Գլխավոր Լրահոս

Այլ շուկայում չեն դասավորվում վերջին օրը․ ֆերմերը՝ ռուսական արգելքի և առկա խնդիրների մասին

Այլ շուկայում չեն դասավորվում վերջին օրը․ ֆերմերը՝ ռուսական արգելքի և առկա խնդիրների մասին

Սիրանուշ Ադամյան

«Այլ շուկայում չեն դասավորվում վերջին օրը, այլ շուկայում չեն դասավորվում խնդրից հետո»,- ասում է ֆերմեր, Davtyan Farms ընկերության հիմնադիր Դավիթ Դավթյանը։

CivilNet Business-ի հետ հարցազրույցում նա նշում է, որ Հայաստանը գյուղատնտեսական արտահանման ճգնաժամի առջև կանգնել է ոչ թե այս շաբաթ, այլ տարիների անգործության պատճառով, և մեղքի զգալի բաժինը պետության վրա է։

Ռուսաստանն ամբողջությամբ արգելափակել Հայաստանից բուսական ծագման արտադրանքի ներմուծումն ու դրա տարանցումը ԵԱՏՄ երկրներ՝ երկու երկրների միջև քաղաքական լարվածության ֆոնին, որը Երևանն արհեստական է որակում։ Ի պատասխան՝ կառավարությունը հատկացրել է 4 մլրդ դրամ՝ արտահանման ծախսերի սուբսիդավորման համար։

Դավթյանն այդ քայլը բավարար չի համարում։ Իրավիճակը նա ոչ թե զգայուն, այլ «աղետալի» է համարում։ Խնդիրը, Դավթյանի խոսքով, այն է, որ առնվազն 30 տարի Հայաստանն աշխատել է հիմնականում ռուսական շուկայի հետ, որտեղ սպառվում է հայկական գյուղմթերքի 80-90 տոկոսը, և այդ շուկան փակվել է միանգամից։

Վտանգն ավելի է խորանում տարանցման արգելքով, քանի որ ԵԱՏՄ այլ երկրներ արտահանելու համար ևս պետք է անցնել Ռուսաստանի տարածքով։ Դավթյանը նշում է, որ այլընտրանքային ուղիները քիչ են։ 

Կառավարության խոստացած սուբսիդիաները՝ ծիրանի համար 200 դրամ, կեռասի համար՝ 400 դրամ դրույքաչափով, նա համարում է կարճաժամկետ լուծում, որը խնդրի արմատին չի դիպչում։ Համեմատությունը բերում է բժշկությունից՝ պետությունը ցավազրկում է, բայց բուժում չի անում։

Երկու տարբեր Հայաստան

Դավթյանը տարբերակում է երկու խումբ։ Մի կողմում, ասում է նա, մոտ 400 հզոր ընկերություն է, որոնք զբաղվում են առաջադեմ գյուղատնտեսությամբ և ինքնուրույն ելք կգտնեն։ Մյուս կողմում՝ 300-400 հազար փոքր գյուղական տնտեսություն, որտեղ ներգրավված է 700-800,000 մարդ։ Հենց նրանց համար, ըստ նրա, պետության պաշտպանական մեխանիզմ չկա. «Ի՞նչ է տեղի ունենալու գյուղական տնտեսությունների հետ. սա ամենակարևորն է»։

Խնդրի արմատը, ըստ Դավթյանի, ռուսական շուկայի ձևավորած սովորույթներն են, որոնք չեն փոխանցվում այլ շուկաներ։ Նա բերում է կանաչեղենի օրինակը․ գյուղերից հավաքված համեմը փաթաթում են հայկական թերթով, դնում 20 կիլոգրամանոց արկղերում և բեռնատարով կամ ինքնաթիռով ուղարկում Ռուսաստան։ Նա նշում է՝ Եվրոպան դա չի ընդունի։

Ֆերմերը զգուշացնում է չշփոթել արտահանումը քիչ քանակ ուղարկելու հետ։ Նա հեգնանքով նկարագրում է, թե ինչպես կարող է 3 կգ ծնեբեկ ուղարկել Ֆրանսիայում ընկերոջը, որը կլուսանկարվի Էյֆելյան աշտարակի ֆոնին, գրելով՝ «հայկական ծնեբեկը Ֆրանսիայում», և տասնյակ հազարավոր հավանումներ հավաքի։ Բայց դա, նրա խոսքով, արտահանում չէ։ Ժողովրդի մոտ խորը թյուրըմբռնում կա, որ քիչ տանելը նույն արտահանումն է։ Իրական արտահանումը պահանջում է միատեսակ որակ, միատեսակ փաթեթավորում, բավարար ծավալ և մեկ խողովակով ուղարկում, ինչպես նաև նոր շուկայի չափանիշներով աշխատող մթերման կայաններ։

Բաց թողնված հնարավորություն

Դիվերսիֆիկացիան, որի մասին այսօր խոսում է կառավարությունը, պետք է արվեր վաղուց, պնդում է Դավթյանը։ Նա ասում է, որ վերջին երեք-չորս տարին անընդհատ կոչ է արել շուկաների բազմազանեցում անել և ինքն իր տնտեսությունը բազմազանեցրել է Կովիդի համավարակից հետո։ Ընդունում է, սակայն, որ իր վաճառքի մոտ 90 տոկոսը դեռ Ռուսաստանն է, և հիմա նոր է մտնում արաբական շուկա։

Միջազգային չափանիշների տարբերությունը նա ցույց է տալիս Սինգապուրի օրինակով։ Քաղաքի ամենամեծ գյուղմթերքի շուկայում գնորդը էլեկտրական չափիչով չափել է իր հայկական Jumbo ծնեբեկը և պատրաստ է եղել վերցնել միայն ամենահաստ տեսակը։ Դա նշանակում է, որ մեկ տոննա պիտանի ապրանք ստանալու համար պետք է 10 տոննա բերք ունենալ, մինչդեռ Ռուսաստանն ընդունում էր շատ ավելի բարակը։

Ֆերմերի կառուցվածքային ախտորոշումն ավելի խորն է. գյուղատնտեսությունը նա անվանում է պետության ողնաշար, իսկ չմշակվող հողերը՝ ազգային անվտանգության խնդիր։ Իրական լուծումը, ըստ նրա, հողերի խոշորացումն է, որն անվանում է Հայաստանի փրկություն։ Փոքր ու մասնատված հողակտորներն անհնար են դարձնում տեխնոլոգիական, արտահանմանն ուղղված գյուղատնտեսությունը։ Դավթյանը Կոտայքի մի գյուղում հող է գնել ինը սեփականատիրոջից, և ամեն հաջորդ գնումն ավելի թանկ էր, հինգերորդ հողակտորը՝ 200 տոկոսով։«Մեզ պետք է ձև, թե բովանդակություն. եթե ուզում ենք պետություն դառնանք, ի սկզբանե պետք է ճիշտ անենք»,- ասում է նա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում