Ձայնե՞ր, թե՞ մանդատներ․ ինչպես է «ՌԻԱ Նովոստին» մանիպուլացնում ՔՊ-ի արդյունքը

Ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հունիսի 8-ին հրապարակած երկու հոդվածում պնդում է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, թեև խորհրդարանական ընտրություններում զբաղեցրել է առաջին տեղը, իրականում պարտվել է, քանի որ չի ստացել ձայների 52%-ը։
«Ընտրությունների նախնական արդյունքները վկայում են Փաշինյանի պարտության մասին» վերնագրով հոդվածում գործակալությունը հղում է անում ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևին։ Վերջինս գրել էր, թե միակուսակցական կառավարություն ձևավորելու համար Հայաստանում անհրաժեշտ է ստանալ ձայների առնվազն 52%-ը։
«Եթե ԿԸՀ նախնական տվյալները հաստատվեն վերջնական հաշվարկով, ապա սա այն դեպքն է, երբ ընտրություններում առաջին տեղը ավելի շուտ պարտություն է, քան հաղթանակ»,– գրել է Կոսաչևը։
Նույն թեզը կրկնվում է նաև «Նիկոլ Փաշինյանի պյուռոսյան հաղթանակը» հոդվածում։ Հեղինակ Իրինա Ալկսնիսը ՔՊ-ի 49.81%-ը ներկայացնում է որպես «դառը պարտություն» և պնդում, թե հաշվարկը դադարեցվել է, երբ իշխող ուժի արդյունքը մոտեցել է «կրիտիկական» 50%-ի շեմին։
#CivilNetCheck-ը ուսումնասիրել է այս պնդումները և պարզել, որ դրանք մանիպուլյատիվ են․ Հայաստանի օրենսդրությունը միակուսակցական կառավարություն ձևավորելու համար չի պահանջում ձայների 52%։
Ինչպե՞ս է ձևավորվում խորհրդարանական մեծամասնությունը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 8-ին հրապարակած նախնական արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիրն» իսկապես ստացել է ընտրողների ձայների 49.81%-ը՝ 727,820 ձայն։ Սակայն սխալ է պնդումը, թե միակուսակցական կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է ստանալ ձայների 52%-ը։
Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մանդատները բաշխվում են միայն ընտրական շեմը հաղթահարած ուժերի միջև։ Այսինքն՝ խորհրդարան չանցած կուսակցությունների ձայները մանդատների չեն վերածվում, ինչի արդյունքում առաջին տեղը զբաղեցրած ուժը կարող է խորհրդարանում ունենալ ավելի մեծ բաժին, քան ստացել է քվեներով։
Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորում, իսկ դրա մեխանիզմը սահմանված է Ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասով։ Ըստ դրա՝ եթե որևէ կուսակցություն մանդատների բաշխումից հետո ունի մեծամասնություն, բայց դրա մանդատները 52%-ից պակաս են, նրան տրվում են լրացուցիչ մանդատներ՝ առնվազն 52% ապահովելու համար։
Այսինքն՝ 52%-ը վերաբերում է ոչ թե ձայներին, այլ մանդատներին։
Ի՞նչ են ցույց տալիս նախնական արդյունքները
Մանդատների բաշխումը կատարվում է Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածով սահմանված բանաձևով։ Նախ հաշվարկվում են Ազգային ժողովի նվազագույն՝ 101 հիմնական մանդատները․ յուրաքանչյուր ուժի ստացած ձայների թիվը բազմապատկվում է 101-ով և բաժանվում ընտրական շեմը հաղթահարած ուժերի ստացած ձայների ընդհանուր թվի վրա։
Այս ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժեր։ Նրանց ստացած ձայների ընդհանուր թիվը կազմում է 1,213,021․
«Քաղաքացիական պայմանագիր»՝ 727,820 ձայն, «Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 340,088 ձայն և «Հայաստան» դաշինք՝ 145,113 ձայն։
Այս բանաձևով հիմնական 101 մանդատները բաշխվում են հետևյալ կերպ․ ՔՊ՝ 61 մանդատ, «Ուժեղ Հայաստան»՝ 28 մանդատ, «Հայաստան»՝ 12 մանդատ։ Ազգային փոքրամասնությունների համար նախատեսված մանդատների ավելացումից հետո նախնական բաշխումն այսպիսին է․ ՔՊ՝ 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»՝ 29 մանդատ, «Հայաստան»՝ 12 մանդատ։
Քանի որ այս հաշվարկով ՔՊ-ն ունի մանդատների ընդհանուր թվի ավելի քան 52%-ը, լրացուցիչ մանդատների կարիք չի առաջանում։ Ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասը լրացուցիչ մանդատներ է նախատեսում միայն այն դեպքում, երբ որևէ կուսակցություն մանդատների բաշխման արդյունքում ստանում է մեծամասնություն, սակայն դրա մանդատները 52%-ից պակաս են։
Նախնական հաշվարկով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 58,378 ձայն, ինչը կազմում է ձայների մոտ 3.99%-ը և չի հաղթահարում կուսակցությունների համար սահմանված 4%-ի շեմը։ Թեև ԲՀԿ-ն սկսել է վերահաշվարկի գործընթաց, նույնիսկ նրա՝ շեմը հաղթահարելու դեպքում ՔՊ-ն պահպանում է կայուն մեծամասնությունը․ այդ սցենարում ՔՊ-ն կունենա 61 մանդատ՝ ներառյալ ազգային փոքրամասնությունների մանդատները, և կկարողանա ձևավորել կառավարություն։
Հաշվարկը դադարեցվելու մասին պնդումը
«ՌԻԱ Նովոստի»-ի հոդվածում նաև պնդվում է, թե ՔՊ-ի ցուցանիշի նվազման ֆոնին ձայների հաշվարկը դադարեցվել է։
Այս պնդումը հերքել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը՝ հայտարարելով, որ արդյունքների ամփոփման գործընթացը շարունակվել է ամբողջ գիշեր և որևէ պահի չի դադարեցվել։
«ԿԸՀ-ն ամբողջ գիշեր շարունակել է արդյունքների ամփոփման գործընթացը։ Ոչ մի րոպե արդյունքների ամփոփումը չի դադարել»,- նշել է Սմբատյանը։
Արդյո՞ք «ՌԻԱ Նովոստիի» ձևակերպումը վրիպակ էր
Ի դեպ, «Մեդուզան» գրել է, որ ՌԴ նախագահի աշխատակազմը պետական և իշխանամետ լրատվամիջոցներին «խորհուրդ է տվել» Հայաստանի ընտրությունների լուսաբանման ժամանակ շեշտել, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 50%-ից պակաս ձայն։ Ըստ պարբերականի՝ Կրեմլին լոյալ խոշոր լրատվամիջոցներից մեկի աշխատակիցը հայտնել է, որ խմբագրություններին հանձնարարվել է արդյունքները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն» և օգտագործել հենց այդ բառը, ինչպես նաև շեշտել ընտրախախտումների մասին պնդումները՝ Փաշինյանի լեգիտիմության վերաբերյալ կասկածներ սերմանելու համար։
«Մեդուզան» նաև նշել է, որ այս մոտեցումը նկատելի է եղել ռուսական պետական և իշխանամետ լրատվամիջոցների հրապարակումներում․ օրինակ՝ «ՌԻԱ Նովոստին» ընտրությունների արդյունքների մասին լուրը վերնագրել է «Փաշինյանի կուսակցությունը չի ստացել ձայների 50%-ը», ապա հրապարակել նաև «Նիկոլ Փաշինյանի պյուռոսյան հաղթանակը» վերնագրով սյունակը։
Կազմակերպություն
Հասանելի է
русский
Նելլի Լազարյան
CivilNetCheck









