի գործի հետ։

Ձերբակալվածի դուստրը՝ Անի Չիխլաձեն, հայտարարել է, որ իր հոր դեմ առաջադրված մեղադրանքները «անպատկերացնելի են» թե՛ ընտանիքի, թե՛ բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում են նրան։

«Մենք հարգում ենք իրավական գործընթացը, սակայն պահանջում ենք թափանցիկություն, իրական ապացույցներ և արդար պաշտպանություն։ Ոչ ոք չպետք է կործանվի գաղտնի մեղադրանքների, ճնշումների կամ հորինված պատմությունների հետևանքով», - ասել է նա։

Ավելի վաղ՝ ապրիլին և մայիսին, ՊԱԾ-ը լրտեսության մեղադրանքով առնվազն ևս երկու ձերբակալության մասին էր հայտարարել։ Մայիսի 5-ին գերատեսչությունը հայտնել էր ֆինանսների նախարարության նախկին աշխատակից Գիորգի Ուձիլաուրիի ձերբակալության մասին, որը նախկինում աշխատել էր նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի Cartu Group կոնգլոմերատում։

Ավելի վաղ՝ ապրիլի 22-ին, ՊԱԾ-ը հայտնել էր Ախալգորիից (Լենինգոր) մի տղամարդու ձերբակալության մասին։ Թեև գերատեսչությունը երկու գործերում էլ չի նշել, թե որ երկրի օգտին էր իրականացվել ենթադրյալ լրտեսությունը, իշխանամետ լրատվամիջոցները գրել էին, որ Ախալգորիի բնակիչը մեղադրվում է Ռուսաստանի, իսկ Ուձիլաուրին՝ «եվրոպական պետություններից մեկի» օգտին լրտեսելու մեջ։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում