ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը։ Այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից դուրս գալուց հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողների հարցին՝ ինչու ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում կուսակցությունը կին թեկնածու չի առաջադրել, Փաշինյանն ասաց, որ ընտրությունն անցկացվել է փակ գաղտնի քվեարկությամբ։
«Մեզ մոտ փակ գաղտնի քվեարկություն է եղել, չեմ կարող ասել։ Բայց այդ խնդիրը չենք տեսնում։ Երբ ասում ենք՝ պետք է հավասարություն լինի, նշանակում է, որ պետք է լինեն հավասար մրցակցային պայմաններ»,- նշեց վարչապետը։
Նրա խոսքով՝ նախապես քննարկվել է նաև կանանց համար առանձին քվոտա սահմանելու հարցը, սակայն որոշվել է դա չանել։
«Քննարկվել է՝ արդյոք պետք է քվոտա սահմանենք, որ անպայման մեկ կին և մեկ տղամարդ ընտրվեն։ Որոշվել է, որ քվոտա չսահմանենք և քվեարկությունն ազատ թողնենք»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի ընտրությանը՝ վարչապետը նշեց, որ այդ հարցով դեռ որոշում չկա։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում հունիսի 25-ին փակ գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի թեկնածու էր ընտրվել Ռուբեն Ռուբինյանը:










