Ադրբեջանը դատապարտեց 2025-ի լարվածության արդյունքում ձերբակալված ութ ռուսաստանցիներին

Ադրբեջանում 2025-ի հուլիսին ձերբակալված ռուսաստանցիները
Լուսանկարը՝ Azertac-ի
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ադրբեջանական դատարանը երեք և չորս տարվա ազատազրկման է դատապարտել Ռուսաստանի ութ քաղաքացու։ Նրանք ձերբակալվել էին Բաքվում 2025-ի ամռանը՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների լարվածության գագաթնակետին։ Նրանք մեղավոր են ճանաչվել Իրանից խոշոր քանակությամբ թմրանյութերի ապօրինի շրջանառության և կիբերհանցագործությունների մեջ։
Այս մասին հունիսի 19-ին հայտնել է ադրբեջանական Minval լրատվամիջոցը։
Ութ անձինք ձերբակալվել էին այլ ռուսաստանցիների հետ՝ երկու երկրների միջև երկարատև լարվածության ֆոնին։ Ճգնաժամը սկսվել էր 2024-ի դեկտեմբերի 25-ին, երբ Բաքվից Գրոզնի մեկնող Azerbaijan Airlines-ի ինքնաթիռը կործանվել էր՝ խլելով 38 մարդու կյանք։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետագայում ներողություն էր խնդրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից, իսկ 2025-ի ապրիլի կեսերին Ռուսաստանը համաձայնել էր փոխհատուցում տրամադրել զոհերի ընտանիքներին և տուժածներին։
Տե՛ս նաև՝ ՌԴ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են խոցված AZAL ինքնաթիռի փոխհատուցման շուրջ
2025-ի հունիսին տեղի էր ունեցել նաև մեկ այլ միջադեպ։ Ադրբեջանում ռուսաստանցիների ձերբակալությունից կարճ ժամանակ առաջ Ռուսաստանի իրավապահները Ուրալում խուզարկություններ էին անցկացրել էթնիկ ադրբեջանցիների բնակարաններում՝ վաղեմի հանցագործությունների հետաքննության շրջանակում։ Այդ գործողությունների ընթացքում սպանվել էին երկու եղբայրներ՝ Զիյադդին Սաֆարովը և Հուսեյն Սաֆարովը։
Բոլոր ձերբակալվածները հերքել են մեղադրանքները և իրենց կալանավորումը կապել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարված հարաբերությունների հետ։ Նրանց պնդմամբ՝ իրենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցներ են և որևէ առնչություն չունեն թմրանյութերի շրջանառության հետ։
2025-ի հունիսին ձերբակալությունից հետո ռուսաստանցիներին ցուցադրել էին ադրբեջանական լրատվամիջոցներով։ Նրանցից շատերի մարմիններին տեսանելի վնասվածքներ կային, ինչը հանգեցրել էր մեղադրանքների, թե ադրբեջանցի ոստիկանները նրանց բռնության են ենթարկել։










