Գլխավոր Լրահոս

«Չեմ դադարեցնելու պայքարը». գործարքի արդյունքում ազատ է արձակվել 14 վրացի ցուցարար

Ակտիվիստ Վախո Փիցխելաուրին՝ երեխաների հետ

Ակտիվիստ Վախո Փիցխելաուրին՝ երեխաների հետ

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի դատարանը ազատ է արձակել 2025-ի հոկտեմբերի 4-ի բողոքի ցույցերի և Թբիլիսիում բախումների գործով ձերբակալված 14 ցուցարարների, որոնք համաձայնել են դատախազության հետ գործարքի։ Սրանից մի քանի օր առաջ նման պայմաններով ազատ էր արձակվել ևս ութ կալանավորված։

Ազատ արձակված բոլոր անձինք ընդունել են իրենց մեղքը, իսկ նրանց սպառնացող ազատազրկման պատիժը փոխարինվել է երեք տարվա պայմանական դատավճռով։ Բոլոր 14-ը մինչև վերջին պահը մնացել էին նախնական կալանքի տակ, քանի որ Թբիլիսիի քաղաքային դատարանը բազմիցս բավարարել էր դատախազության՝ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունները։

Դատարանից դուրս գալուց հետո ցուցարարները խոսել են ցույցերին մասնակցելու պատճառների մասին և բացատրել, թե ինչու են ընդունել մեղքը և կնքել դատավարական գործարք։

«Դժվար էր, բայց ազատությունից ավելի արժեքավոր բան չկա», - լրագրողներին ասել է ազատ արձակվածներից Բեկա Քելեխսաշվիլին՝ միաժամանակ համերաշխություն հայտնելով բանտում մնացածներին և մաղթելով նրանց ազատություն։

«Առաջին բանը, որ կանեմ, ընտանիքիս գրկելն է», - Publika-ի փոխանցմամբ՝ հավելել է նա։

Մեկ այլ ազատ արձակված ցուցարար՝ Լաշա Իվանաձեն, լրագրողներին ասել է, որ իր համար գործարքը «մեկ քայլ հետ» էր, սակայն խոստացել է շարունակել «պայքարել այս կառավարության դեմ՝ նոր ռազմավարություններով»։

Լաշա Իվանաձեն
Լաշա Իվանաձեն

«Դա դժվար չէր, որովհետև մտադիր եմ պայքարի նոր փուլ սկսել», - ասել է նա՝ իր երկու երեխաներին ողջունելուց հետո տված հարցազրույցում։

Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 4-ի բողոքի ակցիաների հետ կապված տարբեր քրեական մեղադրանքներով ձերբակալվել էր ավելի քան 60 մարդ։ Ձերբակալվածների թվում կային մարդիկ Վրաստանի տարբեր շրջաններից, այդ թվում՝ սոցիալական և առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձինք։ Նրանք միացել էին ավելի վաղ բողոքի ալիքների ընթացքում ձերբակալվածներին։

«Չեմ դադարեցնելու պայքարը, նույնիսկ եթե ինձ կրկին բանտ ուղարկեն։ Ես դրանից չեմ վախենում։ Պարզապես ութ ամիս է՝ երեխաներիս չեմ տեսել, և գոնե ժամանակավորապես ազատ լինելու պատճառներ ունեի», - դատարանից դուրս գալուց հետո ասել է երկու երեխաների հայր, ակտիվիստ Վախո Փիցխելաուրին։

«Եթե վաղն էլ ինձ նորից ձերբակալեն, պատրաստ եմ դրան», - հավելել է նա։

Ազատ արձակվածների թվում էր նաև Ավթանդիլ Սուրմանիձեն, որը մասնակցել էր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մարտերին՝ Ուկրաինայի կողմից։ Նա նշել է, որ հոկտեմբերի 4-ի ցույցին մասնակցել է կառավարության «անարդար գործողությունների» դեմ բողոքելու համար։

Ավթանդիլ Սուրմանիձեն
Ավթանդիլ Սուրմանիձեն

«Ուկրաինայում գտնվելու իմ պատճառը նույնպես այն անարդար պատերազմն էր, որի միջով այսօր անցնում է Ուկրաինան։ Մեր պայքարը միշտ եղել է ազատության, նորմալ կյանքի պայմանների և մեր երեխաների ավելի լավ ապագայի համար», - ասել է նա։

Հունիսի 9-ին նույն գործով ևս ութ մեղադրյալ ազատ էր արձակվել՝ երեք տարվա պայմանական դատավճիռ ստանալուց հետո։

«Խաղաղ հեղափոխություն»

2025-ի հոկտեմբերի 4-ի բողոքի ակցիան կազմակերպվել էր այն օրը, երբ անցկացվում էին տեղական ինքնակառավարման լայնորեն բոյկոտված ընտրությունները։

Ընտրություններից ամիսներ առաջ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ խոստանում էին մեկ օրում ավարտել «Վրացական երազանքի» 13-ամյա իշխանությունը, սակայն չէին ներկայացրել որևէ հստակ ծրագիր։

Ցույցը ներկայացվում էր որպես «խաղաղ հեղափոխություն», որը պետք է հասներ այն արդյունքին, ինչին չէին կարողացել հասնել ամիսներ շարունակվող առաջնորդազուրկ բողոքի ակցիաները։

Սկզբում թվում էր, թե կազմակերպիչների հաշվարկները ճիշտ էին։ Այդ օրը տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել էին Թբիլիսիի կենտրոնում՝ ժամանակավորապես վերակենդանացնելով աստիճանաբար մարող ամենօրյա բողոքները։

Սակայն շուտով իրավիճակը քաոսային դարձավ։ Օպերային երգիչ և ընդդիմադիր գործիչ Պաատա Բուրչուլաձեն հայտարարեց, որ իշխանությունն արդեն պատկանում է ժողովրդին, իսկ ընդդիմադիր քաղաքական գործիչ Մուրթազ Զոդելավան կոչ արեց շարժվել դեպի մոտակայքում գտնվող նախագահական պալատ։

Տե՛ս նաև՝ Թբիլիսիում ցուցարարները գրոհել են նախագահական պալատը 

Դրանից հետո ցուցարարների փոքր խումբը կոտրել էր պալատի ցանկապատի մի հատվածը, սակայն արագորեն հետ էր մղվել հատուկջոկատայինների կողմից, ինչից հետո սկսվել էին առանձին բախումներ։

Ցուցարարների բազմությունը բաժանվեց, դժգոհությունն աճեց, և հանրահավաքը աստիճանաբար մարեց։

Իշխող կուսակցությունը շտապեց օգտագործել նախագահական պալատի միջադեպը՝ հակակառավարական շարժման դեմ հերթական հարձակման համար՝ այն բնութագրելով որպես բռնի և դրսից կազմակերպված պետական հեղաշրջման փորձ։

Հոկտեմբերի 4-ից հետո տարածվեցին նաև կասկածներ, որ պալատի ցանկապատը կարող էր դիտավորյալ թուլացված լինել, որպեսզի այն հեշտությամբ հնարավոր լիներ կոտրել և այդ կերպ ոստիկանությանը պատճառ տրվեր զանգվածային ձերբակալություններ իրականացնելու համար։

Տեսանյութերը, որոնցում երևում էր, թե ինչպես է ցանկապատը գրեթե առանց դիմադրության տապալվում, լրացուցիչ հիմք տվեցին այդ վարկածին։

Մինչ այժմ դատարանը մեղավոր է ճանաչել ավելի քան 60 ամբաստանյալներից 10-ին։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում