Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան, հայտնում են կառավարությունից։
Այցի շրջանակում տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։
Վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպումից հետո հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։
Հունիսի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հայաստանյան առաջիկա այցի օրակարգի կարևոր հարցերից մեկը լինելու է հայկական գյուղատնտեսական արտադրանքի մուտքի դյուրացումը Եվրոպական միության շուկա։
Հունիսի սկզբին հայտնի դարձավ, որ Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 50 մլն եվրոյի անհապաղ ֆինանսական աջակցություն կտրամադրի՝ ի պատասխան Ռուսաստանի տնտեսական սահմանափակումների՝ ապահովելով հայկական ապրանքների մուտքը եվրոպական շուկա և խթանելով տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացումը։









