Գլխավոր Լրահոս

Ընտրողների թվերի տարբերությունները նախկինում և այժմ

Ընտրողների թվերի տարբերությունները նախկինում և այժմ

Հետընտրական շրջանում սոցցանցերում ակտիվ քննարկվում էին ընտրողների այսպես կոչված «գաղտնի ցուցակները»։ Քննարկումների առիթը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Ներքին գործերի նախարարության ներկայացրած ընտրողների թվերի տարբերությունն էր։

Թեև #CivilNetCheck-ը նախկինում անդրադարձել էր այս տարբերության հիմքերին, սակայն հնչեցին պնդումներ, թե նման տարբերություն առաջին անգամ է արձանագրվում։

Տես նաև՝ Ինչո՞ւ են ԿԸՀ-ի և ՆԳՆ-ի հրապարակած ընտրողների թվերը տարբեր մոտ 19,500-ով

Ինչո՞ւ են տարբեր ԿԸՀ-ի և ՆԳՆ-ի տվյալները

Ըստ սոցցանցերի գրառումների՝ ԿԸՀ-ի և ՆԳՆ-ի հրապարակած տվյալների միջև տարբերությունը կազմում է 18,425 կամ 19,677 ընտրող։

ՆԳՆ տվյալներով՝ նախնական ընտրացուցակներում եղել է 2,480,321, իսկ վերջնականում՝ 2,485,551 ընտրող։ Մինչդեռ ԿԸՀ-ի համաձայն՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը 2,505,228 է, իսկ առանց լրացուցիչ ցուցակների՝ 2 մլն 503 հազար 976։ 

Այսպիսով, ՆԳՆ-ի վերջնական ընտրացուցակների և ԿԸՀ-ի տվյալների (առանց լրացուցիչ ցուցակների) միջև տարբերությունը 18,425 է, իսկ ԿԸՀ-ի ընդհանուր թվի հետ համեմատելիս՝ 19,677։ 

Հատկանշական է, որ հունիսի 7-ին ԿԸՀ-ում ընտրացուցակների ճշգրտման արդյունքները ներկայացնելիս ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը ևս նշել էր, որ ընտրողների վերջնական թիվը հասել է 2,505,102-ի։ 

ԿԸՀ-ն էլ իր հերթին պարզաբանել է, որ ՆԳՆ-ի հրապարակած ընտրացուցակներից բացի, գոյություն ունեն նաև ընտրողների այլ ցուցակներ, որոնք կազմվում են տարբեր պետական մարմինների կողմից։ Դրանց թվում են քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց, ձերբակալվածների, ինչպես նաև զորամասերում կազմվող ընտրողների ցուցակները։

Ոստիկանության/ՆԳՆ-ի և ԿԸՀ-ի տվյալները նախկինում ևս տարբերվել են  

ՆԳՆ-ի (նախկինում՝ ոստիկանության) և ԿԸՀ-ի տվյալների միջև տարբերություններ եղել են նաև նախորդ ընտրությունների ժամանակ։ 

Օրինակ՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ոստիկանության տվյալներով ընտրողների թիվը եղել է 2,564,195, իսկ ԿԸՀ-ի տվյալներով՝ 2,585,134, այսինքն՝ տարբերությունը կազմել է 20,939։

2018-ին ոստիկանությունը նշել է 2,573,779 ընտրող, մինչդեռ ԿԸՀ-ի տվյալներով՝ 2,591,276։

2021-ին ոստիկանության տվյալներով եղել է 2,578,678 ընտրող, իսկ ԿԸՀ-ի տվյալներով՝ 2,591,316։

Իրավաբան, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում ևս նշում է, որ ՆԳՆ-ի և ԿԸՀ-ի ցուցակների տարբերությունը պայմանավորված է ոչ հրապարակային ցուցակներում ներառված անձանց թվով։

«Զինծառայողների ցուցակները հրապարակային չեն դրվում, դրանք տարբեր պատճառներով համարվում են ոչ բացահայտ տեղեկատվություն կամ ոչ հրապարակային տեղեկատվություն։ Հետևաբար ՆԳՆ-ն կարող էր հրապարակել այն տեղեկատվությունը, որը հրապարակային է»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Ինչո՞ւ է ԿԸՀ-ն նույն օրը երկու տարբեր թիվ ներկայացրել

Հունիսի 7-ին ԿԸՀ-ն հայտնել էր, որ ընտրելու իրավունք ունի 2 մլն 505 հազար 228 քաղաքացի։ Սակայն մասնակցության տվյալներում ընտրողների թիվը նշվել էր 2 մլն 503 հազար 976։

ԿԸՀ-ից #CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնել են, որ մասնակցության տվյալներում ներառված չեն եղել ընտրատեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված 1237 ընտրողները։ Սրանք այն քաղաքացիներն են, որոնք ընտրելու իրավունք ունեն, բայց տարբեր պատճառներով չեն հայտնվել հիմնական ցուցակներում և հետագայում ընդգրկվել են լրացուցիչ ցուցակներում։

Ընդհանուր թվից հանելով այդ 1237 ընտրողներին՝ ստացվում է մասնակցության տվյալներում նշված 2 մլն 503 հազար 976 թիվը։

Էկրանապատկերը՝ ԿԸՀ-ի կայքից
Էկրանապատկերը՝ ԿԸՀ-ի կայքից

Այսպիսով, ԿԸՀ-ի և ՆԳՆ-ի տվյալների տարբերությունը պայմանավորված է ընտրողների առանձին՝ ոչ հրապարակային ցուցակների հաշվառմամբ։ Նման տարբերություններ արձանագրվել են նաև նախորդ ընտրությունների ժամանակ։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում