Գլխավոր Լրահոս

ԿԸՀ-ն պարզաբանել է վերաքվեարկություն չնշանակելու պատճառները

ԿԸՀ-ն պարզաբանել է վերաքվեարկություն չնշանակելու պատճառները

ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչու 3 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չի կարող նշանակվել։ 

Նախօրեին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ 3 ընտրատեղամասերում քվեարկությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա, հետևաբար վերաքվեարկություն տեղի չի ունենա:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո չպետք է ավտոմատ կերպով նշանակի վերաքվեարկություն։ ԿԸՀ-ն այդ որոշումը կայացնելիս պետք է հաշվի առնի ընտրողների իրական կամքի պաշտպանությունը և ընտրությունների արդյունքի օրինականության ապահովումը։ Այդ պատճառով ԿԸՀ-ն պետք է ընտրի այն միջոցը, որը տվյալ պայմաններում անհրաժեշտ է, համաչափ է և չի առաջացնում ավելի մեծ աղավաղում, քան այն խախտումը, որի հետևանքը պետք է վերացվի»,- ասված է ԿԸՀ հաղորդագրության մեջ։

Ազգային ժողովի ընտրություններում անցողիկ շեմը չնչին տարբերությամբ չհաղթահարած Բարգավաճ Հայաստան կուսակցությունը վերաքվեարկություն է պահանջում այն տեղամասերում, որտեղ քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել։

Ըստ ԿԸՀ-ի՝ մասնակի վերաքվեարկության դեպքում առաջանում է հետևյալ խնդիրը։ Հիմնական քվեարկությանը մասնակցած ընտրողները քվեարկել են այն պահին, երբ ընդհանուր արդյունքը հայտնի չէր։ Նրանք չգիտեին՝ ով է առաջատար, քանի ձայնի տարբերություն կա, որ ուժը կհաղթահարի շեմը կամ իրենց քվեն ինչ ազդեցություն կունենա վերջնական արդյունքի վրա։

Մինչդեռ վերաքվեարկության մասնակից ընտրողները քվեարկելու են արդեն այլ իրավիճակում․ նրանց համար կարող է հայտնի լինել ընդհանուր պատկերը (տվյալ դեպքում ընտրությունների մասնակիցների 99,8 տոկոս)։

«Այս պայմաններում ընտրողի կամքը կարող է ձևավորվել ոչ թե իր սկզբնական քաղաքական նախապատվությամբ, ազատ կամարտահայտությամբ, այլ արդեն հայտնի արդյունքը խմբագրելու հաշվարկով։ Այս ռիսկը սովորաբար բնութագրվում է որպես տակտիկական քվեարկություն (tactical voting)»,- հայտնում են ԿԸՀ-ից։

Հանձնաժողովից հայտնում են, որ Վենետիկի հանձնաժողովը ևս ընդունել է, որ մասնակի վերաքվեարկությունը միշտ չէ, որ պատշաճ միջոց է։ 2025-ի հրատապ զեկույցում նշվում է, որ եթե խախտումները վերաբերում են միայն որոշ տեղամասերի, ապա արձագանքը սկզբունքորեն կարող է սահմանափակվել այդ տեղամասերով։ Սակայն նույն մոտեցումը ունի կարևոր բացառություն․ մասնակի վերաքվեարկությունը չի կարող պատշաճ միջոց լինել, եթե այդ տեղամասերում նոր քվեարկությունը, տակտիկական քվեարկության (tactical voting) հնարավորության պատճառով, չի երաշխավորի արդար ընտրական արդյունք։

«Հավասար ընտրական իրավունքի տեսանկյունից ևս խնդիրը ակնհայտ է։ Վերաքվեարկությունը կարող է խախտել ընտրողների հավասարությունը, քանի որ ընտրողների մեկ խումբը հայտնվում է մյուսներից էապես տարբեր ելակետային պայմաններում։

Այս հարցում կարևոր է նաև ՀՀ սահմանադրական դատարանի մոտեցումը, ըստ որի՝ ընտրական խախտումների հետևանքները գնահատելիս պետք է պաշտպանել նաև այն ընտրողների իրավունքները, որոնք իրենց ընտրությունը կատարել են օրինական ճանապարհով։ Եթե հիմնական քվեարկությանը մասնակցած ընտրողների կամքն արդեն օրինական ձևով արտահայտվել է, ապա հետագա վերաքվեարկությունը չպետք է երկրորդային և հաշվարկված ազդեցություն ունենա այդ կամքի վրա։

Հետևաբար ԿԸՀ-ն վերաքվեարկություն նշանակելու հարցում պետք է հաշվի առնի նաև, թե արդյո՞ք վերաքվեարկության ժամանակ ապահովվելու է նույն ազատ և հավասար միջավայրը, ինչ հիմնական քվեարկության օրը։ Արդյո՞ք հայտնի արդյունքը չի ստեղծում տակտիկական քվեարկության ռիսկ։ Արդյո՞ք չեն խաթարվի արդեն օրինական քվեարկած ընտրողների իրավունքները։ Արդյո՞ք ապօրինի կամ կոռուպցիոն ազդեցության աղբյուրները չեզոքացված են։

Եթե այս հարցերի պատասխանը ցույց է տալիս, որ վերաքվեարկությունը չի ապահովելու ազատ, հավասար և արդար արդյունք, ապա այն չպետք է նշանակվի։ Վերաքվեարկություն չնշանակելը նման դեպքում չի նշանակում խախտումը անտեսել։ Դա նշանակում է չընտրել այնպիսի միջոց, որը կարող է ավելի խորացնել ընտրողների կամքի աղավաղումը։

ԿԸՀ-ն պետք է առաջնորդվի ոչ թե մեխանիկական վերաքվեարկության տրամաբանությամբ, այլ Սահմանադրությամբ երաշխավորված ազատ և հավասար ընտրության, համաչափության և ընտրողների իրական կամքի պաշտպանության սկզբունքներով` որպես Սահմանադրությամբ ընտրությունների օրինականությունը վերահսկող անկախ մարմին»,- հայտնում են ԿԸՀ-ից։

Թիվ 12 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել իր սպասարկման տարածքում գտնվող 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները։ Այս տեղամասում քվեարկության օրը բացակայել է 8 համարի քվեաթերթիկը («Ազգային ժողովրդավարական բևեռ»)։ 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 11-ին անվավեր է ճանաչել նաև 10/51 և 35/65 տեղամասերի քվեարկության արդյունքները՝ քվեարկության օրն արձանագրված խախտումների հիմքով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում