Telcell Wallet-ի անունից տարածվող կեղծ ակցիան ֆինանսական կորուստների է հանգեցրել

Սոցցանցերում հուլիսի 11-ից տարածվում են Telcell Wallet-ի անունից կեղծ գովազդներ, որոնցում պնդվում է, թե ընկերությունը Երևանի հասարակական տրանսպորտից մեկ ամիս անվճար օգտվելու ուղետոմսեր։
«Մեկ ամիս անվճար երթևեկություն «Telcell Wallet»-ի հետ։ Օգտվիր բացառիկ հնարավորությունից և մեկ ամբողջ ամիս վճարիր 0 դրամ հասարակական տրանսպորտի համար»,- նշվում է Telcellam անունով ֆեյսբուքյան էջում տարածվող գովազդներում։ Օգտատերերին հորդորում են «արագ հաստատել մասնակցությունը», քանի որ առաջարկը գործում է «սահմանափակ ժամանակով»։

Օգտատերերին առաջարկվում է անցնել գրառմանը կից՝ tel-cell.am/hy պաշտոնական դոմեյնին նմանակող telcell-am[.]online կայքի հղումով։ Այստեղ «անվճար բոնուսը» ստանալու համար պահանջվում է հաստատել Telcell Wallet-ի օգտատեր լինելը՝ մուտքագրելով հեռախոսահամարը և ստացված հաստատման (SMS) կոդը։

Ոստիկանության պաշտոնական զգուշացումը
Ոստիկանությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ սա զեղծարարություն է՝ հափշտակություն կատարելու նպատակով. «Կոդի տրամադրման արդյունքում հանցավորները հասանելիություն են ստանում «Telcell Wallet»-ի հաշվին, ինչից հետո հնարավորություն են ստանում հափշտակել ինչպես «Telcell Wallet» դրամապանակում առկա գումարները, այնպես էլ դրան կցված բանկային քարտերում առկա ֆինանսական միջոցները»։
Ոստիկանությունից #CivilNetCheck-ին հայտնել են, որ արդեն կան խաբեության հետևանքով ֆինանսական կորուստներ կրած քաղաքացիներ, որոնք դիմել են իրավապահ մարմիններին։
Կասկածելի էջի կեղծ ակցիաները
Telcellam ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն ոչ մի կապ չունի Telcell ընկերության պաշտոնական էջի հետ։ Այս էջն ունի ընդամենը 32 հետևորդ, ստեղծվել է 2021-ի հոկտեմբերին՝ վիետնամական «Phương Lễ» անունով, ապա 2026-ի հունիսի 13-ին վերանվանվել է Telcellam և հենց նույն օրը հրապարակել «անվճար տրանսպորտի քարտերի» մասին առաջին կեղծ գրառումը (որն այն ժամանակ հերքվել էր Telcell-ի կողմից)։ Մեկ ամիս անց էջը կրկնել է նույնատիպ կեղծ գրառումը։
Գովազդը միացված է եղել «Մետա»-ի բոլոր հարթակներում, այդ թվում՝ Ֆեյսբուքում և Ինստագրամում։
Հատկանշական է, որ «անվճար տրանսպորտային քարտերի» վերաբերյալ կեղծ ակցիաների տարածումը հայաստանյան սոցցանցերում հաճախ կիրառվող խայծ է: Նմանատիպ զեղծարարություններ նախկինում ևս արձանագրվել են. կեղծ էջերն ու գրառումները հանդես են եկել ոչ միայն էլեկտրոնային դրամապանակների, այլև Երևանի, Գյումրու և Վանաձորի համայնքապետարանների անունից, ինչին #CivilNetCheck-ն բազմիցս անդրադարձել է:
Տես՝ Կեղծ տրանսպորտային քարտեր՝ քաղաքապետարանի անունից
Այսպիսով, Telcell Wallet-ի անունից տարածվող «անվճար տրանսպորտի» ակցիան կեղծ է և նպատակ ունի հասանելիություն ստանալ օգտատերերի հաշիվներին ու գումարներին։
Փաստերի ստուգում
Նելլի Լազարյան
CivilNetCheck










