ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին՝ թիրախավորելով հակաօդային պաշտպանության համակարգեր, ռադարային կայաններ։
Վաշինգտոնը հայտարարել է, որ գործողությունը պատասխանն էր Հորմուզի նեղուցում Կիպրոսի դրոշի ներքո նավարկող քաղաքացիական բեռնանավի թիրախավորմանը։
«Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել, հիմա հատուցման ժամանակն է»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
Թեհրանից պարզաբանել են, որ բեռնանավին հասցված նախազգուշական կրակոցից հետո են փակել նեղուցը, քանի որ նավը չհաստատված երթուղով էր ընթանում։
Իրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ ոչնչացրել է հրամանատարական կենտրոն, ինչպես նաև Հորդանանի «Արքայազն Հասան» ավիաբազայում ամերիկյան MQ-9 անօդաչուների համար նախատեսված անգարներ։
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև տարածաշրջանում ամերիկյան միջամտության ավարտը»՝ զգուշացնելով, որ ԱՄՆ-ի նոր ռազմական գործողությունների դեպքում կշարունակի թիրախավորել տարածաշրջանի «թշնամական ռազմաբազաները»։
--
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում էին սկսել Իրանի դեմ։ Դրան ի պատասխան Իրանը ևս հարվածներ էր հասցնում Իսրայելին ու տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին Իրանը հրադադարի համաձայնության էր հասել Միացյալ Նահանգների հետ: Սկսվել էին ակտիվ բանակցություններ։
Սակայն հունիսի 10-ին Իրանում իրավիճակը կրկին սրվեց այն բանից հետո, երբ Թրամփը Թեհրանին մեղադրեց բանակցությունները ձգձգելու մեջ և հրամայեց հարձակում սկսել:












