Հայաստանին անհրաժեշտ է ընդդիմություն, որը լոյալ կլինի Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե օտարերկրյա ուժային կենտրոններին կամ հատուկ ծառայություններին։ Այս մասին հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պետականակենտրոն ընդդիմություն ունենալու անհրաժեշտության մասին նախորդ օրվա հայտարարությանը։
Ռուբինյանի խոսքով՝ 2018-ի իշխանափոխությունից հետո Հայաստանի ընդդիմադիր դաշտը զբաղեցրել են նախկին իշխանությունների ներկայացուցիչները, որոնց նա բնորոշել է որպես նախկին «ավտորիտար ռեժիմի» ներկայացուցիչներ։
Նա պնդել է, որ հետագայում այդ ուժերը սկսել են դիրքավորվել նաև որպես այլ պետությունների շահերը ներկայացնող քաղաքական ուժեր։
Ռուբինյանի խոսքով՝ 2018-ից ի վեր ժողովրդավարական, հասարակական և լրագրողական շրջանակներում քննարկվել է, թե ինչպես Հայաստանում կարող է ձևավորվել ընդդիմություն, որը չի պաշտպանի իր ունեցվածքը կամ Հայաստանը մեկ այլ պետության կազմում ընդգրկելու օրակարգը։
ԱԺ նախագահը հայտարարել է, որ 2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում, իր գնահատմամբ, հաղթել են Հայաստանի անկախությունը պաշտպանող քաղաքական ուժերը։
«Հայաստանի անկախության համար մղվող գլխավոր քաղաքական ճակատամարտում ժողովրդավարական ուժերը և անկախական ուժերը հաղթել են»,- ասել է Ռուբինյանը՝ նկատի ունենալով խորհրդարանական ընտրությունները։
Նրա գնահատմամբ՝ այդ ընտրություններում պարտություն են կրել այն ուժերը, որոնց գործունեությունը համարում է Հայաստանի անկախության դեմ ուղղված։ Ռուբինյանը պնդել է, որ այդ պարտությունն արտահայտվել է նաև հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։
Նա մասնավորապես մատնանշել է, որ խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Ուժեղ Հայաստանը», մասնակցել է միայն մեկ համայնքի ընտրություններին և գրանցել, իր բնորոշմամբ, վատ արդյունք։
Միաժամանակ Ռուբինյանն ընդգծել է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» չի ցանկանում Հայաստանի միակ քաղաքական ուժը լինել։
«Մենք հո չենք ուզում, որ «Քաղաքացիական պայմանագիրը» միակ ուժը լինի Հայաստանում։ Հակառակը, մենք ուզում ենք, որ բազմակուսակցական ժողովրդավարական համակարգը կայանա»,- հայտարարել է նա։
ԱԺ նախագահի խոսքով՝ իշխանության համար ընդունելի է ընդդիմության կողմից խիստ քննադատությունը և իշխանափոխության ձգտումը։
«Մեզ կարող են ատել, մեզ համարել աշխարհի ամենավատը, ուզենալ գալ իշխանության, մի օր կգան իշխանության, մենք բնականաբար հավերժ չենք լինելու իշխանության»,- ասել է Ռուբինյանը։
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը հավատարիմ ընդդիմություն՝ այն հակադրելով իր ապօրինի ձեռք բերված գույքին կամ օտարերկրյա ուժերին լոյալ ընդդիմությանը։
«Մենք ուզում ենք Հայաստանին լոյալ ընդդիմություն, ոչ թե գողոնին լոյալ ընդդիմություն, ոչ թե ապօրինի ձեռք բերված գույքին լոյալ ընդդիմություն, ոչ թե օտարերկրյա ուժային կենտրոնին լոյալ ընդդիմություն»,- ասել է Ռուբինյանը։
Հոկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է ունենա պետականակենտրոն ընդդիմություն։
Փաշինյանը նաև պնդել էր, որ անհրաժեշտ է արմատախիլ անել իր բնորոշմամբ «լրտեսական ընդդիմությունը», բայց միաժամանակ ապահովել պետականակենտրոն ընդդիմության գոյությունը։ Նա ընդգծել էր, որ կառավարությունը չպետք է մասնակցի ընդդիմադիր ուժերի ձևավորմանը, քանի որ դա կհանգեցնի կառավարվող ընդդիմության ստեղծմանը։
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում անցկացվել են ՏԻՄ ընտրություններ։ Դրանցից 19-ում ընտրություններն անցկացվել են համամասնական, երկուսում՝ մեծամասնական ընտրակարգով։
ՔՊ-ն հաղթել է 16 համայնքում, ևս երկուսում՝ դաշինքով։ Ստեփանավանում ամենաշատ ձայները ստացել է «Գործարար» կուսակցությունը՝ 41,54 տոկոս, ՔՊ-ն՝ 35,32 տոկոս, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ 19,68 տոկոս։
«Ուժեղ Հայաստանը», որը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում իշխող ուժից հետո ստացել էր ամենաշատ ձայները, հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցել էր միայն Ստեփանավանում։












