Ի՞նչ է թաքնված աղմկահարույց վերնագրերի հետևում․ «սունկ» կայքերի սոցիալական «սենսացիաները»

Ֆեյսբուքի հայկական տիրույթում հաճախ կարելի է հանդիպել սոցիալական նպաստների, թոշակների բարձրացման կամ արտակարգ պատահարների մասին աղմկահարույց գրառումների։ «Հայեր ջան, սեպտեմբերի 1-ից նպաստների չափը կփոխվի…», «Լավ լուր 65-ից բարձր տարիքի քաղաքացիների համար», «Հուլիսի 1-ից նոր նախագիծ. լավ տեղեկություն բոլոր թոշակառուների համար»․ այսպիսի վերնագրերով հրապարակումներ պարբերաբար տարածում են բազմահազար հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան էջերը։
Առաջին հայացքից դրանք ներկայացվում են որպես կարևոր սոցիալական նորություններ, սակայն հղման վրա սեղմելուց հետո օգտատերը հայտնվում է կամ թեմայի հետ կապ չունեցող բովանդակության, կամ հին նյութի էջում։
Ի՞նչ է բացվում հղումը սեղմելիս
Blogger ֆեյսբուքյան էջի՝ «Հայեր ջան, սեպտեմբերի 1-ից նպաստների չափը կփոխվի… վարչապետը նոր մանրամասներ հայտնեց» գրառման հղումը տանում է 1in.24newsarm[.]ru կայք։ Այստեղ հունիսի 30-ին հրապարակված լատինատառ՝ «Npastneri chapse kpoxvi» վերնագրի տակ բացվում է բոլորովին այլ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության մասին անգլերեն տեքստ։ Դրանում նշվում է, որ հունիսի 12-ին Ազգային ժողովի հանձնաժողովում տեղի կունենա ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքի քննարկում։
Այս անգլերեն տեքստին հաջորդում է Iravaban.net-ի հոդվածի էկրանապատկերը։ Հոդվածը հրապարակվել է հունիսի 29-ին, սակայն, ի հակադրություն Blogger-ի խոստացած «վարչապետի նոր մանրամասների», այն վերաբերում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման կարգի փոփոխության նախագծին, որը դեռ չի ընդունվել։
Նույն սխեման կիրառվել է նաև «Լավ լուր 65-ից բարձր տարիքի քաղաքացիների համար» գրառման դեպքում։ Վերնագիրը խոստանում է սոցիալական ոլորտին վերաբերող նոր տեղեկություն, սակայն հղման ներսում կրկին հանդիպում է թեմային չառնչվող անգլերեն տեքստ և ավելի վաղ հրապարակված հոդվածի էկրանապատկեր։

Ֆեյսբուքյան մի շարք էջեր հունիսի 30-ին տարածել են «Հուլիսի 1-ից նոր նախագիծ. լավ տեղեկություն բոլոր թոշակառուների համար» վերնագրով հրապարակումը։
Մեկնաբանությունում տեղադրված է 1in.tejlurer[.]site կայքի հղումն է։
Այս դեպքում կայքում բացվող նյութի վերնագիրը ռուսերեն է՝ «Новый проект с 1 июля», իսկ տեքստում կրկին հղում է արվում Iravaban.net-ին։ Սակայն այստեղ ևս օգտագործվել է ավելի վաղ հրապարակված հոդված․ այն Iravaban.net-ում տեղադրվել է մայիսի 5-ին և վերաբերում է «63 և բարձր տարիքի քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծին, որն ընդունվել է հունիսի 18-ին։

Նման էջերը նույն մեխանիզմը կիրառում են նաև այլ՝ ոչ սոցիալական թեմաների դեպքում։ Օրինակ՝ «Խուճապ և սարսափ… Ադրբեջանում 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել» վերտառությամբ գրառման դեպքում օգտատերը կրկին հայտնվում է էջում, որտեղ վերնագրից հետո տեղադրված է թեմային չառնչվող անգլերեն տեքստ, ապա՝ ամիսներ առաջ տեղի ունեցած երկրաշարժի մասին ռուսալեզու հոդվածի էկրանապատկեր։
Այս դեպքում ևս վերնագիրը, տեքստը և էջում ներկայացված նյութերը չեն համապատասխանում միմյանց։

Ինչո՞ւ են օգտագործվում նման վերնագրեր
#CivilNetCheck-ը պարբերաբար անդրադառնում է ֆեյսբուքյան կեղծ լրատվական էջերի տարածած մոլորեցնող հրապարակումներին։ Դրանք հաճախ կառուցվում են «խայծ-վերնագրերի»՝ clickbait-ի սկզբունքով սկզբունքով. օգտագործվում են մեծատառեր, տարբեր տառատեսակներ, զգացմունքային կամ չափազանցված ձևակերպումներ և հրատապության տպավորություն ստեղծող արտահայտություններ՝ «ԼԱՎ լուր», «Ուրախությանս չափ չկա», «Խուճապ և սարսափ»։
Տես՝ Ինչպես են «սունկ» կայքերն ու ֆեյսբուքյան էջերը կեղծ «կարևոր լուրերով» հավաքում դիտումներ
Սխեման սովորաբար նույնն է․ ֆեյսբուքում հրապարակվում է սենսացիոն կամ մոլորեցնող վերնագիր՝ կից հղումով, իսկ հղումը բացելիս օգտատերը հայտնվում է կասկածելի կայքում, որտեղ վերնագիրը, տեքստը և պատկերները հաճախ միմյանց չեն համապատասխանում։
Այսպիսի հարթակներում բովանդակությունը երկրորդական է․ հիմնական նպատակը կայքերի այցելությունների արհեստական աճն ու գովազդային եկամուտ ստանալն է։
Նելլի Լազարյան
CivilNetCheck










