Գլխավոր Լրահոս

ԵԽԽՎ-ն դատապարտում է Վրաստանում ժողովրդավարության հետընթացը, ըստ՝ Պապուաշվիլիի բանաձևը «խորհրդային մտածողության» դրսևորում է

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ)

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ)

Պաշտոնական լուսանկար

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Վրաստանի վերաբերյալ հերթական խիստ քննադատական բանաձևն է ընդունել՝ ընդգծելով երկրում «ժողովրդավարության շարունակվող քայքայումը»։

Բանաձևին կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ հինգը, ձեռնպահ՝ չորսը։

«Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերնագրով բանաձևը հիմնված է համազեկուցողներ՝ Սոցիալիստների, դեմոկրատների և կանաչների խմբի (SOC) ներկայացուցիչ Էդիտե Էստրելայի և Եվրոպայի լիբերալների ու դեմոկրատների դաշինքի (ALDE) ներկայացուցիչ Սաբինա Չուդիչի աշխատանքի վրա։

Նրանք «լուրջ մտահոգություն» են հայտնում՝ իրենց բնորոշմամբ, Վրաստանում «ժողովրդավարության քայքայման և խոր քաղաքական ու հասարակական ճգնաժամի» կապակցությամբ։

Համազեկուցողները նշել են, որ ԵԽԽՎ-ի նախկին հանձնարարականները ոչ միայն չեն կատարվել, այլև «ժողովրդավարական հետընթացը շարունակվել է անխափան, ինչպես նաև շարունակվել են քաղաքացիական հասարակության, քաղաքական ընդդիմության և այլախոհների դեմ ճնշումները»։

Անդրադառնալով իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ մի շարք ընդդիմադիր կուսակցություններ արգելելու փորձերին, ինչպես նաև բազմաթիվ ընդդիմադիր գործիչների նկատմամբ, իրենց բնորոշմամբ, «քաղաքական դրդապատճառներով» և «կեղծված մեղադրանքներով» քրեական հետապնդմանը՝ ԵԽԽՎ-ն նախազգուշացրել է Վրաստանում «մեկկուսակցական բռնապետության» ձևավորման վտանգի մասին։

Քննադատելով ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումները՝ բանաձևի հեղինակներն առանձնացրել են «Ախալի» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի և «Դրոա» կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիայի գործերը։

Տե՛ս նաև՝ Վրաստանում բանտարկված ընդդիմադիր գործչի առողջական վիճակը վատթարանում է․ փաստաբան

Երկուսն էլ այժմ գտնվում են կալանքի տակ տարբեր մեղադրանքներով և միաժամանակ ներգրավված են այսպես կոչված «սաբոտաժի» գործով։

«Ժողովրդավարական ընդդիմության, քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների նկատմամբ շարունակվող ճնշումների, ինչպես նաև երկրում ծայրահեղ քաղաքական և հասարակական բևեռացման հետևանքով ներկայում Վրաստանում իրական ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու պայմաններ գոյություն չունեն»,- ասվում է բանաձևում։

Փաստաթղթի հեղինակները Վրաստանի իշխանություններին կոչ են արել հետ վերցնել ընդդիմադիր կուսակցություններն արգելելու պահանջով Սահմանադրական դատարան ներկայացված հայցը, դադարեցնել ընդդիմադիր գործիչների՝ իրենց բնորոշմամբ, «քաղաքական դրդապատճառներով» հետապնդումը և չեղարկել նախկինում ընդունված «ճնշող օրենսդրությունը»։

«Խոսքի և հավաքների ազատության դեմ շարունակվող ճնշումները, այդ թվում՝ սահմանափակող օրենքների և քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների, ընդդիմության ու առանձին ցուցարարների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով դատական գործընթացների չարաշահման միջոցով, պետք է անհապաղ դադարեցվեն»,- նշվում է բանաձևում։

Բանաձևի առանձին կետերում անդրադարձ է կատարվում նաև ցուցարարների նկատմամբ ոստիկանության բռնությունների վերաբերյալ «արժանահավատ քննության» բացակայությանը, ինչպես նաև վիճահարույց կրթական բարեփոխումների հնարավոր ազդեցությանը ակադեմիական ազատության վրա։

Առանձին կետով ԵԽԽՎ-ն դատապարտում է ադրբեջանցի անկախ  լրագրող Աֆղան Սադիգովին Ադրբեջան արտաքսելը՝ չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախկին որոշմանը, որով արգելվում էր նրան փոխանցել Ադրբեջանին մինչև գործի քննության ավարտը։

ԵԽԽՎ-ն Սադիգովի արտաքսումը բնութագրել է որպես լրագրողի նկատմամբ «անդրսահմանային ճնշման ակտ»։

Տե՛ս նաև՝ Ադրբեջանական դատարանը մերժել է անկախ լրագրող Աֆղան Սադիգովի բողոքը

Բանաձևի եզրափակիչ մասում ԵԽԽՎ-ն Եվրոպայի խորհրդին կոչ է արել օգտագործել «բոլոր հասանելի միջոցները», որպեսզի Վրաստանը լիարժեք կատարի Եվրոպայի խորհրդի անդամակցությունից բխող իր պարտավորությունները։

«Ափսոսանքով ենք արձանագրում, որ մինչ այժմ Եվրոպական կոնվենցիայով նախատեսված այս մեխանիզմները չեն կիրառվել»,- նշում են հեղինակները։

Վրաստանը 2025-ի հունվարին սառեցրեց իր մասնակցությունը ԵԽԽՎ-ի աշխատանքներին, երբ վեհաժողովը հաստատեց վրացական պատվիրակության լիազորությունները՝ պայմանով, որ երկրում կհայտարարվեն նոր խորհրդարանական ընտրություններ։

Դա տեղի ունեցավ 2024-ի հոկտեմբերի վիճահարույց խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքները «Վրացական երազանքի» բազմաթիվ քննադատներ հրաժարվեցին ճանաչել՝ մատնանշելով լուրջ խախտումները։

Իշխող «Վրացական երազանքը», ինչպես և նախկինում, մերժեց բանաձևը՝ կրկնելով, որ այն ոտնձգություն է երկրի ինքնիշխանության նկատմամբ։

«Սա հենց այն է, ինչ նրանք պահանջում են մեզանից՝ վերացնել Վրաստանի ինքնիշխանությունը»,- հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Նա նաև պնդել է, որ 2024-ի ընտրությունների ժամանակ ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելությունը փորձել է «ճնշում գործադրել» ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության վրա, որպեսզի այն փոխի իր զեկույցը։

«Խորհրդային մտածողության այդ բանաձևերը մեզ համար ավելի քիչ արժեք ունեն, քան այն թուղթը, որի վրա տպված են»,- հավելել է Պապուաշվիլին՝ կրկնելով «Վրացական երազանքի» տարածած այն թեզը, որով եվրոպական կառույցները համեմատվում են խորհրդային համակարգի հետ՝ ի պատասխան դրանց քննադատության։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում