Գլխավոր Լրահոս

Վրացի ակտիվիստը տուգանվել է Ֆեյսբուքում Իվանիշվիլիի և նրա մտերիմների մահը ցանկանալու համար

Թամար Գիորգաձեն Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ՝ ձեռքին «Խորհրդային ահաբեկչությունը չեք վերադարձնի» գրությամբ պաստառ

Թամար Գիորգաձեն Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ՝ ձեռքին «Խորհրդային ահաբեկչությունը չեք վերադարձնի» գրությամբ պաստառ

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի, OC Media

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրացի ընդդիմադիր ակտիվիստ Թամար Գիորգաձեն տուգանվել է Ֆեյսբուքում կատարած գրառման համար, որում նա անիծել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին և նրա մտերիմներին՝ ցանկանալով նրանց մահը։

Նրան մեղադրանք է առաջադրվել մանր խուլիգանության հոդվածով։

Որոշումը հունիսի 29-ին կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանը՝ Գիորգաձեին տուգանելով 3 հազար լարիով (1,100 դոլար)։

Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ակտիվիստը չի մասնակցել դատական նիստին և վճռին սպասել է դատարանի շենքից դուրս։

Վիճահարույց գրառումը Գիորգաձեն հրապարակել էր հունիսի 11-ին՝ Իվանիշվիլիին և նրա մտերիմներին մահ ցանկանալով։

Երբ Ներքին գործերի նախարարությունը նրա նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն կազմեց և կանչեց դատարան, Գիորգաձեն հայտարարեց, որ իր գրառման մեջ որևէ մեկին չի վիրավորել՝ պնդելով, որ անեծքն ու վիրավորանքը նույնը չեն։

Ակտիվիստի նկատմամբ պատժամիջոցը կիրառվեց Ներքին գործերի նախարարությունում նոր ստորաբաժանման ստեղծումից հետո, որի հայտարարված նպատակը «ատելության խոսքի» դեմ պայքարն է։

Ստորաբաժանումը սկսել է գործել հունիսի 1-ից և աշխատանքի առաջին երկու շաբաթվա ընթացքում, ըստ տեղեկությունների, տասնյակ գործեր է ուղարկել դատարան։

Տե՛ս նաև՝ Վրաստանի «սքրոլի և սքրինշոթների նոր վարչությունը» տասնյակ գործեր է ուղարկել դատարան՝ հրապարակային հայտարարությունների համար

Ամենաաղմկահարույց դեպքերից են ինչպես սոցիալական ցանցերում իշխող կուսակցության ներկայացուցիչներին վիրավորելու համար տուգանքները, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչներին վիրավորելու համար նշանակված տուգանքները։

Սակայն քննադատները նոր ստորաբաժանումը համարում են պետական գրաքննության հերթական գործիք։

Ընդդիմադիր պատգամավոր Գրիգոլ Գեգելիայի խոսքով՝ դրա նպատակն այնպիսի տպավորություն ստեղծելն է, թե ստորաբաժանումն աշխատում է անաչառ։

Վերջերս մի անձ տուգանվել էր Գեգելիային սոցիալական ցանցերում վիրավորելու համար, թեև ընդդիմադիր գործիչը որևէ բողոք չէր ներկայացրել։

Նախարարության տվյալներով՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները կազմվում են սոցիալական ցանցերի «մոնիթորինգի» հիման վրա։

Ոմանք այդ կառույցը ծաղրելով անվանում են «սքրոլի և սքրինշոթների բաժին»՝ պնդելով, որ դրա աշխատանքը հիմնականում սահմանափակվում է սոցիալական ցանցերում գրառումներն ու մեկնաբանությունները դիտելով և դրանց սքրինշոթներ անելով։

Վրաստանի դատարանները հանրային հայտարարությունների համար պատասխանատվության ենթարկելիս հիմնականում կիրառում են վարչական օրենսգրքի երկու հոդված՝ մանր խուլիգանությունը և պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձին վիրավորելը։

Վերջին դրույթը օրենսգրքում ավելացվել է միայն 2025-ի փետրվարին։

Հունիսի 22-ին ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեն հայտարարեց, որ նոր ստորաբաժանման ստեղծումից հետո հրապարակային վիրավորանքների դեպքերը նվազել են։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում