Գլխավոր Լրահոս

ԵԱՏՄ-ն պետք է հստակ ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա, մենք ասում ենք՝ կա․ Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է հստակ ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա, մենք ասում ենք՝ կա․ Փաշինյան

«Եվրասիական տնտեսական միությունը պետք է հստակ ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա, մենք ասում ենք՝ կա։ Եթե ԵԱՏՄ-ն ասի, որ չկա այլևս, ուղիղ կամ նամյոկով, մենք ի՞նչ կարանք անենք։ Մենք կանք և մենք ԵԱՏՄ-ի մեջ ենք և աշխատում ենք ԵԱՏՄ-ում»,- այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 25-ին կառավարության նիստի ժամանակ։ 

Անդրադառնալով Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանումների սահմանափակումներին, վարչապետը նշել է, որ՝ չնայած դիվերսիֆիկացիային և արտահանման այլ ուղիներ ընտրելուն, Հայաստանը շարունակում է աշխատել ԵԱՏՄ-ի հետ։

«Մենք այն կանխավարկածով չենք, որ այնտեղ մի այնպիսի անշրջելի բան է տեղի ունեցել և մենք հիմա պետք է այդ ուղղությամբ չնայենք։ Աշխատելու ենք, և համոզված եմ, որ լուծումներ կլինեն։ Եթե լուծումներ չլինեն դա ուրիշ բան է նշանակում առաջին հերթին ԵԱՏՄ-ի համար։ ԵԱՏՄ-ն պետք է հստակ ասի, ինքը կա՞, թե՞ չկա, մենք ասում ենք՝ կա։ Որովհետև որպես մասնակից պետություն համարում ենք, որ մի թյուրիմացություն է տեղի ունեցել և տպավորություն է ստեղծվել, որ չկա ԵԱՏՄ-ն։  Եթե ԵԱՏՄ-ն ասի, որ չկա այլևս, ուղիղ կամ նամյոկով, մենք ի՞նչ կարանք անենք։ Մենք կանք և մենք ԵԱՏՄ-ի մեջ ենք և աշխատում ենք ԵԱՏՄ-ում»,- ասել է Փաշինյանը։ 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի դիտարկմամբ՝ դիվերսիֆիկացիան, որն այժմ տեղի է ունենում, և հայկական ապրանքներն արտահանվում են նաև Եվրոպա, Մերձավոր արևելք և այլն, դա թույլ է տալիս, որ դեպի ԵԱՏՄ արտահանումների հոսքը վերականգնվի։

«Եթե մեր դիվերսիֆիկացիայի գործընթացը շարունակվում է, մեխանիկորեն լուծվում է մյուս խնդիրը։ Եթե արտահանումը մի ուղղությամբ է տեղի ունենում, դա դառնում է որակի շուրջ բանավեճ, իսկ երբ արտահանման ուղիները սփռվում են, այդ դեպքում արգումենտը, որ բերվում է, թե կա որակի խնդիր՝ անհիմն է դառնում։ Որովհետև չի կարող որակի խնդիր լինել մի տեղ, իսկ մեկ այլ տեղ չլինել»,- ասել է Գրիգորյանը։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադառնալով դիվերսիֆիկացիային՝ նշել է, որ միայն հունիսին Հայաստանից ծաղիկ է արտահանվել դեպի 16 երկիր։

Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 50 մլն եվրոյի անհապաղ ֆինանսական աջակցություն կտրամադրի՝ ի պատասխան Ռուսաստանի տնտեսական սահմանափակումների՝ ապահովելով հայկական ապրանքների մուտքը եվրոպական շուկա և խթանելով տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացումը։ 

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ հայտնել է, որ որոշ նոր շուկաներ արտահանում իրականացնելիս լոգիստիկ խնդիրներ են առաջանում։ 

«Կարծում եմ լոգիստիկ խոչնդոտներն արագ հաղթահարվելու են և մենք ունենալու ենք ավելի լավ արդյունք»,- ասել է Միրզոյանը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գագաթնաժողովի արդյունքում ԵԱՏՄ անդամ չորս պետությունների ղեկավարների հայտարարությանը և նշել, որ  հարցեր ունի ԵԱՏՄ գործընկերներին՝ իր բացակայության ընթացքում ընդունած հայտարարության վերաբերյալ, և հավելել, որ պետք է հասկանալ դրա գործնական նշանակությունը։

Նա նշել է, որ անհրաժեշտ է հստակեցնել՝ արդյոք միության անդամ ցանկացած երկիր կարող է նման որոշում կայացնել մեկ այլ երկրի նկատմամբ։ Վարչապետի գնահատմամբ՝ եթե այս հարցի պատասխանը դրական է, ապա դա նշանակում է, որ ԵԱՏՄ-ն հայտարարում է իր ինքնալուծարման մասին։

Մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գագաթնաժողովի արդյունքում ԵԱՏՄ անդամ չորս պետություն՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը համատեղ հայտարարություն էին հրապարակել, որով կարևորում են Հայաստանում հնարավորինս արագ համազգային հանրաքվեի անցկացումը՝ Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով։

***

Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ սկսել է կիրառել տնտեսական ճնշումներ՝ հերթով սահմանափակելով հայկական ապրանքների մուտքը իր շուկա և իր տարածքով ԵԱՏՄ մյուս երկրներ։ Սահմանափակումները սկսվեցին Երևանում Եվրոպական համայնքի ու ԵՄ գագաթնաժողովների անցկացումից հետո։ Այդ օրերին Երևան էր այցելել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդմիր Զելենսկին։ Ռուսական կողմը դրանից հետո սկսեց հայտարարել, որ Հայաստանը պետք է արագ կողմնորոշվի ԵՄ-ին անդամակցելու հարցում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում