Գլխավոր Լրահոս

Նարեկ Կարապետյանն ունեցել է արդյոք ՌԴ քաղաքացիություն․ արտահոսած տվյալների հետքով

Նկարը գեներացվել է արհեստական բանակության միջոցով

Նկարը գեներացվել է արհեստական բանակության միջոցով

«Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի հնարավոր ՌԴ քաղաքացիության թեման լայն քննարկումների առարկա դարձավ այն բանից հետո, երբ հրապարակվեցին ռուսական ռեգիստրներից ստացված փաստաթղթեր, որոնցում նրա քաղաքացիությունը նշված էր որպես Ռուսաստանի Դաշնություն։

Կարապետյանը հաստատեց, որ փաստաթղթերում նշված անձն ինքն է, սակայն պնդեց, որ քաղաքացիության վերաբերյալ տվյալը սխալ է, ինքը ՀՀ քաղաքացի է և երբեք չի ունեցել օտարերկրյա որևէ անձնագիր։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է բաց և ոչ հրապարակային աղբյուրներից ստացված տվյալները, ինչպես նաև գործընկեր «Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննությունների ծրագրի» (OCCRP) աջակցությամբ իրականացրել լրացուցիչ հետազոտություն՝ պարզելու, թե արդյոք առկա են Նարեկ Կարապետյանի՝ Ռուսաստանի քաղաքացիություն ունենալը հաստատող փաստաթղթեր։

Ինչպես սկսվեց քաղաքացիության շուրջ քննարկումը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 19-ին հրապարակել էր ՌԴ-ում գործող «ՄոսՊրոմԷքսպլուատացիա» (ООО «МосПромЭксплуатация») ընկերության պետական ռեգիստրի քաղվածքից մի հատված, որտեղ երևում էր, որ Նարեկ Կարենի Կարապետյանը տվյալ ընկերությունում ունի մասնաբաժին, իսկ քաղաքացիության դաշտում նշված է՝ ՌԴ քաղաքացի։ 

Հաջորդ օրը՝ մայիսի 20-ին, Քննչական կոմիտեն հայտնեց, որ Նարեկ Կարապետյանի կողմից օտարերկրյա քաղաքացիության մասին տեղեկությունը թաքցնելու առերևույթ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նույն օրը լրագրողների հետ զրույցում Կարապետյանը հաստատել էր, որ հիշատակված ընկերության բաժնետեր է, սակայն պնդել էր, որ ռեգիստրում քաղաքացիության վերաբերյալ արված նշումը վրիպակ է։ Կարապետյանը նաև հայտնել էր, որ իր իրավաբաններն արդեն զբաղվում են այդ խնդրով և դիմել են համապատասխան մարմիններին։ 

Մայիսի 21-ին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտնել էր, որ Կարապետյանը երբեք ՌԴ քաղաքացի չի եղել։

«ՄոսՊրոմԷքսպլուատացիա»-ի և «Տաշիր» խմբի կապը

Ռուսական իրավաբանական անձանց պետական միասնական ռեեստրի (ЕГРЮЛ) տվյալները ցույց են տալիս, որ ընկերությունը փոխկապակցված է Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խմբի հետ։ Ըստ Իրավաբանական անձանց պետական միասնական ռեգիստրի (ЕГРЮЛ)՝ «ՄոսՊրոմԷքսպլուատացիայի» հիմնական սեփականատերն ու կառավարող կառույցը «ՍԿ-ԿԱՊԻՏԱԼ» ընկերությունն է, որի հիմնադիրների թվում են «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը, «Տաշիր Կապիտալ» և «Աքսեն Էսթեյթ» ընկերությունները։

Ընկերության 22,3 տոկոս բաժնեմասը պատկանում է Սամվել Կարապետյանի քրոջ ամուսնուն՝ Սուրիկ Պողոսյանին։ Իսկ Նարեկ Կարապետյանի մասնաբաժինը 2,5 տոկոս է. նա բաժնետեր է դարձել 2020-ի օգոստոսին։ 

Մայիսի 19-ի դրությամբ ռուսական ռեգիստրում Կարապետյանի քաղաքացիությունը նշված էր որպես Ռուսաստանի Դաշնություն։

Սակայն, զարմանալիորեն, մեկ օրում ռեգիստրի տվյալները խմբագրվել են, և մայիսի 20-ից որպես քաղաքացիություն նշվել է ՀՀ։

Նարեկ Կարապետյանի քաղաքացիության վերաբերյալ տվյալները «ՄոսՊրոմԷքսպլուատացիա» ընկերության քաղվածքում՝ մայիսի 19-ի և 20-ի դրությամբ
Նարեկ Կարապետյանի քաղաքացիության վերաբերյալ տվյալները «ՄոսՊրոմԷքսպլուատացիա» ընկերության քաղվածքում՝ մայիսի 19-ի և 20-ի դրությամբ

Քաղաքացիության առեղծվածը և «ՎՈԻԳ»-ի փաստաթղթերը

Ռուսական ռեգիստրում Նարեկ Կարապետյանը նույնականացվում է 772836376910 ՀՎՀՀ-ով (ИНН), որը Ռուսաստանում ֆիզիկական անձի եզակի հարկային համարն է և թույլ է տալիս ամբողջությամբ բացառել նույն անուն-ազգանուն ունեցող այլ անձանց հետ շփոթման հավանականությունը։

#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նույն 772836376910 ՀՎՀՀ-ով Նարեկ Կարապետյանը 2023-ի մարտի 30-ից մինչև 2026-ի մարտի 31-ը եղել է նաև մեկ այլ՝ «ՎՈԻԳ» (ООО «ВОИГ») ընկերության բաժնետեր։ 

Ի տարբերություն «ՄոսՊրոմԷքսպլուատացիայի», «ՎՈԻԳ»-ի փաստաթղթերում Նարեկ Կարապետյանի քաղաքացիությունը նշված է եղել Հայաստանի Հանրապետություն։ Հատկանշական է, որ երկու ընկերություններում նրա մասնակցության ժամանակահատվածները համընկնում են, սակայն ռուսական պետական ռեեստրը նույն անձի համար միաժամանակ արտացոլել է երկու տարբեր քաղաքացիություն։

Նարեկ Կարապետյանի քաղաքացիության վերաբերյալ տվյալները «ՎՈԻԳ»-ի քաղվածքում՝ 2026-ի մարտի 30-ի դրությամբ
Նարեկ Կարապետյանի քաղաքացիության վերաբերյալ տվյալները «ՎՈԻԳ»-ի քաղվածքում՝ 2026-ի մարտի 30-ի դրությամբ

Ի՞նչ են փաստում արտահոսած տվյալների բազաները

Ինչպես արդեն նշվեց, OCCRP-ի գործընկերների հետ համատեղ դիտարկվել են նաև ռուսական պետական և առևտրային ռեգիստրներից արտահոսած տվյալների բազաներ, որտեղ առկա են Նարեկ Կարապետյանին վերաբերող գրառումներ։

Ուսումնասիրված տվյալների շրջանակում չեն հայտնաբերվել փաստաթղթեր, որոնք անկախ կերպով կհաստատեն Նարեկ Կարապետյանի՝ Ռուսաստանի քաղաքացիություն ունենալու փաստը։ Միաժամանակ, տվյալների բազաներում բազմիցս հանդիպում են նրա հայկական անձնագրի տվյալները։

Այսպես, փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս նաև մեկ այլ կարևոր հանգամանք․ 2020-ից հետո՝ այն ժամանակահատվածում, երբ Կարապետյանը դարձել է «ՄոսՊրոմԷքսպլուատացիա» ընկերության բաժնետեր, ուսումնասիրված այլ փաստաթղթերում և տվյալների բազաներում նա չի նույնականացվում որպես ՌԴ քաղաքացի։ Ուսումնասիրված տվյալներում նրա անվան դիմաց նշված է Հայաստանի Հանրապետություն (Гражданство: АРМЕНИЯ) կամ «օտարերկրյա քաղաքացի» կարգավիճակը, ինչպես նաև հայկական անձնագրի տվյալները։

Մասնավորապես, ՌԴ անշարժ գույքի պետական ռեգիստրի (Росреестр)՝ 2020-2024 թվականներն ընդգրկող տվյալներում Նարեկ Կարենի Կարապետյանը նշված է որպես «օտարերկրյա քաղաքացի» (Иностранный гражданин)։ Որպես անձը հաստատող փաստաթուղթ ռեգիստրում մուտքագրված է նրա հայկական անձնագիրը, իսկ հիմնական գրանցման հասցե նշված է Լոռու մարզի Տաշիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի տունը։

Փաստաթղթերը՝ արտահոսած տվյալների բազաներից
Փաստաթղթերը՝ արտահոսած տվյալների բազաներից

Հատկանշական է, որ ըստ նույն տվյալների՝ Կարապետյանը դեռ 2015-ի դեկտեմբերից Մոսկվայի Նամյոտկինի փողոցում գտնվող 128,4 քմ մակերեսով բնակարանի սեփականատեր է։ 

Փաստաթուղթը՝ արտահոսած տվյալների բազաներից
Փաստաթուղթը՝ արտահոսած տվյալների բազաներից

Նմանատիպ տվյալներ են առկա նաև ՌԴ Դատական կարգադրիչների դաշնային ծառայության (ФССП) բազաներում։ 2020-2023 թվականներին հարուցված մի շարք կատարողական վարույթներում Նարեկ Կարապետյանը նույնականացվում է նույն՝ 772836376910 ՀՎՀՀ-ով (ИНН)։ Այդ գրառումներում ևս որպես անձը հաստատող փաստաթուղթ նշված է Հայաստանի Հանրապետության անձնագրի սերիան։

OCCRP-ի մեր գործընկերների իրականացրած լրացուցիչ ուսումնասիրության ընթացքում ևս, բացի վերոնշյալ «ՄոսՊրոմԷքսպլուատացիա» ընկերության փաստաթղթերից, Նարեկ Կարապետյանի՝ Ռուսաստանի քաղաքացիություն ունենալը հաստատող այլ փաստաթղթեր կամ տվյալներ չեն հայտնաբերվել։

Հատկանշական է, որ թեմայի շուրջ աղմուկից հետո տարածվեցին հրապարակումներ, որոնցում պնդվում էր, թե Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացի լինելն ապացուցվում է «ՄոսՊրոմԷքսպլուատացիա» ընկերության քաղվածքի կնիքով տարբերակով։

Սակայն փաստաթղթի վրա առկա կնիքը չի վերաբերում քաղաքացիության վերաբերյալ տվյալների ճշտությանը։ Այն միայն հաստատում է, որ քաղվածքը ստացվել է Ռուսաստանի պետական ռեեստրից և այդ ռեեստրի պաշտոնական փաստաթուղթ է։

Այսպիսով, «ՄոսՊրոմԷքսպլուատացիա» ընկերության փաստաթղթերում առկա գրառումը միակ հայտնաբերված տվյալն է, որտեղ Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի։ #CivilNetCheck-ի և OCCRP-ի ուսումնասիրած այլ ռեեստրներում ու տվյալների բազաներում նա նույնականացվում է որպես ՀՀ կամ օտարերկրյա քաղաքացի, իսկ ՌԴ քաղաքացիությունը հաստատող այլ անկախ փաստաթղթեր չեն հայտնաբերվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում