Գլխավոր Լրահոս

Վրաստանը տուգանել է ընդդիմադիր Pirveli հեռուստաընկերությանը

TV Pirveli-ի գլխավոր լրատվական թողարկումը

TV Pirveli-ի գլխավոր լրատվական թողարկումը

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի Հաղորդակցությունների հանձնաժողովը 2,500 լարի (950 դոլար) տուգանք է սահմանել ընդդիմադիր Pirveli հեռուստաընկերության նկատմամբ՝ մեղադրելով հեռարձակման մասին օրենքի խախտման մեջ։

Հանձնաժողովի գնահատմամբ՝ հեռուստաալիքի լրատվական թողարկումներում օգտագործված ձևակերպումները վկայում են, որ լրագրողները որոշ իրադարձություններ ներկայացրել են սեփական դիրքորոշման տեսանկյունից։

Հանձնաժողովը հունիսի 25-ին հայտնել է, որ տուգանքը սահմանվել է մայիսի 11-13-ի լրատվական ծրագրերի մոնիթորինգի արդյունքում, որի ընթացքում արձանագրվել են անաչառության և հավասարակշռվածության սկզբունքների խախտման «մի շարք դեպքեր»։

«Մասնավորապես, [...] հանրային քաղաքականության ընթացիկ հարցերի լուսաբանումը հիմնված է հեռարձակողի անձնական վերաբերմունքի կամ կարծիքի վրա»,- նշել է հանձնաժողովը։

Mediachecker-ի տվյալներով՝ վիճարկվող ձևակերպումների թվում են «խղճի բանտարկյալներ» արտահայտությունը, որը կառավարության քննադատները հաճախ օգտագործում են հակակառավարական բողոքի ակցիաների ընթացքում կալանավորված անձանց նկարագրելու համար, ինչպես նաև «օլիգարխ» բառը, որն օգտագործվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի մասին խոսելիս։

Հանձնաժողովի առարկությունների շարքում է նաև հետևյալ միտքը.

««Վրացական երազանքի» շարքային անդամների ասածները մեծ նշանակություն չունեն, քանի որ փորձը ցույց է տալիս, որ վերջում ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես կասի Բիձինա Իվանիշվիլին»։

Հանձնաժողովը նշել է, որ 2026-ին TV Pirveli-ն արդեն նախազգուշացում էր ստացել նմանատիպ խախտման համար, ուստի այս անգամ կիրառվել է «նվազագույն պատժամիջոցը»՝ տուգանքը։

Նոր պատժամիջոցները կիրառվում են իշխող կուսակցության 2025-ին ընդունած օրենսդրական փոփոխությունների շրջանակում, որոնք վերաբերում են հեռարձակողների գործունեության կարգավորմանը։ Նախկին օրենսդրությամբ հեռարձակման չափանիշների խախտումների քննությունը վերապահված էր հենց հեռարձակողների ինքնակարգավորման մարմիններին։ Սակայն 2025-ի փոփոխություններից հետո նույն լիազորությունները տրվել են նաև պետական մարմնին՝ Հաղորդակցությունների հանձնաժողովին։

Հանձնաժողովը կարող է հեռարձակողների նկատմամբ կիրառել տարբեր պատժամիջոցներ՝ նախազգուշացումից և բովանդակության ուղղման պահանջից մինչև ֆինանսական տույժեր, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ հեռարձակման արտոնագրի կասեցում կամ չեղարկում։

TV Pirveli-ի նկատմամբ սահմանված տուգանքը քննադատել են ինչպես վրացական, այնպես էլ միջազգային քաղաքացիական հասարակական կազմակերպությունները։

Transparency International Georgia-ն հայտարարել է, որ «Վրացական երազանքը» Հաղորդակցությունների հանձնաժողովի միջոցով «պայքարում է» իշխանություններին քննադատող լրատվամիջոցների դեմ։

Իր հերթին Վրաստանի Մեդիա պաշտպանության կոալիցիան նշել է, որ հանձնաժողովը «վերջնականապես վերածվում է գրաքննության մարմնի»։

«Առանձնապես մտահոգիչ է այն, որ քննչական մարմիններն ու Հաղորդակցությունների հանձնաժողովն օգտագործվում են լրատվամիջոցներին պատժելու համար՝ ստեղծելով նոր տեսակի սպառնալիք, որի պայմաններում լրագրողներն ու լրատվամիջոցները կարող են տուգանվել և նույնիսկ կալանավորվել իշխանություններին քննադատելու համար»,- հայտարարել է կոալիցիան։

Լրագրողների իրավունքների պաշտպանության միջազգային «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը նույնպես արձագանքել է որոշմանը՝ նշելով, որ TV Pirveli-ի կողմից «օլիգարխ» բառի օգտագործումը գնահատվել է որպես կողմնակալություն, «մինչդեռ իշխանամետ լրատվամիջոցներն օգտագործում են բացահայտ կողմնակալ լեզու՝ առանց որևէ պատժամիջոցի ենթարկվելու»։

«Այս երկակի չափանիշը ցույց է տալիս, որ հանձնաժողովը թիրախավորում է անկախ լրատվամիջոցներին։ RSF-ն կոչ է անում բոլոր լրատվամիջոցների նկատմամբ հավասար մոտեցում ցուցաբերել»,- ասված է կազմակերպության հայտարարությունում։

Ավելի վաղ՝ մայիսին, Հաղորդակցությունների հանձնաժողովը նույն հիմքով տուգանել էր նաև ընդդիմադիր Formula հեռուստաընկերությանը՝ հակակառավարական ձևակերպումներ օգտագործելու համար։

Տե՛ս նաև՝ Վրաստանը տուգանել է ընդդիմադիր հեռուստաալիքին՝ հեռարձակման չափանիշները խախտելու մեղադրանքով

Մինչ այդ՝ ապրիլին, հանձնաժողովը նախազգուշացրել էր Formula-ին և TV Pirveli-ին, ինչպես նաև իշխանամետ Imedi և POSTV հեռուստաընկերություններին՝ հայտարարելով, որ դրանք խախտել են հեռարձակման մասին օրենքի մի շարք դրույթներ։

Այդ ժամանակ հանձնաժողովը Imedi-ի դեպքում արձանագրել էր չորս, POSTV-ի դեպքում՝ յոթ, Formula-ի դեպքում՝ 20, իսկ TV Pirveli-ի դեպքում՝ 18 խախտում։

2026-ի հունվարին Հաղորդակցությունների հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Վրացական երազանքի» նախկին պատգամավոր Գոգա Գուլորդավան, որը մինչ այդ հանձնաժողովի անդամ էր։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում