Գլխավոր Լրահոս

Միայն կոդը բավարար չէ, ապրանքը պետք է փաստացի անցնի սահմանը․ Գրիգորյանը՝ Պապոյանին

Միայն կոդը բավարար չէ, ապրանքը պետք է փաստացի անցնի սահմանը․ Գրիգորյանը՝ Պապոյանին

Գևրոգ Թոսունյան

ԵՄ շուկա մուտք գործելու համար հայկական ձկնամթերքը պետք է հաղթահարի ոչ միայն որակի, այլև հետագծելիության խնդիրը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության նիստում զգուշացրեց, որ առանց ապրանքի շարժը վերահսկելու համակարգի՝ նույնիսկ որակյալ արտադրանքը կարող է դժվարությամբ հասնել եվրոպական սպառողին։

Հայաստանի հինգ ընկերություն արդեն պատրաստակամություն է հայտնել Եվրոպական միության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու և այժմ սպասում է համապատասխան որոշմանը։ Այդ մասին հուլիսի 16-ի կառավարության նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա կառավարության հաստատմանը ներկայացրեց երկու նախագիծ, որոնք վերաբերում են Հայաստանից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման նպատակով առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում տնտեսավարողների գրանցման, գրանցումը դադարեցնելու, առողջության սերտիֆիկատ տրամադրելու կարգին, ինչպես նաև տնտեսավարողներին ներկայացվող պահանջներին։

Պապոյանի խոսքով՝ որոշումների ընդունումից հետո այդ հինգ ընկերությունները կկարողանան սկսել արտահանումը։

«Հայաստանը Եվրոպական հանձնաժողովից պաշտոնապես ստացել է թույլտվություն՝ եվրոպական երկրներ սառեցված և վերամշակված ձուկ ու ձկնամթերք արտահանելու համար։ 2026-ին եվրոպական սննդի անվտանգության համակարգը ներկայացնող մարմինը Հայաստանին փոխանցել է անհրաժեշտ պահանջները։ Այդ ընթացքում մեծ աշխատանք է կատարվել, և այսօր ավարտում ենք այդ գործընթացը»,- ասաց նախարարը։

Պապոյանը նշեց, որ Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգի համաձայն՝ ԵՄ չափանիշներին համապատասխանող և համակարգում գրանցված տնտեսավարողները կարող են արտահանում իրականացնել։ Հայաստանում այդ գրանցումն իրականացնելու լիազորություն ունի միայն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ուստի անհրաժեշտ էր ենթաօրենսդրական ակտով կարգավորել գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատների տրամադրման ընթացակարգերը։

Նախարարը հավելեց, որ գրանցումից հետո տնտեսավարողները կստանան հատուկ կոդ, որը նրանց հնարավորություն կտա արտահանում իրականացնել։

Այս ձևակերպմանը, սակայն, առարկեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ կառավարությունը դեռևս չի լուծել ապրանքների ֆիզիկական հետագծելիության և կապարակնքման խնդիրը։

«Հիմնական խնդիրը մեր ապրանքների հետագծելիությունն է։ Եթե այդ կոդի տակ մաքսավորը չի տեսնում կապարակնիք, ապա նա իրավունք ունի ենթադրելու, որ այնտեղ ոչ թե ձուկ է, այլ, օրինակ, հավ։ Այս պայմաններում անորոշությունն աճում է, ինչը տնտեսվարողի համար լրացուցիչ ծախս է։ Մենք պետք է շատ արագ լուծենք այդ խնդիրը։ Կոդը ստանալուց հետո ապրանքը պետք է սահմանն անցնի ոչ թե միայն փաստաթղթերով, այլ նաև փաստացի»,- ասաց Գրիգորյանը։

Ի պատասխան՝ Պապոյանը նշեց, որ իր հիշատակած հինգ ընկերություններում հետագծելիության համակարգն արդեն ներդրված է։

«Հայաստանի ներսում հնարավոր է պարզել ամեն ինչ՝ սկսած այն բանից, թե որտեղից է ներկրվել կերը։ Սակայն այդ կապը կարող է կտրվել այն պահին, երբ ապրանքը բեռնվում է մեքենայի մեջ և արտահանվում»,- ասաց նախարարը։

Մհեր Գրիգորյանը ասաց, որ հենց այդ փուլում էլ առաջանում են խնդիրները։ Նրա խոսքով՝ երբ հետագծելիությունը խաթարվում է, այլ երկրների մաքսային մարմինները սկսում են լրացուցիչ ստուգումներ, ինչը ժամանակատար է, իսկ սննդամթերքի դեպքում յուրաքանչյուր ուշացում լրացուցիչ ծախս է և կարող է հանգեցնել ապրանքի փչացման։

«Ես հետևում եմ, թե ինչ է կատարվում՝ այդ թվում մրգի, բանջարեղենի, ծաղիկների արտահանման դեպքում։ Տեսնում եմ, որ կան ընկերություններ, որոնք ապահովում են բավական բարձր, այդ թվում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան որակ։ Պարզվում է՝ խնդիրը միայն որակը չէ, այլ նաև հետագծելիությունը։ Եթե որակյալ ապրանքի տեղաշարժը դանդաղում է, առաջանում է երկու խնդիր՝ ապրանքը փչանում է, և ժամանակի կորուստ է տեղի ունենում, ինչի հետևանքով մեր գինը դառնում է ոչ մրցունակ»,- ընդգծեց փոխվարչապետը։

Պապոյանը պատասխանեց, որ կառավարությունն այդ մեխանիզմը նույնպես պատկերացնում է և աշխատում է դրա ներդրման ուղղությամբ։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն էլ նշեց, որ գոյություն ունի հետագծելիության երկու բաղադրիչ՝ ֆիզիկական շարժի և փաստաթղթային։

«Փաստաթղթային հատվածի շուրջ ակտիվ բանակցում ենք ԵՄ-ի հետ։ Եվրոպական միությունում գործում է տարանցման թվային համակարգ, որին պետք է միանանք միջազգային համաձայնագրի միջոցով։ Այս պահին նախատեսվում է ստանալ դիտորդի կարգավիճակ, այնուհետև՝ լիարժեք անդամակցել։ Դա հնարավորություն կտա, որպեսզի ԵՄ ներմուծողներն ու մաքսային մարմինները նախապես տեղեկություն ունենան, թե ինչ ապրանք է Հայաստանից ուղարկվում Եվրոպա։ Իսկ ֆիզիկական շարժի հետագծելիության հարցը դեռ պետք է հստակեցվի»,- ասաց նա։

Ամփոփելով՝ Մհեր Գրիգորյանը կրկին ընդգծեց, որ առանց ապրանքի ամբողջական հետագծելիության ապահովման Հայաստանի արտահանողները դժվար թե կարողանան մրցունակ լինել եվրոպական շուկայում։

«Ստացվում է, որ արտահանողը ապահովում է ապրանքի որակը, սակայն թվային ենթակառուցվածքի բացակայության պատճառով չի կարողանում այն արդյունավետ արտահանել»,- եզրափակեց փոխվարչապետը։

Կարդացեք նաև՝ «Չենք քնում, պարտքերն աճում են». ձկնաբույծները դեռ շուկա են որոնում ռուսական արգելքից հետո

Հունիսի վերջին «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնեց, որ սահմանափակվում է Հայաստանից ձկան և ձկնամթերքի բոլոր մատակարարումները։ ՌԴ արտահանելու իրավունքից զրկվել են բոլոր այն ընկերությունները, որոնք գրանցված էին որպես մատակարարներ։

Ըստ «Ռոսսելխոզնադզոր»-ի՝ գերատեսչությունը դիմել է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ հունիսի 19-ից կասեցնել հայկական վերջին երկու ձեռնարկությունների կենդանի ձկան և ցանկացած վերամշակված ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը։ «Ռոսսելխոզնադզոր»-ի տարածքային մարմիններին և ՌԴ մաքսային ծառայությանն ուղարկված փաստաթղթով հանձնարարվել է վերահսկել և արգելել նշված ձեռնարկությունների արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն: 

Հունիսի 2-ից սահմանափակվել էին Հայաստանի բոլոր ձեռնարկություններից մատակարարումները, բացառությամբ հիշյալ երկու ընկերությունների։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում