Ծառուկյանի փեսայի վարձակալած հողատարածքը վերադարձվել է պետությանը․ դատախազություն

Գագիկ Ծառուկյանի փեսային զրկել են Սևանի ափամերձ տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց, հողատարածքը վերադարձվել է պետությանը։ Հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
2026-ի հուլիսի 10-ին ուժը կորցրած է ճանաչվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսայի՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի վարձակալության իրավունքի պետական գրանցումը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 12 միլիոն 870 հազար դրամ։
Դատախազության փոխանցմամբ՝ ուսումնասիրությամբ պարզվել էր, որ 2005-ի օգոստոսի 12-ին օրենքի խախտմամբ կազմակերպվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող՝ հանգստի համար նախատեսված հողատարածքի վարձակալության մրցույթը, որի հաղթող է ճանաչվել Կարապետ Գուլոյանը։
Ըստ դատախազության՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2021-ի հունվարի 1-ից մինչև 2024-ի հուլիսի 29-ն ընկած ժամանակահատվածում չի հաշվարկվել և չի վճարվել շուրջ 2 մլն 432 հազար դրամ վարձավճար, ինչի առթիվ ներկայացվել է հանցանքի մասին հաղորդում։
Հունիսի 9-ին Դատախազությունից հայտնել էին, որ հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյան նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքը վնասելու համար։ Հունիսի 10-ին Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը՝ համակցված 20 մլն դրամ գրավով:
Հուլիսի 6-ին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց երկու ամսով։ Քննչական կոմիտեն հայտարարում է, որ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կազմակերպելու համար։ Նրա փաստաբանը, իր հերթին, պնդում է, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի, իսկ Ծառուկյանը պետք է ճանաչվեր տուժող, ոչ թե մեղադրյալ։










