Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հինգ օր անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) արտահերթ նիստում անվավեր է ճանաչել երկու ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքները։
Այս որոշումը ոչ միայն հիմք է դարձել գործի նյութերը դատախազություն ուղարկելու համար, այլև հետընտրական նոր լարվածություն ստեղծել՝ ուղղակիորեն անդրադառնալով անցողիկ շեմին գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) վերջնական ցուցանիշների վրա: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հունիսի 12-ին էլ հայտարարեց, որ քաղաքական ուժը «շարունակելու է օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանել իրեն տրամադրած վստահության քվեն»:
«ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը, և դիմակայելու իշխանության անօրինականություններին։ Մենք սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ՝ միասնական օրակարգի և քայլերի մշակման համար»,- նշված է Ծառուկյանի հայտարարության մեջ։
Ինչ արդյունքներ են գրանցվել անվավեր ճանաչված ընտրատեղամասերում
Ըստ ԿԸՀ պաշտոնական հաղորդագրության՝ անվավեր են ճանաչվել թիվ 10 (թիվ 10/51 տեղամաս) և թիվ 35 (թիվ 35/65 տեղամաս) ընտրատարածքային «ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքներում գրանցված» արդյունքները։
10/51 տեղամասը գտնվում է Նուբարաշեն վարչական շրջանի «Երևանի Նուբարաշեն մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում։ Այս ընտրատեղամասի արդյունքներով՝ «Բարգավաճ Հայաստանը» ստացել էր 131 ձայն, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 630 ձայն, «Ուժեղ Հայաստանը»՝ 222 ձայն, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 122 ձայն։
Մյուս ընտրատեղամասը՝ 35/65-ը, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում էր՝ Արվեստի դպրոցի շենքում։ Սա այն ընտրատեղամասերից մեկն է, որտեղ մեծ թվով զինվորներ էին ուշ ժամանել քվեարկության։ Այս տեղամասում էլ ԲՀԿ-ն ստացել էր 82 ձայն, ՔՊ-ն՝ 593 ձայն, «Ուժեղ Հայաստանը»՝ 306, իսկ «Հայաստան» դաշինքը 148։
Այսինքն՝ այս երկու տեղամասերում ԲՀԿ-ն ընդհանուր ստացել էր 213 ձայն։ «Նվազագույն հաշվարկի դեպքում, ակնհայտ էր, որ մեր վերականգնած շուրջ 130 քվեների դիմաց, եթե նրանք անվավեր են ճանաչում 200-ից ավելի քվե, ապա ավտոմատ կերպով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը։ Սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի հարված ժողովրդավարությանը»,- հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Համաձայն ԿԸՀ որոշման` 10/51 տեղամասում քվեարկած 1,287 ձայները և 35/65-ում՝ 1,315 ձայներն ամբողջությամբ գրանցվել են որպես անճշտությունների գումարային չափ։ Արձանագրությունների մնացած բոլոր արդյունքները և թվերը հավասարեցվել են 0-ի։ Այս երկու տեղամասերի նյութերն ուղարկվել են դատախազություն:
Վիճահարույց երկու տեղամասերից մեկում՝ Սյունիքի մարզի թիվ 35/65-ում, զինծառայողների քվեարկությունը շարունակվել է սահմանված ժամկետի ավարտից՝ 20:00-ից հետո, ինչն էլ առիթ է դարձել ընդդիմադիր ուժերի կոշտ արձագանքին և ընտրախախտումների մասին հայտարարություններին:
Թեև ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը սկզբնապես նշել էր, որ զինվորները տեղամաս են մտել մինչև փակվելը և ունեին քվեարկելու իրավունք, այդուհանդերձ հանձնաժողովն որոշեց չեղարկել արդյունքները։
Ներքաղաքական պատկերը և վիճարկվող ձայներ
Հունիսի 7-ի ընտրությունների նախնական արդյունքներով՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը» (ՔՊ) հավաքել է ձայների 49,81%-ը: Թեև այս ցուցանիշն ինքնին սահմանադրական մեծամասնություն չի ապահովում, սակայն ձայների վերաբաշխման օրենսդրական մեխանիզմների շնորհիվ ՔՊ-ն հնարավորություն ունի ոչ միայն միանձնյա կառավարություն կազմավորել, այլև, ստանալով խորհրդարանական մանդատների 3/5-ը, փոփոխել սահմանադրական օրենքներն ու առանցքային նշանակումներ անել իրավապահ համակարգում։
Խորհրդարան են անցնում նաև ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» (23,29%) և «Հայաստան» (9,94%) դաշինքները։
Միևնույն ժամանակ, իրավիճակը ճգնաժամային է «Բարգավաճ Հայաստանի» (ԲՀԿ) համար։ Կուսակցությունը հավաքել է քվեների մոտ 3,997% քվե և տատանվում է խորհրդարան անցնելու նվազագույն շեմին։ ԲՀԿ-ում պնդում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` երկու տեղամասերի արդյունքների չեղարկումն իրենց համար որոշիչ նշանակություն ունի, ուստի դրա հետևում տեսնում է քաղաքական ենթատեքստ:
Ի դեպ, հենց ԲՀԿ-ի խոհրդարանում ներկայացվածությունից կամ բացակայությունից է կախված՝ ՔՊ-ն կունենա մանդատների 3/5-ը, թե ոչ:
Իրավական ելքերը. փորձագետների կարծիքը
Ընտրական օրենսդրության համաձայն՝ գործընթացը հավանաբար կտանի դեպի վերաքվեարկություն, սակայն վերջնական որոշումը Կենտորանական ընտրական հանձնաժողովինն է: Ընտրական համակարգերի փորձագետ Մարիամ Հովեյանի խոսքով, եթե ԿԸՀ-ն որոշի վերաքվեարկություն անցկացնել, այն տեղի կունենա որոշման կայացումից հետո՝ 7-րդ օրը։
«Տվյալ տեղամասերում գործող հանձնաժողովի անդամների լիազորությունները կդադարեցվեն, կնշանակվեն նորերը: ԿԸՀ որոշմանը պետք է սպասել հունիսի 14-ին», - պարզաբանում է փորձագետը։
«Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը հավելում է, որ վերաքվեարկությունն ակնհայտ է, ինչը նշանակում է, որ ԲՀԿ-ի խորհրդարան անցնելու հարցը ձգձգվելու է ևս մի քանի շաբաթ: Նա միաժամանակ քննադատել է ընդդիմության արձագանքը. «Մեղմ ասած, չեմ հասկանում ընդդիմության այս դժգոհությունը։ Այդ տեղամասերում զինվորների քվեարկությունը դրոշ էին սարքել, հիմա, երբ ԿԸՀ-ն ընդունեց քննադատությունն ու գնաց վերաքվեարկության, նույն մարդիկ դժգոհության ալիք են բարձրացնում»։
Այժմ Հայաստանի քաղաքական դաշտի ուշադրության կենտրոնում ԿԸՀ-ի` հնարավոր վերաքվերակության վերաբերյալ որոշումն է: Ակնկալվում է, որ այն վերջնական իրավական հանգուցալուծում կտա տեղային, բայց խորհրդարանի ապագա կազմի վրա վճռորոշ ազդեցություն ունեցող այս խնդրին՝ ամբողջացնելով երկրի գլխավոր օրենսդիր մարմնի պատկերը:
Արշալույս Մղդեսյան
Գևորգ Թոսունյան












